Մատչելիության հղումներ

Հաջորդ նախագահը պետք է լինի մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել․ Սերժ Սարգսյան


ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի համոզմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը կոնկրետ մարդու նկատի ուներ, երբ խոսում էր Հայաստանի 4-րդ նախագահի որակների մասին։

«Չի կարող պատահել, որ այդ պահին, երբ նա խոսում էր, նա գոնե իր պատկերացման մեջ նկատի չունենար ինչ-որ մեկ կամ մի քանի անձ», - նշեց Մարտիրոսյանը։

Կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելուց հետո գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ թեյախմության ժամանակ, կինոգետ Դավիթ Մուրադյանը հետաքրքրվել է, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի՞ն է պատկերացնում ապագա նախագահին։ Գործող նախագահը կարծիք է հայտնել, թե խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Ռադիկ Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի պատկերացման հետ ընդհանուր առմամբ համամիտ է։ 12 տարի ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնող Մարտիրոսյանն ավելացնում է ևս մեկ չափանիշ. - «Առաջին հերթին դա պետք է երիտասարդ մարդ լինի»։

Ռադիկ Մարտիրոսյանը կողմ է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի թեկնածությանը։ Մամուլում վերջերս ակտիվորեն քննարկվում է նրա հնարավոր թեկնածությունը նախագահի պաշտոնին։ Մարտիրոսյանը շեշտում է՝ Ղարաբաղի հարցից տեղյակ է, լեզուներ գիտի։

Մամուլում շրջանառվող մեկ այլ անվան՝ նախկինում վարչապետ, այժմ Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին ԳԱԱ նախագահն այսպես արտահայտվեց. - «Արմեն Սարգսյանին առավել ևս, որովհետև նա մեր գիտական շրջանակներից է իր քաղաքական գործունեությունը սկսել։ Ես կարծում եմ, որ շատ լավ թեկնածություն կլինի»։

Նախագահի հետ թեյախմությանը մասնակցած՝ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ի տարբերություն Ռադիկ Մարտիրոսյանի, հուսով է, որ Սերժ Սարգսյանը կոնկրետ մարդու մասին չէր խոսում, երբ բնութագրում էր իր պատկերացրած նախագահին. - «Ես կուզեի, որ նա կոնկրետ մարդու նկատի չունենար, կուզեի հավատալ, որ այս պայմանները, որ առաջ են քաշված, քաշված են իսկապես լայն քննարկում ստեղծելու համար, այլ ոչ թե դրա իմիտացիան, երբ որ կա կոնկրետ մարդ»։

Իշխող մեծամասնությանը Բաբայանն առաջարկում է լայն քննարկումներ կազմակերպել, լսել հանրության և այլախոհների կարծիքը. - «Որովհետև կարծում եմ՝ իրականում լայն կոնսենսուսի արդյունքում հայտնված անձնավորությունը կունենա շատ ավելի ամուր հենարան»։

Տիկնիկային թատրոնի ղեկավարը համամիտ չէ նախագահ Սարգսյանի այն ձևակերպման հետ, թե 4-րդ նախագահը պետք է երբեք քաղաքականությամբ զբաղված չլինի։ - «Մեր մոտ կա թյուր կարծիք, որ եթե դու քաղաքականության մեջ ես, դու անպայման վարկաբեկված ես։ Այդպես չէ։ Մարդուն վարկաբեկում է ոչ թե այն գործը, որով նա զբաղվում է, այլ այն որակը, որ նա տալիս է այդ գործին», - նշեց նա։

ԳԱԱ նախագահը նաև պատմեց՝ երկրի ղեկավարից հետաքրքրվել են նաև նրա ապագա գործունեության մասին։ Մարտիրոսյանն ասում է՝ պատասխանեց՝ դեռ չի որոշել։

Արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի նախագահի իր թեկնածուի հարցը կքննարկի այս հինգշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG