«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որը պայքարում է տարկետումը պահպանելու համար, դեռ պետք է քննարկի այս նախագիծը՝ տեսակետ հայտնելու համար: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, թե Կառավարության որոշման այս նախագիծը դեռ շատ հարցերի պատասխաններ չունի, սահմանում է միայն ընդհանուր սկզբունքներ: Ուստի դեռևս հնարավոր չէ ասել, արդյո՞ք այն նախատեսում է իրական տարկետում ուսանողների համար, թե՞ դարձյալ վերաբերելու է մի քանի բացառությունների․ - «Չստացվի այնպես, որ հարցը լուծվեց, բայց հարցը լուծվեց այնպես, որ մի քանի հոգի կարողացան ստանալ տարկետում, բայց ավելի շատ մարդկանց համար այդ դռները փակվեցին․․․ Բայց այն, որ ինչ-որ պրոցես սկսվել է, դա լավ է»:
Նախորդ տարեվերջին ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որը փաստացի վերացնում է ակադեմիական տարկետումը՝ առաջարկելով բանակ չզորակոչել միայն այն ուսանողներին, ովքեր կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո ծառայել բանակում: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը սա համարեց լուրջ հարված գիտությանը, բողոքի ցույցեր ու դասադուլներ սկսեց օրինագծի դեմ, մի քանի ուսանող անգամ հացադուլ հայտարարեցին: Բողոքի ակցիաներից հետո Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց այս նոր նախագիծը:
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Կրթության և գիտության նախարարի կողմից ձևավորվելու է հանձնաժողով, որը պետք է եզրակացություն տա, թե ով է արժանի տարկետում ստանալ, իսկ ով՝ ոչ: Ապա այդ եզրակացության հիման վրա արդեն Կառավարությունը որոշում կկայացնի:
Հանձնաժողովը կազմված է լինելու առնվազն 11 հոգուց․ ընդգրկելու են Կրթության և գիտության, Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ:
Դավիթ Պետրոսյանն ասում է՝ շատ բան կախված է հանձնաժողովի կազմից և աշխատանքի թափանցիկությունից․ - «Այստեղ արդեն գալիս է ավելի գլոբալ հարց՝ քաղաքական ինստիտուտներին վստահության չափի մակարդակը: Մենք ունենք շատ փորձեր, որ շատ լավ օրենք ունենք․․․ հարցը նրանում է, թե ոնց է դա կիրառվելու»:
Թո որքանով են նշանակալի երիտասարդների ձեռքբերումները գիտության և կրթության բնագավառների զարգացման համար գերակա ճանաչված ոլորտներում, հաշվարկվելու է 100 բալանոց համակարգով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք կունենան առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:
Ըստ նախագծի, գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար կսահմանվեն
տարբեր բալային միավորներ, առաջնահերթությունը կտրվի արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին: Ձեռքբերում կհամարվեն տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները, հոդվածները գիտական ամսագրերում, մրցանակները, այդ թվում՝ Հանրապետության նախագահի կողմից սահմանված, հաղթանակները օլիմպիադաներում, ուսումնառության շրջանում միջին գնահատականը և հանձնաժողովի հետ հարցազրույցը:
Սա դեռ ընդհանուր բնութագիրն է․ բալային միավորների հաշվարկման մեթոդաբանությունը կսահմանվի հանձնաժողովի աշխատակարգում:
«Այս ամեն ինչը պետք է դրվի բաց հանրային քննարկման, այդ քննարկման նախաձեռնողը պետք է լինի հենց Կառավարությունը, որպեսզի շահառուները՝ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, թե՛ կրթության փորձագետները այդ ոլորտի քննարկմանը մասնակցեն, ամենալավ տարբերակը հնարավոր լինի այդ քննարկումներից հանել», - ասաց Պետրոսյանը:
Կրթության ոլորտի փորձագետ Անահւտ Բախշյանը նշեց, որ հանրության վստահությունը մեծ չէ տարատեսակ հանձնաժողովների նկատմամբ: Իրո՞ք կգործի տարկետումը շնորհալի ուսանողների համար, թե՞ ոչ․ պարզ կդառնա, երբ սահմանվեն չափանիշներն ու հայտնի դառնան հանձնաժողովի անդամները․ - «Ովքեր են լինելու, ինչքանով վստահելի մարդիկ են լինելու, և ում շահն են առաջ տանելու: Եթե իսկապես թափանցիկ աշխատի և ամեն մի որոշում երեք օրվա ժամկետում, ինչպես գրված է, դրվի կայքում, և մարդիկ իմանան՝ ով, ինչու, երբ և ինչ հիմնավորմամբ է տարկետում ստանում, գուցե վստահության պաշարը զրոյից բարձրանա: Բայց այսօր վստահությունը զրո է»: