Մատչելիության հղումներ

Հեղինակային իրավունքի խախտումները Հայաստանում «անչափ շատ» են, իրավապահներին դիմումները՝ «անչափ քիչ»


Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարության, արխիվ
Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարության, արխիվ

Օրերս համացանցում հայտնված «Սուպեր մամա 2» ֆիլմն ապօրինաբար ներբեռնողները հայտնաբերված չեն։ Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրեցին՝ ֆիլմի հեղինակներից դիմում չի ստացվել։ Ոստիկանության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավար, փորձագետ Արթուր Վարդերեսյանի խոսքով՝ իրավապահները հարցով կարող են զբաղվել միայն եթե ֆիլմն արտադրողները բողոք ներկայացնեն։

«Իրավաբանական տերմինով՝ մասնավոր հետապնդման գործ էր, և նա պարտադիր պետք է դիմի, որպեսզի իր դիմումի հիման վրա հարուցվի քրեական գործ», - ասում է Վարդերեսյանը:

Հանրության քննարկման առարկա դարձած միջադեպին, սակայն, ֆիլմի հեղինակներն արձագանքել են միայն սոցկայքում կատարած գրառմամբ։ Պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը նշել է, որ ֆիլմը գողացել են, և հեղինակները պայքարում են այն համացանցից հեռացնելու համար։ Օրեր շարունակ «Ազատության» զանգերին չպատասխանած հեղինակներից այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե պատրաստվո՞ւմ են արդյոք դիմել իրավապահներին՝ տեսահեններին հայտնաբերելու և պատժելու պահանջով։

Հայաստանյան օրենսդրության համաձայն՝ խախտված հեղինակային իրավունքները վերականգնելու համար տուժողը կարող է դիմել ոստիկանություն կամ քաղաքացիական հայցով անմիջապես դատարան։ Օրինախախտին սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, «որը չի գործում ընդհանրապես, ես չեմ հիշում, որ լինի դեպք քրեական հոդվածի», - ասում է «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

Ներսիսյանը բողոքում է մտավոր սեփականությունը պաշտպանելուն կոչված օրենսդրությունը չկիրառելուց։ Նրա հավաստմամբ՝ հեղինակները խուսափում են իրավապահներին դիմելուց:

«Ես ցավում եմ, որ դատական մեր հայցերը շատ քիչ են, վճիռները ի օգուտ հեղինակային իրավունքի, ցավում եմ, որ ևս քիչ են, և համամիտ եմ հեղինակների հետ, որ «ինչո՞ւ տամ դատարան, եթե դատարանը տարիներով պիտի ձգի իմ խնդիրը», - նշում է «Հայհեղինակ» կազմակերպության ղեկավարը:

Սուսաննա Ներսիսյանի փոխանցմամբ՝ հեղինակային իրավունքի վերականգնման պահանջով դատարան դիմելու մտադրության մասին նախորդ տարի իրենց ընդամենը հինգ կազմակերպություն է հայտնել։

Մինչդեռ փորձագետները փաստում են՝ հեղինակային իրավունքը Հայաստանում ամեն օր են խախտում։ «Խախտումները՝ անչափ շատ, դիմումները՝ անչափ քիչ», - շեշտում է Ներսիսյանը:

Միայն իրենց գործակալության հեղինակային իրավունքների խախտման մի քանի տասնյակ դեպքեր է մատնանշում «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը։

«Կան լրատվական՝ էսպես կոչված լրատվական, կայքեր, կամ թեկուզ հենց լույս տեսնող թերթեր, որոնք անմիջապես, չգիտեմ՝ ինչ ճանապարհով, անմիջապես ձեռք են բերում մեր արտադրանքը և օգտագործում են դա առանց որևիցե թույլտվություն ունենալու: Հետաքրքրվում ես՝ իրենք բացատրում են, թե Ֆեյսբուքից են վերցրել, թե Ինտերնետից են վերցրել, բայց, միևնույն է, դա էլ չի թույլատրվում», - ասում է Բաղդասարյանը:

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի համաձայն՝ տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին:

«Ֆոտոլուր»-ի տնօրենի համոզմամբ՝ լուսանկարի դեպքում անգամ հղումով հրապարակելն անընդունելի է․ - «Լուսանկարի դեպքում հղում կատարելը մի քիչ աբսուրդ է, լուսանկարի ինչ-որ մի հատվա՞ծը պիտի օգտագործեն՝ մնացածը հղում անեն, էնպես որ՝ լուսանկարը օգտագործվում է ամբողջությամբ, և դա բավականին ազդում է մեր եկամուտների վրա»:

Լրատվամիջոցի արտադրանքն առանց դրա հեղինակների թույլտվության օգտագործելը Մելիք Բաղդասարյանը գողություն է համարում․ - «Սա գողություն է: Մեկը մի հատ բնակարանային գողություն որ անի, մի հատ ինչ-որ կոշիկ գողանա տանի, կբռնեն մի 7 տարի կփակեն, չէ՞: Գողություն է»:

Միաժամանակ, «Ֆոտոլուր»-ի տնօրենը երբևէ դատարան կամ ոստիկանություն չի դիմել։ Ասում է՝ բավականաչափ տեղյակ չէ օրենսդրական դաշտին։

Մտավոր սեփականության ոլորտում իրավախորհրդատու Արթուր Վարդերեսյանի կարծիքով՝ իրավապահներին չդիմելու գլխավոր պատճառը նման մշակույթի բացակայությունն է։ «Ոչ միայն մտավոր սեփականության, այլ ընդհանուր, բոլոր հանցագործությունների պարագայում դիմում ներկայացնելու մշակույթի խնդիր կա», - ընդգծում է նա:

«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանի համոզմամբ՝ դատարան հայցերի և ոստիկանություն բողոքների սակավության պատճառն իրավապահ համակարգում առկա կոռուպցիան է․ - «Նրանք նաև օբյեկտիվ չեն: Ցավում եմ, որ կոռուպցիան շատ է խանգարում վճիռներին: Երբեմն վճիռները և շատ դեպքերում վճիռները չեն հիմնվում օրենսդրական դաշտին կամ ներկայացված փաստաթղթերին»:

Տեսահենին կամ գործընկերների արտադրանքը գողացած լրատվամիջոցին պատժելու դեպքերը Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել: Արթուր Վարդերեսյանի համոզմամբ՝ մինչև իրավապահներին դիմումները չավելանան, մտավոր սեփականության գողությունը չի պակասելու։

«Պիտի ինչ-որ մի լրատվամիջոց մյուս լրատվամիջոցին դատի տա, առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ՝ ինչ-որ պրակտիկա լինի, իսկ պրակտիկայի արդյունքում արդեն հասկանալի կլինի, թե իրավապահ մարմինների և դատարանի դիրքորոշումը տվյալ հարցում ոնց է, այսինքն՝ ինչպես է դատարանը որոշում կայացնում, ոնց է մեկնաբանում իրավական նորմերը», - շեշտում է Վարդերեսյանը:

Ոստիկանությունից «Ազատությանը» տրամադրած վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի մտավոր սեփականության ոլորտում հանցագործության ընդամենը 15 դեպքի մասին է հաղորդում ստացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG