Մատչելիության հղումներ

Առաջարկվում է բարձրացնել խաղատների այցելուների տարիքային շեմը


Խորհրդարանը միանգամից երկու օրենսդրական նախաձեռնությամբ անդրադարձել է խաղատներում և համացանցում շահումով խաղերի, տոտալիզատորների եւ վիճակախաղերի կազմակերպմանը:

Հանրապետականի ներկայացրած օրինագիծը, որին միացել են պատգամավորներ մյուս երեք խմբակցություններից, առաջարկում է բարձրացնել վիճակախաղերին և տոտալիզատորներին մասնակցելու համար նախատեսված տարիքային շեմը:

Գործող օրենքը երկու տարիքային շեմ է սահմանում՝ 21 տարեկանը խաղատներ այցելելու համար, և 18 տարեկանը՝ վիճակախաղերին մասնակցելու, այդ թվում՝ տոտալիզատորներում խաղադրույք կատարելու համար:

Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ Ազգային ժողով ներկայացված նախագիծն առաջարկում է տոտալիզատորներում խաղադրույք կատարելն ու վիճակախաղերին մասնակցելը ևս սահմանափակել մինչև 21 տարեկանների համար:

«Որը հնարավորություն կտա 18-21 տարեկան բոլոր այն երիտասարդները, որոնք դեռ կա՛մ ուսանում են, կա՛մ դեռ սեփական եկամուտները չունեն, աշխատանք չունեն և այլն, ձեռնպահ մնալ օրենքով այս հնարավոր մոլուցքով տարվելուց», - փաստարկեց Ֆարմանյանը:

Բացի այդ, նախագիծն առաջարկում է զգալիորեն խստացնել այն տուգանքները, որ գործում են օրինախախտ կազմակերպությունների համար: Այժմ տուգանքները 100 - 200 հազար դրամ են կազմում յուրաքանչյուր խախտման համար:

Նախագիծը առաջարկում է օրինազանցներից միլիոններ գանձել, իսկ օրենքի պահանջը մի քանի անգամ անտեսածներին զրկել լիցենզիայից․ - «100 հազար դրամ տուգանքը փոխարինում ենք 2 միլիոն դրամ տուգանքով՝ եթե այդ խախտումը տեղի է ունենում առաջին անգամ: Մեկ տարվա ընթացքում եթե այդ խախտումը կրկնվում է երկրորդ անգամ, այսինքն այդ ընկերությունը խախտման դեպքը արձանագրելուց և տուգանքը նշանակելուց հետո չի վերափոխում իր վարքագիծը, կիրառվում է տուգանք 5 միլիոն դրամի չափով: Եթե երրորդ անգամ է կրկնվում խախտումը, ապա կիրառվում է տուգանք 10 միլիոն դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ կրկնվելու դեպքում, կասեցվում է, դադարեցվում է, զրկվում է լիցենզիայից այդ ընկերությունը»:

Ըստ Ֆինանսների նախարարության վիճակագրության, Հայաստանում երեք ընկերություն ինտերնետային խաղեր է կազմակերպում, 4 ընկերություն խաղատնային բիզնեսով է զբաղվում, 5 ընկերություն վիճակախաղեր է կազմակերպում: Վիճակախաղերի մեջ են մտնում ոչ միայն տարատեսակ լոտոները, այլև տոտալիզատրները, որոնք բավական լայն ցանց ունեն Հայաստանի տարածքում: Սակայն, ինչպես նշեց Սամվել Ֆարմանյանը, այդ նույն վիճակագրության համաձայն, վերջին երեք տարիների ընթացքում՝ միայն մեկ տուգանք է եղել՝ 100 հազար դրամի չափով․ - «Բոլորիս համար ակնհայտ է, որ 2014-2017 թվականների ընթացքում հազիվ թե մեկ դեպք տեղի ունեցած լինի, երբ 18 տարին չլրացած քաղաքացին կատարել է խաղադրույք տարատեսակ այդ տոտալիզատորներում կամ այցելել է խաղատուն»:

Թեև օրենքով որոշ սահմանափակումներ գործում են, սակայն դրանց վերահսկողությունը թույլ է: Այսօր ներկայացված մեկ ուրիշ օրինագծով «Ելք» խմբակցությունն առաջարկում է ուժեղացնել վերահսկողությունն այս ոլորտում: Ներկայումս թեև գործում են տարիքային սահմանափակումներ տոտալիզատորներ և խաղատներ այցելելու համար, սակայն խաղատները պարտավորություն չունեն ստուգել տարածք մուտք գործողների տարիքը: «Ելք»-ն առաջարկում է նախ խաղատներին պարտավորեցնել հսկել այս կետի կատարումը, ու նաև խաղատուն չթողնել դատարանի որոշմամբ սահմանափակ գործունակ ճանաչվածներին:

«Մենք նախատեսում ենք այստեղ հստակ ընթացակարգ, որ առաջին հերթին մուտք գործող անձի փաստաթուղթը ստուգվելու է այսուհետ, և պետք է ստուգվի, թե արդյոք նրա 21 տարին լրացել է: Երկրորդ հանգամանքը վերաբերում է դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչվելուն: Եթե անձը վճռով սահմանափակ գործունակ է ճանաչվել, լիազոր մարմինը, այսինքն այստեղ՝ Ֆինանսների նախարարությունը, նշված տվյալների բազան պետք է վարի, և նույնպես այս անձանց մուտքը խաղատներ արգելվի», - ասաց «Ելք»-ի պատգամավորներից Էդմոն Մարուքյանը։

Օրենքի սահմանափակումները խախտելու դեպքում, բացի տուգանքից, նախագիծն առաջարկում է չեղարկել գործարքը․ - «Եթե, պատկերացնենք, քաղաքացին այնուամենայնիվ հայտնվել է խաղատանը և նորից գումարներ է տանուլ տալիս, ապա այդ գործարքը՝ այդ խաղադրույքը և տանուլ տալը, կամ եթե նա շահել է, անվավեր է, առ ոչինչ է»:

Խնդրահարույց է նաև փողոցներում տեղադրված սարքերի միջոցով կատարվող խաղադրույքների վերահսկողությունը: Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան») հարցրեց, թե ինչպես է դա վերահսկվելու․ - «Երեխան ոտքի վրա հազիվ թաթերի վրա կանգնում է․․․ ի՞նչ 18 տարեկան, 12-13 տարեկան, թաթերի վրա կանգնում է, որ էդտեղ խաղադրույք կատարի»:

Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն ասաց, որ Կառավարությունը ներկայացրել է օրինագծեր, որոնցով առաջարկվում է փողոցում տեղադրված ավտոմատները ևս շահումով խաղ դիտարկել և սահմանաձակել դրանց տեղադրումը քաղաքներում: Այս նախագծերը, սակայն, դեռ Ազգային ժողովում չեն քննարկվել:

Ստուգող մարմինը Ֆինանսների նախարարության լիցենավորման պահանջների հսկողության տեսչություն է, որը միայն 9 աշխատող ունի, ստուգումներն էլ անցկացվում են ըստ նախապես հաստատված պլանի: Ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում արդյունավետ վերահսկել ոլորտը:

Հանրապեատկան պատգամավոր Արման Սաղաթելյանը հարցին, թե արդյոք լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նախարարությունը կհարուցի վարչական վարույթ, Կարեն Թամազյանը պատասխանեց․ - «Կկարողանանք հարուցել վարչական վարույթ և վարչական վարույթի ընթացքում ճշտել»:

Օրինագծերը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվեն վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG