Մատչելիության հղումներ

ՀՀ-ում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, օրենքից վեր լինել չի կարող. Շարմազանով


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի, քեռու կամ հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր լինել չի կարող, երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է, թե ի՞նչ է կատարվում արդարադատության ոլորտում։

«Ե՛վ Հայաստանի նախագահը, և՛ արդարադատության նախարարը մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին։ Մեր նպատակը, մեր կարծիքը շատ լակոնիկ ներկայացնեմ, որը չի փոխվել՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի, քեռու կամ հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր լինել չի կարող։ Բոլորը պետք է օրենքի առջև լինեն հավասար», - ասաց Շարմազանովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ աշխարհում չկա մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է։

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ավտովթարի արդյունքում զոհվեցին երկու ոստիկաններ՝ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը:

Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, ողբերգական ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ 25-ամյա Սարգիս Վարդանյանը՝ գերազանցելով արագությունը, բախվել է ոստիկանական ավտոմեքենային, նա նաև չի ունեցել վարորդական իրավունք:

Ուշագրավ է, որ ավտովթարից հետո, Քննչական կոմիտեն հետախուզում հայտարարեց Սարգիսի եղբոր՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ, ում, ըստ ոստիկանության, կողոպուտի և խուլիգանության հոդվածներով դեռևս անցած տարի մեղադրանքներ էին ներկայացված, սակայն քննիչի որոշմամբ, նա երկու անգամ էլ ստորագրությամբ ազատ է արձակվել: Եվ միայն այն բանից հետո, երբ եղբոր մասնակցությամբ ավտովթարից երկու ոստիկան զոհվեց Քննչական կոմիտեն որոշեց հետախուզել Սերժ Վարդանյանին:

Ողբերգական ավտովթարից հետո, երբ հանրությունը կրկին խոսեց երկրում անպատժելիության մթնոլորտի մասին, ոստիկանությունն, ըստ էության, սլաքներն ուղղեց դեպի Քննչական կոմիտե։

Շարմազանովն ասաց, որ թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք։

«Ես Ձեզ կարող եմ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժային կառույցների աշխատանքի, որը ժամեր առաջ հրապարակեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, հստակ ցուցակ ներկայացվեց՝ սանդղակ, երկրների, որտեղ այցելությունն անվտանգ է, կամ անվտանգ չէ, որտեղ կա ահաբեկչական վտանգ, որտեղ վտանգավոր չէ, և Հայաստանի Հանրապետությունն առաջին ցանկում է՝ ամենաապահով երկրների ցանկում է։ Սա օդից չի եկել, սա և՛ Հայաստանի Հանրապետության նախագահի, և՛ մեր ուժային կառույցների, և՛ արդարադատության համակարգի, և՛ իշխող քաղաքական ուժի ամենօրյա աշխատանքի արդյունքն է, եթե կուզեք՝ թե՛ ոստիկանապետի, թե՛ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրանց գործընկերների օրնիբուն աշխատանքի արդյունքն է։ Իմ խնդրանքն է՝ եթե Դուք մատնանշում եք թերությունները, մատնանշեք նաև առավելությունները», - ասաց Շարմազանովը։

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG