Մատչելիության հղումներ

«Վիգեն Սարգսյանին պետք է ուղարկել «Հայաստան» հիմնադրամ՝ աշխատելու». ընդդիմադիրները քննադատում են պաշտպանության նախարարին


«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պետք է ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ աշխատելու, քանի որ ինչ հարց առաջանում է, նա միանգամից փող է հավաքում», - այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ քննադատելով պաշտպանության նախարարի դրամահավաքի կոչը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ օրը ֆեյսբուքյան իր էջում Վիգեն Սարգսյանը գրառում էր կատարել՝ կոչ անելով վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում բուժելու համար հավաքել 45 հազար դոլար։

«Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այն հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկերներ կտրամադրենք պահանջվող գումարի՝ 45 հազար դոլարի 10-ը տոկոսը», - պարզաբանել էր Վիգեն Սարգսյանը՝ կոչ անելով բոլորին միանալ դրամահավաքին:

Վիգեն Սարգսյան, արխիվ
Վիգեն Սարգսյան, արխիվ

Արամ Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Ճիշտ կլինի, որ Վիգեն Սարգսյանին նշանակեն «Հայաստան» հիմնադրամում, էդ մարդը գնա, իր գործով զբաղվի։ Իսկապես ցանկացած հարց, ինչ առաջանում է ՊՆ-ում, Վիգեն Սարգսյանն առաջարկում է փող հավաքել, ինչը, միանշանակ, պաշտպանության նախարարի գործառույթ չէ, էդ խնդիրներն այդպես չեն լուծում, էդ խնդիրները լուծման պետական ճանապարհներ ունեն, և պաշտպանության նախարարը երկու ոտքը մի կոշիկ դրած պետք է սեղմեր, որ էդ պետական ճանապարհները հնարավորինս բացվեին Պաշտպանության նախարարության համար, ոչ թե դիմեր ժողովրդին։ Էդ «Հայաստան» հիմնադրամի ֆունկցիա է։ Գործող նախագահը թող ուղարկի էդ մարդուն էնտեղ, էդ մարդն էլ էնտեղ իրեն լավ կզգա, մի՞գուցե այնտեղ իր աշխատանքն ավել լավ ստացվի»։

Հարցին, թե պաշտպանության նախարարին հարի՞ր չէր նման առաջարկով հանդես գալը, նախկին վարչապետը պատասխանեց. - «Իհարկե, դա ակնհայտ է»։

Նշենք, որ Վիգեն Սարգսյանի այս գրառումը սուր քննադատության արժանացավ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, շատերը անթույլատրելի համարեցին պաշտպանության նախարարի այսօրինակ դրամահավաքը՝ հիշեցնելով, որ զինվորների բուժօգնության համար հատուկ ֆոնդ է բացվել, և աշխատող քաղաքացիներից ամսական 1000 դրամ է գանձվում:

Բացի այդ, ոմանք հակադարձում էին, թե քաղաքացիներից հերթական անգամ գումար հավաքելու փոխարեն պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կարող են կրճատել իրենց շռայլ ծախսերը և թանկարժեք մեքենաներ ու բնակարաններ ձեռք բերելու փոխարեն այդ գումարներն ուղղեն վիրավոր զինծառայողների բուժմանը։

Ի դեպ, նկատենք, Վիգեն Սարգսյանը քննարկման ընթացքում հեռացնում էր սուր, երբեմն նաև վիրավորական գրառումները՝ արգելափակելով նաև որոշ օգտատերերի մուտքը իր ֆեյսբուքայն էջ:

Մի դեպքում էլ պաշտպանության նախարարն ինքն էր պատասխանել վիրավորանքով՝ օգտատերերից մեկին անվանելով «բոշա»:

Ի պատասխան հնչող քննադատություններին, թե քաղաքացիներից փող հավաքելը պաշտպանության նախարարի լիազորությունների մեջ չի մտնում, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե նորմալ է, երբ Վիգեն Սարգսյանը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս:

Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

​«Պարոն նախարարն արել է շատ դրական քայլ։ Պետք է նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հնարավորություն է տալիս մեր միջոցներով Հայաստանի Հանրապետությունում մեր հարգելի զինվորի բուժզննումը և վիրահատությունն իրականացնել, սակայն՝ հաշվի առնելով նրա ծնողների ցանկությունը, որոշվել է այդ վիրահատությունն իրականացնել արտերկրում, և շատ նորմալ է, երբ որ պաշտպանության նախարարը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Հիմա դա ընկալման խնդիր է, մեկը կարող է համաձայնել, մեկը՝ չէ։ Ես այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում, առավել՝ կարծում եմ, որ պաշտպանության նախարարը հանդես եկավ որպես նորմալ, սրտացավ մարդ։ Այսինքն՝ այնպես չէ, որ պաշտպանության նախարարությունն իր ձեռքերը լվացել է», - ասաց Հանրապետականի խոսնակը։

Հարցին, թե Պաշտպանության նախարարությունը բարեգործակա՞ն կազմակերպություն է, պաշտպանության նախարարը պե՞տք է բարեգործությամբ զբաղվի, Շարմազանովը պատասխանեց. - «Պաշտպանության նախարարությունն, իր լիազորությունների շրջանում, պատրաստ էր օժանդակել, և քանի որ նրա ծնողները համամիտ չեն եղել, հիմա նախարարն առաջարկել է։ Պրոբլեմ չեմ տեսնում այստեղ»։

Այսօր ավելի ուշ հրավիրած ասուլիսում խնդրին անդրադարձավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանի քայլը որակելով տարօրինակ:

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Ըստ Փաշինյանի, եթե փող հավաքելով զբաղվեին հասարակական կազմակերպությունները, կամ ակտիվիստները, ապա դա հասկանալի կլիներ, քանի որ նրանք չունեն նման գումարներ: Մինչդեռ, այս դեպքում դրամահավաքությամբ զբաղվում է Կառավարության անդամ պաշտպանության նախարարը, թեև օրենքով փող հավաքելու բոլոր լծակները Կառավարությունն այսօր ունի։

«Պատկերացրեք վաղն էլ Սերժ Սարգսյանը Ֆեյսբուքում գրի, որ «ժողովուրդ ջան, եկեք փող հավաքենք, 80-ականների զենքերի տեղը 90-ականների զենք ա պետք»։ Ասենք, մեկ էլ պաշտպանության նախարարը դրամահավաք սկսի` զինվորների համար սապոգներ առնելու հարցով։ Կարծում եմ՝ առնվազն պատեհ չի», - ասաց Փաշինյանը։

Ընդդիմադիր գործիչը նաև աընդունելի որակեց ֆեյսբուքում ծավալված քննարկման ընթացքում Վիգեն Սարգսյանի կողմից օգտատերերի հասցեին արված վիրավորական գնահատականները՝ մտահոգիչ համարելով պաշտպանության նախարարի «իմպուլսիվ» պահվածքը:

«Վիգեն Սարգսյանը Բաղրամյան 26-ում լուռ կարգավիճակում աշխատելով՝ զսպաված, հավասարակշռված, խելամիտ մարդու իմիջ էր ստեղծել, չգիտեմ ինքն էր ստեղծել, թե իր համար էին ստեղծել, բայց վերջին մեկ տարվա ընթացքում տեսանք, որ ամենևին էլ այդպես չէ, և դա մտահոգիչ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գործ ունենք պաշտպանության նախարարի հետ, այսինքն՝ իմպուլսիվ այդպես տանը նստես, էսպիսի բան գրես, չգիտեմ, տարօրինակ է », - ասաց Փաշինյանը։

Վիգեն Սարգսյանին ուղղված քննադատությունների ալիքն իր վրա փորձեց վերցնել Հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ հորդորելով նախարարին քննադատելու փոխարեն օգնել, աջակցել նրան՝ շեշտելով առաջիկա 7 տարիների պաշտպանության նախարար է լինելու Վիգեն Սարգսյանը:

Սեյրան Սարոյան, արխիվ
Սեյրան Սարոյան, արխիվ

«Մեր ժողովուրդը, որ իրա պաշտպանության նախարարին «բոշա» անվանի, էդ եղավ երկի՞ր, բանա՞կ։ Արեք բանակին հարգենք, հարյուր անգամ ասել եմ, խնդրել եմ ձեզի, թողեք տենանք, նոր նշանակված նախարար՝ մի տարի չկա, յոթ տարվա ծրագիր ա գրել, որ պիտի ասենք մեր բանակը զորացնի, չէ՞, փոխանակ սաղս օգնենք, հիմա ընգել ենք էս տղու հետևից, էնքան կանենք մինչև զզվի էդ մարդը, չաշխատի։ Լավ, պաշտպանության նախարարից չենք վախում, կաթողիկոսից չենք վախում, գոնե Աստծուց վախենանք, տենց չի կարելի։ Վիգեն Սարգսյան յոթ տարի պաշտպանության նախարարն ա, արդեն մարդը ծրագիր գրե, նստե վրեն», - ասաց Սարոյանը։

XS
SM
MD
LG