Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրում որոշում կայացնելու համար


Սերժ Սարգսյանն այսօր իշխող Հանրապետականի անունից Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին առաջարկել է Հանրապետականի կողմից առաջադրվել որպես Հայաստանի նախագահի թեկնածու:

Ի պատասխան, Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել՝ վերջնական որոշում ընդունելու համար:

Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ գործող նախագահը կրկին խոսել է Հայաստանի 4-րդ նախագահի որակական հատկանիշների և չափանիշների մասին, շեշտելով ՝ ապագա նախագահը պետք է լինի քաղաքականապես պատրաստված, բայց ոչ քաղաքականացված:

«Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի միջև՝ լարվածությունը թուլացնելու նպատակով: Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանն արտերկրում, ճանաչի սփյուռքը և համախմբի աշխարհասփյուռ հայությանը։ Հաշվի առնելով Ձեր ունակությունները, որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, և սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը», - ասել է Սերժ Սարգսյանը։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը շեշտել է, թե ցանկանում են, որ մարտին խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահին ընտրի առաջին փուլով։

Նկատենք, ըստ նոր Սահմանադրության, նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է, որպեսզի 105 պատգամավորներից առնվազն 79-ը կողմ քվեարկեն: Հանրապետականը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն:

Ուստի Հանրապետականը նախագահի իր թեկնածուի հաղթանակն առաջին իսկ փուլի արդյունքով ապահովելու համար կփորձի առնվազն ստանալ նաև մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժի՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները: Եվ նաև այս հանգամանքը հաշվի առնելով Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել Արմեն Սարգսյանին որոշում կայացնելուց առաջ հանդիպել խորհրդարանական բոլոր ուժերին։

«Շատ ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: Եվ հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններին և տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետև այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Ի՞նչ եք կարծում այս առումով», - ասել է հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանն իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար, բայց նաև որոշ ժամանակ է խնդրել՝ վերջնական որոշում ընդունելու նպատակով:

Ի դեպ, թեև Սերժ Սարգսյանը կարևորում է, որ որոշում կայացնելուց առաջ Արմեն Սարգսյանը հանդիպի խորհրդարանական ուժերին, ինքը՝ Արմեն Սարգսյանը, խոսում է նաև արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ հանրության լայն շրջանակների հետ հանդիպման կարևորության մասին:

«Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»։

«Անշուշտ, ինձ հարմար շատ զարմանալի կլիներ, որ միանգամից ասեիք՝ այո», - պատասխանեց նախագահը։

Արմեն Սարգսյան, արխիվ
Արմեն Սարգսյան, արխիվ

Կենսագրական տվյալներ

Նշենք, որ 65-ամյա, մասնագիտությամբ ֆիզիկոս և մաթեմատիկոս Արմեն Սարգսյանը, եվրոպական տարբեր երկրներում որպես Հայաստանի դեսպան սկսել է աշխատել դեռևս 1991 թվականից։

Շատ կարճ ժամանակահատվածում՝ 1996-1997-ը՝ մոտ 4 ամիս զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը, ապա կրկին վերանշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան՝ 1998-99 թվականները, որից հետո արդեն Արմեն Սարգսյանն աշխատանքի է անցել մասնավոր ոլորտում, մասնավորապես, 2001-2013-ը եղել է British Petrolium, Alcatel, Telefonica և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու: Ապա 2013-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով, կրկին նշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, և առայսօր զբաղեցնում է այդ պաշտոնը:

Նախագահի լիազորություններ

Նկատենք, թեև նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, սակայն նա օժտված է սահամանափակ լիազորություններով:

Երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է: Նոր Սահմանադրությամբ, զինված ուժերի գերագույն հրամանատարը ոչ թե նախագահն է, այլ վարչապետը։ Վարչապետն է ղեկավարում Անվտանգության խորհուրդը: Զինված ուժերը նույնպես ոչ թե նախագահի, այլ կառավարության ենթակայության ներքո են: Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում նախագահը նույնպես չի կարող ընդունել, Կառավարության առաջարկությամբ, այդ իրավասությունը պատկանում է Ազգային ժողովին: Կառավարությունն է հայտարարում ռազմական դրություն և ուղերձով դիմում է ժողովրդին: Արտաքին քաղաքականությունը նույնպես Կառավարության ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է Կառավարությունը։

Հավելենք, որ հանրապետության նախագահը խորհրդարանի կողմից ընտրվում է 7 տարի ժամկետով, ընդ որում, նա պետք է վերջին 6 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և վերջին 6 տարվա ընթացքում բնակված լինի Հայաստանում։

Ուշագրավ է, որ նախագահին պաշտոնանկ անելու որոշում կարող է կայացնել Ազգային ժողովը՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

Նոր նախագահի լիազորություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից, երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կավարտի պաշտոնավարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG