Մատչելիության հղումներ

Փաշինյանը դեմ է «հանրությանը զբոսանքների տանելու տրամաբանությանը»


«Եթե Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեր պահանջը պաշտպանեն, ես կարող եմ երաշխավորել, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ տեղի կունենան», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը հունվարի 19-ին երթ է հրավիրել՝ ընդդեմ թանկացումների։

«Այն պահին, երբ Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարտահայտվեն այս պահանջի օգտին, մենք ի՞նչ ենք անելու, մենք այդ ժողովրդի հետ գալու ենք Ազգային ժողով և այդ ժողովրդի անունից առաջարկելու ենք, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը, նաև մյուս ուժերը՝ բոլորովս հրապարակային պարտավորություն ստանձնենք, որ մենք առաջիկայում շատ արագ ձևով Հարկային օրենսգրքում կանենք այնպիսի փոփոխություններ, որոնք թանկացումները կկասեցնեն», - ասաց Փաշինյանը։

Սոցցանցերում քննադատություններ են հնչում, թե ժամանակին Փաշինյանը երթերն անվանում էր «զբոսանք Երևանում», հայտարարում էր, որ «մարդկանց պարտության չի տանի»։

Այսօր լրագրողների հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ երթն էլ չի դառնա հերթական զբոսանքը Երևանում, Փաշինյանը պատասխանեց՝ հանրությանը զբոսանքների տանելու տրամաբանությանը դեմ է։

«Ես միշտ իմ ելույթներում ասել եմ, որ քաղաքականության մեջ երաշխիքներ չեն կարող լինել։ Տվյալ դեպքում, ես կարող եմ երաշխավոր, որ եթե Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեր պահանջը պաշտպանեն, ես կարող եմ երաշխավորել, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունները տեղի կունենան», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տարեսկզբից մոտ 40 դրամով թանկացել է բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքի գինը 390-ից հասել է 440 դրամի։ Բացի այդ, 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները, այս ամսվանից արդեն մոտ 2 տոկոսով քիչ կվարձատրվեն՝ եկամտահարկի դրույքաչափերի բարձրացման պատճառով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG