Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին


ՀՀ ԱԳ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, արխիվ
ՀՀ ԱԳ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, արխիվ

Հունվարի 17-ին Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել համանախագահներին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և ընդգծել, որ ինչպես միշտ հայկական կողմը կառուցողական տրամադրվածությամբ է մասնակցում բոլոր հանդիպումներին։

Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է ուղիներ փնտրել բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների և եռանախագահների առաջարկությունների իրագործման ուղղությամբ, որոնք մասնավորապես վերաբերում են հակամարտության գոտում լարվածության թուլացմանը, 1994-95 թթ. եռակողմ զինադադարի անշեղ պահպանմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ապա հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: - «Բաքուն հաճախ է խոսում թե իբր շահագրռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից՝ փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով, առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են հանդիսանում, և դրանից մեկին նախապատվություն տալու փորձերը անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը», - շեշտել է նախարար Նալբանդյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է նաև, որ մշակութային ժառանգության պահպանման մասին վերջերս Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները կարող են միայն տարակուսանք հարուցել, քանի որ հենց Ադրբեջանն է տարիներ ի վեր հետևողականորեն ոչնչացնում հայկական հուշարձաններն ու կոթողները, միաժամանակ մերժելով Ջուղայում և այլ վայրերում միջազգային փաստահավաք առաքելությունների իրականացումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG