Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի համար «անփոխարինելի մարդ գոյություն չունի»


Այսօր «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ի պատասխան հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն անփոխարինելի գործիչ է, հայտարարեց․ - «Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի»:

Հիշեցմանը, որ ՀՀԿ-ից տեսակետ է հնչում, թե անվտանգության, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Ծառուկյանն արձագանքեց․ - «Անփոխարինելի մարդ գոյություն չունի: Այդ հարցերը տվեք Հանրապետական կուսակցությանը: Խորհրդարանական ընտրության ժամանակ մեր ժողովուրդը լիարժեք 55 տոկոս ձայն տվել է Հանրապետական կուսակցությանը, [ուստի] իրենք որոշելու են, իրենք ներկայացնելու են [վարչապետի թեկնածուին]»:

Հարցին, թե որպես վարչապետի թեկնածու ով է ավելի նախընտրելի՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը, Ծառուկյանն պատասխանեց, թե թող ՀՀԿ-ն ներկայացնի իր թեկնածուին, իրենք կքննարկեն ու կհայտնեն իրենց տեսակետը. - «Երբ որ իրենք համապատասխան թեկնածուն կառաջարկեն, մենք մեր խմբակցությունով կքննարկենք և մեր տեսակետը կասենք»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը իրենց ուժի համար ընդունելի թեկնածու է, Ծառուկյանն արձագանքեց․ - «Ես նորից եմ ասում՝ երբ որ Հանրապետական կուսակցությունը իր թեկնածուին կառաջադրի, մենք դրա մասին մեր կարծիքը կասենք»:

Առաջիկա ուրբաթ օրը ընդդիմադիր «Ելք» դաշինքը թանկացումների և հարկային բեռի ավելացման դեմ երթ կանցկացնի։ Ծառուկյանը նույնպես կարծում է, որ անհրաժեշտ են Հարկային օրենսգրքի փոփոխություններ, եկամտահարկի նվազեցում: Բայց փողոց դուրս գալու մասին նա այսօր չխոսեց՝ կարևորելով խորհրդարանական քննարկումները:

Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կանցկացվեն լսումներ՝ նաև գնաճը մեղմելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

Լսումների գաղափարը անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանն էր հնչեցրել: Ընդամենը երկու օր անց Ազգայի ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց դրա իրականացման մասին։

«Ուրեմն դուք ոնց եք մտածում․ եթե էսօր Ծառուկյանը հայտարարում ա, մեր ընտրողները դուրս են գալի փողոց, հարցի լուծումը ո՞րն ա․․․ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք: Քանի որ երկրի նախագահը հանձնարարել է, որ խորհրդարանում քննարկեն այդ հարցը, ամեն մի խմբակցություն, ամեն մի կուսակցություն իր տեսակետը, մոտեցումը պետք է ասի: Տեսնենք ինչ են որոշում, քանի որ արդեն այդ մասին երկրի նախագահը հանձնարարել ա, որ խորհրդարանում այդ հարցը քննարկվի», - ասաց Ծառուկյանը:

Խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ «Ծառուկյան» խմբակցությունը չի աջակցի 9 հոգանոց «Ելք»-ին նախագահի թեկնածու առաջադրելու հարցում։

Անցած տարվա դեկտեմբերին «Ելք»-ը հայտարարեց, թե մտադիր է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին: Դիմել էին «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար: Նշենք, որ նախագահի թեկնածուին պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ: Փոփոխված Սահմանադրությամբ հաջորդ նախագահին ընտրելու է Ազգային ժողովը։

Այսօր Ծառուկյանը պարզաբանեց, թե ինչու չաջակցեցին «Ելք»-ին․ - «Եթե մենք և «Ելք»-ը իրար հետ վերցված, դա ասենք թե չի կազմում այն ցուցանիշը, որ կարողանանք մենք հաղթել, ինչի՞ համար մասնակցենք»:

Ընդ որում, Ծառուկյանը չբացառեց, որ իր գլխավորած խմբակցությունը կարող է աջակցել նաև իշխող Հանրապետականի առաջադրած թեկնածուին․ - «Ամեն ինչ հնարավոր ա: Մենք էսօր չգիտենք, թե թեկնածուն ով ա: Եթե այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը որոշելու, ներկայացնելու, ընտրելու՝ առանց մեզ և առանց «Ելք»-ի»:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն այսօր անդրադարձավ նաև Կառավարության աշխատանքի վերաբերյալ իրենց հնչեցրած քննադատությանը: Ասաց, որ անձնական խնդիր չունեն, մարդկանց կողքին են կանգնում:

Հարցին՝ արդյունավե՞տ եք համարում վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը, Գագիկ Ծառուկյանն արձագանգքեց․ - «Էդ հարցին դուք պատասխանեք, դուք ձեր վրա զգացեք՝ անցյալ տարի՞ էիր դու լավ ապրում, թե՞ այս տարի: Եվ կարող ես դուրս գալ փողոց և ցանկացած մարդու, դա կլինի ուսանող, ծառայող, թոշակառու, այդ հարցը տուր: Եթե ինքը դրական կտա, ուրեմն քո հարցի պատասխանը լիարժեք կստանաս»:

Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, Ազգային ժողովի խորհրդի անդամներից բացի, անցած շաբաթ նաև Գագիկ Ծառուկյանը մասնակցեց, թեև այդ խորհրդի անդամ չէ:

Հարցին, թե ինչու էր գնացել, Ծառուկյանը պատասխանեց․ - «Սերժ Սարգսյանը հրավիրել էր կուսակցության, խմբակցության ղեկավարներին և հանձնաժողովի նախագահներին, որը համապատասխան ինքը ներկայացրել էր, ասել էր, և Հանրապետականը իր տեսակետն ա ասել, Դաշնակցությունը՝ իր տեսակետը, «Բարգավաճ Հայաստանն» էլ իր տեսակետն ա ասել»:

Լրագրողների հարցին, թե ինչու է հազվադեպ գալիս խորհրդարան, Ծառուկյանը պատասխանեց․ - «Ծառուկյանը գործով է զբաղվում»։

Վերջին անգամ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան էր եկել անցած տարվա սեպտեմբերին։

Մեծահարուստ պատգամավորին այսօր զայրացրեց բացակայությունների մասին հարցը․ - «Պատգամավորների 90 տոկոսը գալիս են, անմիջապես վազելով ներկա ստանում են, մի ժամ հետո, գիտեք, խորհրդարանը դատարկ է, մարդ չկա, 5-6 հոգի նստած լինեն թե չէ: Ծառուկյանը գործով է զբաղվում: Ծառուկյանի միայն կատարած գործը մեկ ամիս առաջ, որ Եվրախորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում ա, որևիցե խորհրդարանի պատգամավոր իրա ամբողջ կյանքում այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել: Էլ չեմ ասում Անգլիան, մյուսը, մյուսը»:

Լրագրողներից մեկը, այդուհանդերձ, շարունակեց թեման՝ հարցնելով, թե ինչ փաստաթղթեր է ներկայացրել Ծառուկյանը, որ իր 157 բացակայություններից 121-ը Ազգային ժողովի աշխատակազմը հարգելի է համարել:

Ծառուկյանի արձագանքը․ - «Համապատասխան․․․ Աչիկ ջան, հիմա որ դու նայում ես Ծառուկյանի աշխատանքը որպես մարդ տարբեր ոլորտներում, դրակա՞ն ես գնահատում, թե՞ բացասական»:

Երբ լրագրողը պատասխանեց, թե ինքը չի կարող գնահատել նրա աշխատանքը, Ծառուկյանն ասաց․ - «Հիմնական քու պատճառով ա, որ երկիրը այս օրին ա: Մարդկանց ոչ ճիշտ տեղեկություններ եք տալիս, պատվերներ եք կատարում: Դուք ապրում եք այս երկրում, ձեր երեխաները այս երկրում են ապրելու: Պետք է մարդու գործը գնահատեք, ոչ թե դեմագոգիայով զբաղվեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG