Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ ՀՀ 4-րդ նախագահն ընտրվի խորհրդարանի մեծամասնության կողմից


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցանկություն է հայտնել, որպեսզի հանրապետության 4-րդ նախագահը ընտրվի խորհրդարանի ընդարձակ մեծամասնությամբ: Այդ մասին այսօր նա խոսել է նախագահի նստավայրում` Ազգային ժողովի խորհրդի հետ հանդիպման ժամանակ` հույս հայտնելով, թե այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան պատասխանատվությամբ:

«Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում», - ասել է Սերժ Սարգսյանը։

Փոփոխված Սահմանադրությամբ հաջորդ տարվա ապրիլից երկրի առաջին պաշտոնյան ոչ թե նախագահն է լինելու, այլ վարչապետը: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105 պատգամավորից առնվազն 79-ի ձայնը։ Եթե Հանրապետության նախագահ չընտրվի, անցկացվելու է ընտրության երկրորդ, նույնիսկ՝ երրորդ փուլ։

Թե ո՞վ է լինելու նախագահի Հանրապետականի թեկնածուն, և կամ արդյո՞ք խորհրդարանական մյուս ամենամեծ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը կսատարի այդ թեկնածուին, պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չի նշվում:

Նկատենք՝ Ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկված են Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, խմբակցության ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նախագահի նստավայրում մասնակցել է ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, թեև նա, ըստ Ազգային ժողովի կայքէջի, խորհրդի կազմում ընդգրկված չէ։ «Ծառուկյան» խմբակցությունից խորհրդի անդամ է Վահե Էնֆիաջյանը։ Մինչդեռ մյուս ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բոյկոտել է հանդիպումը, ավելին՝ նա հորդորել էր Ազգային ժողովի նախագահին և խորհրդի մյուս անդամներին՝ չգնալ նախագահական նստավայր՝ ընդգծելով, թե Ազգային ժողովի խորհրդին իր մոտ կանչելով՝ Սերժ Սարգսյանը վիրավորում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին:

Դե իսկ Հայաստանի 4-րդ նախագահին խորհրդարանի մեծամասնությամբ ընտրելու ցանկությունից բացի Սերժ Սարգսյանը խոսել է նաև մինչև այս տարվա մարտի 9-ը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ընտրելու մասին՝ շեշտելով, թե դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով, որ նրան է վերապահված դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործը:

«Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար», - ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նաև խոսել է ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովի կողմից վարչապետի ընտրության մասին. - «Անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին»։

Թե արդյո՞ք ապրիլի 9-ից հետո նախագահի լիազորությունները վայր դնող Սերժ Սարգսյանը ցանկանում է, որպեսզի երկրի կառավարման լծակներն իր ձեռքում կենտրոնացնող վարչապետին նույնպես խորհրդարանը ընտրի ձայների մեծամասնությամբ, պաշտոնական հաղորդագրության մեջ այդ մասին չի նշվում:

Ազգային ժողովի խորհրդի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նաև իր գոհունակությունն է հայտնել խորհրդարանի աշխատանքներից՝ ասելով, թե անցած տարվա մայիսի 18-ից ի վեր օրենսդիր մարմինն ընդունել է 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:

Ընդգծելով, որ Ազգային ժողովը հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա:

Ուշագրավ է, որ խոսելով գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների մասին՝ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել խորհրդարանին այդ հարցի շուրջ լսումներ կազմակերպել, որպեսզի «հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի և մարդիկ տեսնեն իրողությունները»։

«Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել», - ասել է Սերժ Սարգսյանը։

Կարևորելով խորհրդարանի դերակատարությունը, նախագահն ասել է՝ այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար:

Առաջիկա ամիսներին, երկրի ղեկավարից, ինչպես նաև վարչապետից բացի, խորհրդարանը պետք է ընտրի Սահմանադրական դատարանի նոր անդամներին, ինչպես նաևԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:

«Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը», - կոռուպցիայի մասին խոսելիս ասել է Սերժ Սարգսյանը։

«Կադրային հարցեր չենք քննարկել»

Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Թե արդյո՞ք Ազգային ժողովի խորհրդի կազմի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հարցը, հանդիպմանը մասնակցած խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ կադրային հարցեր չեն քննարկել:

«Ես ասացի, խնդիրներն ավելի համակարգային ենք քննարկել, կադրային որևէ հարց չենք քննարկել։ Եղել են ավելի խորհրդարանական համակարգի ամբողջական անցման խնդիրներ, խորհրդարանական դիվանագիտության, Ազգային ժողովի արդյունավետության բարձրացման, նման հարցեր ենք քննարկել և որևէ կադրային խնդիր չենք քննարկել», - ասաց Շարմազանովը։

Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահն ու Հանրապետական կուսակցության խոսնակը հայտարարեց, որ առաջիկայում սկսվելու են քննարկումները նախագահի թեկնածուի շուրջ։

Հարցին, թե Հանրապետական կուսակցությունն ունի՞ արդեն հստակ թեկնածուներ, որոնցից պետք է ընտրություն կատարվի, Շարմազանովը պատասխանեց. - «Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկումներ չի սկսել։ Քննարկումները մի՞գուցե սկսենք հաջորդ շաբաթվանից։ Երբ, որ կսկսենք, քննարկումները կավարտենք, կներկայացնենք արդյունքները»։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանից դուրս գտնվող որևէ թեկնածու ժամանի Հայաստան և նախագահի պաշտոնը զբաղեցնի, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. - «Ես պատրաստ չեմ այսօր Ձեզ որևէ անուն-ազգանունի վերաբերյալ ինֆորմացիա տրամադրել, քանի որ առաջինը՝ դա կոռեկտ չէ, երկրորդը՝ մենք դեռևս չենք քննարկել և չենք ավարտել քննարկումները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG