Ամենայն հավանականությամբ մարտի 2-ին խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Վերջինիս փոխանցմամբ, հաշվի առնելով սահմանադրական ժամկետները, համաձայն որի, նոր նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, ապա նպատակահարմար են գտել նախագահի ընտրությունն անցկացնել մարտի 2-ին: Մինչ այդ հանրապետականները պետք է առաջադրեն նախագահի իրենց թեկնածուին:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Հանրապետականի (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հարցը Հանրապետականը կքննարկի այս հինգշաբթի կայանալիք Գործադիր մարմնի նիստում։ Սակայն, ըստ ՀՀԿ խոսնակի, դա չի նշանակում, որ վաղը կայանալիք նիստում միանգամից վերջնական որոշում կունենան:
Շարմազանովի փոխանցմամբ, երբ որոշեն, թե ով է լինելու նախագահի թեկնածուն, դրանից հետո արդեն քննարկումներ կսկսեն կոալիցիոն գործընկեր ՀՅ Դաշնակցության, միգուցե նաև ընդդիմադիր գործընկերների հետ:
«Ազատություն». - Հնարավոր համարո՞ւմ եք, որպեսզի նաև փորձեք ստանալ ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների սատարումն այս հարցի շուրջ։
Շարմազանով. - Համենայն դեպս մենք չենք պլանավորում արհամարհել մեր հարգելի գործընկերների կարծիքները։ Պարոն նախագահն էլ մեր հանդիպման ժամանակ նշեց, որ սա այն հարցն է, որտեղ ավելի լայն համախմբումը և համաձայնությունը շատ կարևոր է, ոչ թե մեզ համար կոնկրետ, որպես կուսակցություն և քաղաքական ուժ, այլ, նախևառաջ, պետության համար։
«Ազատություն». - Հաշվի առնելով, որ «Ելք»-ն ունի իր նախագահի թեկնածուն, դժվար է կարծել, թե նրանք կսատարեն ձեր թեկնածուին։ Իսկ ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցությանը, հնարավոր համարո՞ւմ եք, որ նրանք սատարեն իշխող Հանրապետականի նախագահի թեկնածուին։
Շարմազանով. - Նախ, մենք մի հատ պետք է որոշենք, թե ով է մեր նախագահի թեկնածուն, երբ կորոշենք, թե ով է մեր նախագահի թեկնածուն, այն ժամանակ արդեն միգուցե սկսենք քննարկել նաև մեր այլ քործընկերների հետ։
«Ազատություն». - Արդեն կա՞ն հնարավոր թեկնածուներ որոնցից պետք է ընտրություն կատարեք, պարոն Շարմազանով։
Շարմազանով. - Իհարկե, մտքում կան թեկնածուներ։ Այնպես չէ, որ օդից պետք է թեկնածուները հայտնվեն։
Ի դեպ, փոփոխված Սահմանադրության համաձայն, նախագահի թեկնածու կարող է լինել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով՝ խորհրդարանի կողմից, պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդով, այսինքն՝ 105-ից առնվազն 79-ը կողմ պետք է քվեարկի։
Հանրապետականը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն: Ուստի Հանրապետականը նախագահի իր թեկնածուին առաջին իսկ փուլով ընտրելու համար կփորձի ստանալ նաև իր մեծությամբ խորհրդարանում երկրորդ ուժի՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքն առայժմ չի հստակեցնում՝ կսատարի՞ Հանրապետականի նախագահի թեկնածուին, թե՞՝ ոչ, ամեն դեպքում Ծառուկյանը երեկ խորհրդարանում հայտարարեց. - «Ամեն ինչ հնարավոր է, նայած թե էսօր մենք չգիտենք, թե թեկնածուն ով է»։
Եթե, իհարկե, Հանրապետականին չհաջողվի համոզել Գագիկ Ծառուկյանին՝ սատարել նախագահի իրենց թեկնածուին, ապա Սահմանադրությունը նախատեսում է նաև ընտրության 2-րդ և 3-րդ փուլեր, որի ժամանակ արդեն Հանրապետականը Դաշնակցության հետ ունեցած ձայներով անարգել կընտրի նախագահի իր թեկնածուին: Մասնավորապես՝ 2-րդ փուլով անհրաժեշտ է ընդամենը 63 պատգամավորի ձայն, 3-րդ փուլում՝ ավելի պակաս՝ 53 ձայն։
Առայժմ Հանրապետականները չեն բարձրաձայնում, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն: Փոխարենը երեկ մտավորականների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյան խոսեց նախագահի թեկնածուի չափանիշների մասին: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանի 4-րդ նախագահը պետք է ճանաչում ունենա երկրի ներսում և երկրից դուրս, տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և, որ ամենակարևորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:
Իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասում է, թե իհարկե իրենց մտքում ունեն թեկնածուի անունը, բայց այդ մասին կխոսեն ավելի ուշ:
Թվարկելով՝ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված չափանիշները, Գալուստ Սահակյանը ևս մեկն է ավելացնում՝ նախագահի թեկնածուն նաև պետք է լինի մարդ, որին ժողովրդի մեծ մասը կընդունի:
Սահակյան. - Բոլորս էլ մեր մտքում ունենք, բայց այսօր ոչինչ չենք ասում, որովհետև պետք է քննարկենք, վերջացնենք նոր ասենք:
«Ազատություն». - Այսինքն՝ կան թեկնածուներ, որոնցից պետք է ընտրի՞ Հանրապետականը։
Սահակյան. - Իհարկե, այդպես չի լինում, որ թեկնածու ընտրելուց մեկ մարդ լինի, քննարկման արդյունքներում կերևա։
«Ազատություն». - Հնարավորություն կլինի՞, որպեսզի նաև ընդդիմադիր խմբակցությունները կողմ քվեարկեն։
Սահակյան. - Իհարկե, ես, օրինակի համար, կարևորում եմ, որ ամբողջ խորհրդարանը կողմ քվեարկի և դա լինի միասնական որոշում, և շատ լավ կլինի, որ բոլորը միանան և միասին քվեարկեն։
«Ազատություն». - Մի քանի անունները կտա՞ք, պարոն Սահակյան, որոնք կարող էին լինել նախագահի թեկնածու։
Սահակյան. - Ո՛չ, ոչ։
Մինչ Հանրապետականը կհայտարարի իր թեկնածուի անունը, մամուլն արդեն նախագահի պաշտոնում ակտիվորեն սկսել է շրջանառել նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անունը:
Նշենք, որ 65-ամյա, մասնագիտությամբ ֆիզիկոս և մաթեմատիկոս Արմեն Սարգսյանը, եվրոպական տարբեր երկրներում որպես Հայաստանի դեսպան սկսել է աշխատել դեռևս 1991 թվականից։
Շատ կարճ ժամանակահատվածում՝ 1996-1997-ը՝ մոտ 4 ամիս զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը, ապա կրկին վերանշանակվել է Միացյալ Թագավարությունում Հայաստանի դեսպան՝ 1998-99 թվականները, որից հետ արդեն Արմեն Սարգսյանը աշխատանքի է անցել մասնավոր ոլորտում, մասնավորապես, 2001-2013-ը եղել է British Petrolium, Alcatel, Telefonica և այլ միջազգային ընկերությունների ավագ խորհրդատու: Ապա 2013-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով կրկին նշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան:
Հստակ չէ` արդյո՞ք Արմեն Սարգսյանը բավարարում է Սահմանադրությամբ նախատեսված վերջին վեց տարվա Հայաստանի մշտական բնակության պահանջը։