1 տարի առաջ ձևավորված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որի գումարների գերակշիռ մասը գոյացել է աշխատավարձերից գանձվող 1000 դրամ դրոշմանիշային վճարներից, այս պահին չի կարող գումար տրամադրել Ալբերտ Դալլաքյանի բուժման համար, «Ազատության» հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Հիշեցնեմ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրեր առաջ զինվորի բուժման համար դրամահավաքի կոչ արեց Ֆեյսբուքում։ Սարգսյանը նաև, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու այս հիմնադրամի միջոցներից չեն օգնում զինվորին, գրել էր՝ «այն տարածվում է միայն 2017թ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա»։
Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 4-րդ հոդվածում նշվում է․ - «Կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշում՝ «իր սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ) և ժամկետներում հատուցում վճարել նաև հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը»:
Ալբերտ Դալլաքյանը գլխից ծանր վիրավորվել է հիմնադրամի ձևավորումից առաջ՝ 2016-ի հունիսին։
Վարուժան Ավետիքյանը նշեց՝ հիմնադրամի խորհուրդը ունի իրավասություն անդրադառնալու 2017-ից առաջ տեղի ունեցած դեպքերին, նաև Ալբերտի դեպքին, եթե ունենա բավարար ֆինանսական կայունություն․ - «Եթե այդ իրավիճակը շարունակվի և ակտուարական ցույց տան, որ հիմնադրամն ունի բավարար ֆինանսական կայունություն, որ կարող է սպասարկել պարտքը ինչպես արդեն հատուցված դեպքերի, այնպես էլ հնարավոր նոր դեպքերի, ապա հիմնադրամի խորհուրդը այդ հաշվարկների հիմա վրա է միայն, որ կարող է այդ դատողությունը անել»:
Հիմնադրամի կայքէջի համաձայն, հավաքված է մոտ 6 միլիարդ դրամ գումար, որից հատուցվել է մոտ 4 միլիարդը: Ընդհանուր առմամբ, Հիմնադրամը մինչ օրս իրականացրել է 33 հատուցում, որոնցից՝ 27-ը զոհված զինծառայողների ընտանիքներին, 6-ը՝ մարտական հերթապահության ժամանակ վիրավորվածներին:
Ավետիքյանը նշեց, որ 20 տարի շարունակ պետությունը հիմնադրամի միջոցներով ամսական գումար է հատկացնելու թե՛ զոհվածների ընտանիքներին, թե՛ հաշմանդամ դարձած զինվորներին։ Նաև հավելեց՝ հիմնադրամի առաջին տարվա ֆինանսական գործունեության ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, այժմ հիմնադրամն անցնում է ֆինանսական աուդիտ, ինչից հետո կարող են ասել՝ կկարողանան վճարել սահմանված ժամկետից առաջ տեղի ունեցած դեպքերից տուժածներին, թե՝ ոչ։ - «Այդ քննարկումները տեղի են ունենում, բայց այստեղ հարցը շատ ավելի արդիական էր, այժմեական էր, հրատապ լուծում էր պահանջում, կար համապատասխան կոչը GoFundMe կայքում․ Պաշտպանության նախարարությունը չէր սկսել այդ դրամահավաքը, և հարցը կար՝ արագ աջակցել այդ զինծառայողին», - մանրամասնեց նա:
Զինծառայողների ապահովագրության հոգաբարձուների խորհուրդը, որի որոշմամբ կարող էին նաև գումար հատկացնել Ալբերտ Դալլաքյանին, ղեկավարում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Վերջինս, սակայն, զինվորի շտապ վիրահատության համար պահանջվող 45,000 դոլարը որոշեց ոչ թե միլիարդներ պարունակող այս հիմնադրամից հատկացնել, այլ դիմել հանրության օգնությանը։ Նրա կոչից երկու օր առաջ էր ամերիկաբնակ Թագուհի Օհանյանը www.gofundme.com էջում դրամահավաք նախաձեռնել, որտեղ էլ իր և ընկերների անունից հանգանականությունը կատարեց Վիգեն Սարգսյանը՝ հատկացնելով ավելի քան 6000 դոլար։ Gofundme.com էջում Ալբերտ Դալլաքյանի բուժման համար պահանջվող 45 հազար դոլարից մոտ 36 հազարն արդեն հավաքվել է: Բարդ վիրահատության կարիք ունեցող զինվոր Ալբերտ Դալլաքյանի մայրը՝ Արմինե Ղազարյանն ասաց, որ արդեն գրանցվել են գերմանական կլինիկայում և սպասում են գումարը հավաքվի, որ մեկնեն Գերմանիա: - «Կլինիկայի հետ արդեն չորս ամիս է՝ պայմանավորվածություն կա», - պատմեց նա:
Վիգեն Սարգսյանն իր հայտնի կոչում նշել էր, որ ինքն է զինվորի ընտանիքին խորհուրդ տվել դրամահավաք նախաձեռնել։ Հաջորդ օրն արդեն Ֆեյսբուքի իր էջում նախարարը գրեց, որ Փարիզից իր ընկեր Ռայմոնդ Եզեկուլյանը 10,000 դոլար է փոխանցելու զինվորի բուժման համար։ Այս գումարի մասին www.gofundme.com-ում առայժմ որևէ տեղեկություն չկա։ Եթե նախարարի ընկերը ևս փոխանցում կատարի, ապա պահանջվող 45.000 դոլարը կհավաքվի։ www.gofundme.com-ում այս դրամահավաքը նախաձեռնած Թագուհի Օհանյանյանն ասաց, որ հանգանականողների ցանկում Եզեկուլյանի մասին տեղեկություն դեռ չկա։
Պաշտպանության նախարարի այս կոչը միանշանակ չընկալվեց հանրության կողմից։ Շատերը քննադատեցին նրան՝ հիշեցնելով նրա նախագահությամբ գործող հիմնադրամի մասին։
«Բանակն իրականում նախաձեռնության» անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ պետությունը Ալբերտ Դալլաքյանի համար պահանջվող գումարը պետք է հատկացներ հիմնադրամից, հատկապես որ օրենքը թույլ է տալիս, մինչդեռ Վիգեն Սարգսյանն ու իր թիմը որոշեցին այս անգամ էլ դիմել հանրությանը՝ այդպիսով կասկածի տակ դնելով իրենց կառավարման լրջությունը։ - «Այդ դեպքում ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը հենց նախարարի տեսքով պատասխանատվությունը դնում հանրության վրա, որպեսզի հանրությունը փորձի օգնել և վերականգնել այդ զինվորի առողջությունը, որը խլել է հենց բանակը: Որովհետև դա այդ կառույցում տեղի ունեցող հարաբերությունների արդյունք է և այդ կառույցի հանցագործությունն է», - մեկնաբանում է իրավապաշտպանը:
20-ամյա Ալբերտ Դալլաքյանը, հիշեցնենք վիրավորվել է բանակում դեռ 2016թ-ին։ Ըստ քրեական գործի, մարտական դիրքի գետնատնակում դասակի հրամանատարը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով սեղմել է զենքի ձգանը և գլխից վիրավորել գետնատնակում գտնվող Ալբերտին։ Գործն այժմ գտնվում է դատարանում։ Մեղադրանքն է առաջադրվել լեյտենանտին՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար։