Մատչելիության հղումներ

Մխիթարյանը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը


Հենրիխ Մխիթարյանը պահանջում է բարձրացնել, գրեթե կրկնապատկել աշխատավարձը՝ «Մանչեսթր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելու համար՝ պնդում են բրիտանական լրատվամիջոցները: Ըստ այդ հաղորդումների, հայաստանցի կիսապաշտպանը, ով «Յունայթեդում» այժմ ստանում է շաբաթական մոտ 150,000 ֆունտ, պայման է դրել՝ Լոնդոն կգնա, եթե իրեն վճարեն ճիշտ այնքան, որքան «Արսենալն» առաջարկել է չիլիացի Ալեքսիս Սանչեսին՝ շաբաթական 300,000 ֆունտ:

«Եթե այս գործարքը կայանա, Մխիթարյանը կդառնա Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, չնայած դժվարություններ ունի մարզավիճակի հետ՝ խաղաշրջանի մեկնարկից ի վեր և կորցնում է իր տեղը Մոուրինյոյի կողքին», - գրում է բրիտանական «Մետրո» պարբերականը:

«Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան, սակայն, վստահ է՝ Մխիթարյանը արժանի է նման վարձատրության», - շարունակում է թեման բրիտանական «Միրրորը»՝ մեջբերելով վերջինիս խոսքերը. - «Սա փայլուն առաջարկ է «Արսենալի» համար, նրանք երիտասարդ խաղացողների կարիք ունեն և պետք է այս ուղղությամբ ներդրումներ անեն»։

«Մանչեսթրն» ու «Արսենալը» առայժմ պաշտոնապես չեն հաստատում, բայց և չեն հերքում այս տեղեկությունները: Բրիտանական մամուլը, սակայն, հաղորդում է՝ Ռայոլան հունվարի սկզբին մեկնել է Լոնդոն՝ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության պայմանները քննարկելու համար:

Հայտնի ֆուտբոլային գործակալը, որ Մխիթարյանից բացի ներկայացնում է մի շարք այլ աստղերի, այդ թվում՝ Պոգբային, Լուկակուին ու Իբրահիմովիչին, նախօրեին որոշ մանրամասներ է բացահայտել «Թայմի» հետ զրույցում: - «Ամեն ինչ հիմա կախված է Մխիթարյանից, որոշողը նա է, և նա կընտրի իր համար լավագույն տարբերակը», - ասել է Ռայոլան, ընդգծելով՝ այդ Սանչեսի հնարավոր տեղափոխությունն է կախված Մխիթարյանից, ոչ թե հակառակը: - «Եթե Հենրիխը համաձայնություն չտա, Սանչեսը չի կարող «Մանչեսթրին» միանալ»:

Ինքը՝ 28-ամյա Մխիթարյանը, առայժմ որևէ բառ չի ասել իր առաջիկա ծրագրերի ու նախասիրությունների մասին, սակայն, փաստ է, որ մոտ 10 տարի առաջ՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում, նա բացահայտ ասել էր, թե երազում է «Արսենալում» խաղալ:

«Իմ նախասիրած թիմն «Արսենալն» է, ինձ դուր է գալիս նրանց հարձակողական խաղն ու արագ ոճը, բացի այդ, թիմի մարզիչը՝ Արսեն Վենգերը, հավատում է երիտասարդ ֆուտբոլիստներին՝ միաժամանակ նրանցից պահանջելով արդյունք ապահովել: Ինձ դա դուր է գալիս, և ես կուզեի երբևէ «Արսենալում» հայտնվել», - դեռևս 2009-ին ասել էր Մխիթարյանը:

Մարզական մեկնաբաններից շատերն են համոզված՝ այսօր էլ նա ամենայն հավանականությամբ, կընդունի «Արսենալի» առաջարկը:

«Մի մոռացեք՝ Մխիթարյանը իսկապես բացառիկ էր խաղաշրջանի սկզբում, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջին ամիսներին լավագույնների ցանկում չէ», - ասել է «Յունայթեդի» հայտնի աստղերից մեկը՝ նախկին հարձակվող Դուայթ Յորքը, ընդգծելով՝ Մխիթարյանը «Արսենալի» խաղաոճի ֆուտոլիստ է, և նոր սկիզբը «Արսենալում» կարող է վճռորոշ լինել նրա հետագա առաջընթացի համար»:

Բացի այդ, հաղորդվում է, որ «Արսենալն» այժմ ցանկանում է գնել նաև Պիեր Էմերիկ Օբամեյանգին, ում հետ Մխիթարյանը ժամանակին խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»: Երկրպագուներից շատերն են հիշում՝ ինչպես էին այս երկուսը արդյունավետ համագործակցում Բունդեսլիգայում. 2016-ին՝ խաղերից մեկում, երբ Օբամեյանգը հերթական գոլն էր խփել Մխիթարյանի փոխանցումից հետո, երկուսն այնքան էին ոգևորվել, որ սկսել էին պարել հենց մարզադաշտում: Այսօր այս տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում, երկրպագուներն էլ զգուշացնում են՝ երբ նրանք կրկին միանան, դա կդառնա իսկական գլխացավանք:

Ի դեպ, հաղորդվում է, որ այսօր Մխիթարյանը մեկնել է Քարինգտոն, ուր «Մանչեսթրը» մարզումներ է անցկացրել: Երկրպագուների հրապարակած լուսանկարները փաստում են՝ նա մտել է մարզադաշտ, «Մանչեսթրի» պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարներում , սակայն, երևում են Հերրեան, Պոգբան, Յանգն ու մյուսները, սակայն Մխիթարյանը չկա, ինչը շատերին է հիմք տվել ենթադրելու՝ նա, թերևս, Քարինգտոն էր գնացել խաղընկերներին հրաժեշտ տալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG