Հայաստանում քաղաքական ազատություններն ավելի սահմանափակ են, քան քաղաքացիական ազատությունները՝ այս մասին «Ազատությունն աշխարհում - 2018» զեկույցում եզրահանգել է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։
«Քաղաքական ազատությունների ոչ այնքան մխիթարող գնահատականի վրա իրենց ազդեցությունն են ունեցել 2017-ի ընտրությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Աննա Փամբուխչյանը։
Փորձագետի փոխանցմամբ, միջազգային կազմակերպությունը քաղաքական ազատությունը գնահատում է 3 սկզբունքով՝ Կառավարության աշխատանքով, քաղաքական բազմակարծությամբ ու ընտրական պրոցեսներով: Իսկ վերջին համապետական ընտրությունները, ըստ փորձագետի, անցել են խախտումներով ու չարաշահումներով․ - «Անցած տարի ուղղակի ընտրական գործընթացները քանի որ շատ կարևոր են եղել, ես մտածում եմ, որ դրա վրա ավելի շատ ուշադրություն են դարձրել: Ընտրակեղծիքները, բնականաբար, տեսնում են, դիտարկում են, հետևում են էդ ամեն ինչին, և դա ազդեցություն թողնում է Հայաստանի ցուցանիշի վրա»:
Քաղհասարակության ներկայացուցչի խոսքով՝ Freedom House-ն այս անգամ առանձին անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացին․ զեկույցում արձանագրվում է, որ իշխող կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով դիմել է ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների, ընտրողներին ահաբեկելու միջոցների և վարչական ռեսուրսի չարաշահման։ Ավելին՝ զեկույցում արձանագրվում է, որ՝ «աչք զարնող ընտրախախտումները հակասում են Հայաստանի ձգտմանը՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, որի հետ 2017-ի նոյեմբերին ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»։
«Զեկույցի համառոտագրում կար հղում Հայաստանում և Ղրղըզստանում ընտրությունների անցկացմանը, և այն, որ Ղրղըզստանը և Հայաստանը որոշակի ավտորիտար տենդենցներ են ձեռք բերում, ու դա տեսանելի էր ընտրությունների ընթացքում: Հետևությունները իրականում պիտի արվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Մինչև օրս հետևություններ չենք տեսնում, որ արված լինեն»:
Քաղաքական գործընթացների համար Հայաստանն առաջին տարի չէ, որ արժանանում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության քննադատությանը՝ նշում է փորձագետը։
Երևանի մամուլի ակումբի նախագահն էլ նկատում է՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները նախորդներից շատ չէին տարբերվում, սակայն դրանք ավելի կարևորվեցին՝ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունները։ Բորիս Նավասարդյանը համամիտ է Freedom House-ի գնահատականների հետ՝ նշելով՝ առաջին անգամ Հայաստանը ստացել էր այդչափ մեծ միջազգային աջակցություն, բայց չկարողացավ ապահովել ակնկալվող բարձր որակը։
«Ես կարծում եմ, որ և՛ օրենսդրական մակարդակով Հայաստանում տեղի չունեցավ այն կոնսենսուսը, որին սպասում էին բոլոր միջազգային կառույցները, թե ինչպիսի տեսք պիտի ունենա ընտրական օրենսգիրքը, և բնականաբար այդ տարածքային ցուցակները ջնջեցին այն դրական զարգացումը, որը կարող էր ունենալ համամասնական ընտրակարգին անցնելը: Փաստորեն մենք ունեցանք աղավաղված մաժորիտար ընտրությունների տեսակ», - «Ազատության» հետ զրույցում նշեց ԵՄԱ նախագահը:
Ըստ զեկույցի՝ մամուլի առումով Հայաստանը շարունակում է մնալ «ոչ ազատ» երկրների շարքում, սա անփոփոխ է արդեն մի քանի տարի։ Սակայն իրավապաշտպան կազմակերպությունը որոշել է, որ համացանցի առումով «ազատ երկրների» ցանկից Հայաստանը այս տարի պետք է տեղափոխվի «մասամբ ազատների» շարք։ Նոյեմբերին հրապարակված «Ազատությունն ինտերնետում 2017» զեկույցում անկման պատճառների թվում նշվում են 2016-ի հուլիսին՝ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին` ինտերնետային հեռարձակմամբ զբաղված լրագրողների դեմ հարձակումները և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կարճատև արգելափակումը, ինչպես նաև 2017-ի ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Թվիթեր» ցանցում հայաստանյան քաղաքացիական հասարակության հասցեին կեղծ տեղեկատվության տարածումն ու մի շարք վստահելի «Թվիթեր» օգտատերերի հաշվեհամարների արգելափակումը:
ԽԱՊԿ֊ն ամփոփեց 2017֊ին խոսքի ազատության վիճակը
Ու քանի դեռ Freedom House-ն ամփոփում է առանձին երկրների զեկույցները, որտեղ կներկայացվեն նահանջի պատճառները, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակում է սեփական ուսումնասիրության արդյունքները։
Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ 2017-ը լարված տարի էր։ Խորհրդարանական, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 11 դեպք, տարատեսակ ճնշումների՝ 113, և տեղեկություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտման 62 դեպք։
«Այդ խայտառակ մթնոլորտում, երբ քաղաքական ուժը պատրաստ էր լայնածավալ փող բաժանելուն, իսկ աղքատ ընտրողը պատրաստ էր վերցնելուն, միակ խոչընդոտը տվողի և վերցնողի միջև դա լրագրողն էր փաստորեն: Եվ տեսնում ենք, որ այդ խոչընդոտը լիկվիդացնելու համար տարատեսակ անթույլատրելի իրավախախտումների էին դիմում», - այսօր զեկույցի հրապարակման առիթով հրավիրած ասուլիսում նշեց Մելիքյանը:
Մելիքյանը նաև շեշտում է՝ այն իրավախախտումները, որոնք եղան լրագրողների նկատմամբ, իրենց արժանի գնահատականը չստացան։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի գնահատմամբ՝ իշխանությունը հետամուտ չեղավ մեղավորների պատասխանատվության ենթարկելու, իսկ այն քրեական գործերը որոնք հարուցվեցին, նրա ձևական բնույթ ունեին։