Հիշեցնենք, որ Գրապալատը Մշակույթի նախարարի որոշմամբ դադարեցրեց գործունեությունը՝ միավորվելով Ազգային գրադարանին: Այն ժամանակ մտավախություն կար կապված Գրապալատի ֆոնդի, Գրապալատի աշխատակիցների ճակատագրի հետ․ արդյո՞ք մի մասը չի կորցնի աշխատատեղը:
Սակայն Ազգային գրադարանի տնօրենն այսօր հավաստիացրեց․ - «Բոլոր հավաքածուները տեղափոխվեցին, աշխատակիցներից ոչ մեկը դուրս չմնաց, բոլորին ընդունեցինք: Բոլորը շարունակում են աշխատել: Այսինքն, այն գործառույթները, որ Գրապալատը կատարում էր, Ազգային գրադարանը շարունակում է այդ բոլոր գործառույթները: Հատուկ տարածք հատկացրեցինք: Ազգային անձեռնմխելի հավաքածու․ էդպիսի հասկացություն կա: Պայմանները շատ լավ են, կա ջեռուցում: Նկուղային հարկում է գտնվում, այսինքն բնական աղետներից ինչ-որ ձևով պաշտպանված տարածք է: Ինչ որ ստանում ենք հրատարակիչներից, պարտադիր մեկ օրինակը գնում է այնտեղ և պահ է տրվում ապագա սերունդներին, մատենագետին: Այդ օրինակները չեն սպասարկվելու»:
Անցած տարի Ազգային գրադարանում բացվեց Հայ գրատպության թանգարանը, որը ներկայացնում է հայ գրի ու գրատպության անցած ողջ ուղին: Ամբողջ տարվա ընթացքում շարունակվել են մատենագիտական ու թվայնացման աշխատանքները ոչ միայն այստեղ Հայաստանում, այլև արտերկրի հայկական կարևորագույն գաղթօջախներում՝ Երուսաղեմում, Պոլսում և այլուր:
Ընդհանուր առմամբ Ազգային գրադարանում գրանցված է 31785 ընթերցող: Միայն անցյալ տարի 3000-ից ավելի ընթերցող է գրանցվել, որոնց մեծ մասը երիտասարդներ են, ուսանողներ: Տարվա ընթացքում աճել է ընթերցողների հաճախելիության թիվը՝ հասնելով 250 հազարի:
Ազգային գրադարանը, տնօրենի փոխանցմամբ, լուրջ համագործակցություն է սկսել աշխարհի տարբեր գրադարանների հետ մատենագիտության և թվայնացման ոլորտում:
Նպատակ ունեն ստեղծել համահայկական թվային գրադարան․ - «Մենք ունենք ակտիվ գաղթօջախներ, որտեղ լավ գրադարանավարներ ունենք: Պատրաստ ենք իրենց թվայնացման սարքեր տրամադրել, նաև, ենթադրենք՝ Պոլսի պատրիարքությանը, Երուսաղեմի պատրիարքությանը, Վիեննա, Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություններին, որպեսզի իրենք այնտեղ բացակա նյութերը թվայնացնեն, ուղարկեն մեզ: Մենք տեղում այդ նյութերը կմշակենք և, համացանցում տեղադրելով, հասանելի կդարձնենք բոլորին»:
Ուշագրավ է, որ Հայաստանի ազգային գրադարանը շատ լուրջ համագործակցություն է սկսել Ստամբուլի ամենամեծ՝ Աթաթուրքի անվան գրադարանի հետ, որը, ինչպես պատմում էր Տիգրան Զարգարյանը, չի փակում դռները ընթերցողների առաջ․ - «24 ժամ 7 օր աշխատում է գրադարանը, չի փակվում: Քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երիտասարդներով լի է, որովհետև ուսանողներ են հիմնականում գալիս: Շատ հաճելի տպավորություն թողեց: Բայց մեր համար շահեկանն այն էր, որ մեր երկու մատենագետ հոկտեմբերին այցելեցին Աթաթուրքի գրադարան՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում, հայատառ հավաքածուների կեսը ստուգեցին, գտան 57 գիրք, որոնք մեր հայ մատենագիտական ցանկերից ոչ մեկում ներառված չեն եղել․․․ Օտյան կար այնտեղ: Զարմանալի է, Օտյանի գործեր գտանք, որոնց մասին Օտյանի մատենագիտություններում չկա: Հայերեն հավաքածուների կեսն են հասցրել ստուգել: Հիմա հույս ունենք, որ նորից մեր մատենագետները կգնան, հաջորդ կեսը կստուգեն»:
«Ազատության» հարցին, թե Ազգային գրադարանի տարեցտարի չլուծվող հիմնախնդիրներից որը կառանձնացնի, Տիգրան Զարգարյանը պատասխանեց․ - «Ամենամեծ հիմնախնդիրը նոր մասնաշենք կառուցելն է գրադարանի համար գրադարանի ներսի տարածքում: Թամանյանական մասնաշենքը շքեղ մասնաշենք է, ճարտարապետական գեղեցիկ կառույց է, բայց 21-րդ դարի գրադարան չի կարող լինել»:
Զարգարյանը նաև ասաց, որ դժգոհություն չունի գրադարանի ֆոնդերի համալրման առումով․ - «Մենք «Ամազոն»-ից բավականին մեծ քանակի գնումներ ենք անում, էլեկտրոնային աճուրդներից կարողանում ենք գնումներ անել: Հաճախ օգտագործվող գրքեր, արժեքավոր գրքեր ձեռք ենք բերում, չենք խեղճանում»: