Այսօր ժամը 6:04 ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Kia Sorento մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու վթարի հանգամանքները:
«2018 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառ գետը: Ավտոմեքենայի վարորդ Ռ. Գալստյանը վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ուղևոր Ա. Տեր-Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց», - նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: