Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, չորեքշաբթի օրը կառավարության ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունն ընդամենը հակակշիռ էր «Ելք»-ի՝ թանկացումների դեմ երթ անելու հայտարարությանը։
Ընդդիմադիր գործիչը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Սերժ Սարգսյանը փորձում էր ցույց տալ, որ իշխանությունն էլ մտահոգված է թանկացումներով և ինչ-որ բան անում է։ «Մինչդեռ իշխանությունը մինչև մեր հայտարարությունն, ասում էր, որ գնաճը տրամաբանության սահմանում է», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ խորհրդակցության ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. - «Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես մեղմենք այդ հետևանքները»։ Սերժ Սարգսյանը Կառավարությանը հանձնարարել է առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների հետևանքով թանկացել են:
Նախքան Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ նախատեսում է հունվարի 19-ին բողոքի երթ կազմակերպել, որը կանցնի «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսի ներքո:
Դիտարկմանը, որ սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, թե թանկացնողների դեմ պայքարելու փոխարեն «Ելք»-ը թանկացումների դեմ է պայքարում, Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Ընդհանրապես մենք թանկացումների դեմ պայքարում ենք հունվարի 19-ին հայտարարված ակցիայի շրջանակներում, իսկ թանկացնողների դեմ ես ինքս 25 տարի եմ պայքարում։ Ես կուզեմ այդ գրողը գա, մի հատ մեր ստաժները՝ էդ պայքարողների, համեմատենք և տեսնենք՝ ով, ում դեմ է պայքարում»։
Սոցցանցերում Փաշինյանին հիշեցնում են նաև փողոցային պայքարի մասին իր՝ «զբոսանք Երևանում», «մարդկանց պարտության չեմ տանի» խոսքերը։ Արձագանքելով այս դիտարկումներին՝ ընդդիմադիր գործիչը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ նշելով. - «Մենք ի՞նչ ենք ասել, մենք ասել ենք՝ ամեն անգամ, երբ որ մենք մարդկանց հրավիրենք փողոց, ամեն քաղաքացի պետք է շատ հստակ իմանա, թե ինչի՞ համար է քայլելու, ինչի՞ համար է դուրս գալիս փողոց, ի՞նչ միջոցով է լուծելու իր խնդիրը և ո՞րն է իր ունեցած վերջնակետը։ Ենթադրենք, կարող է առաջին երթին մասնակցի X թիվ, բայց մենք մթնոլորտից տեսնենք, որ հնարավոր է այս պրոցեսը շարունակելով այդ թիվն աճեցնել։ Ենթադրենք, այդ թիվն աճեցրինք և հասցրինք մի հատ կրիտիկական զանգվածի, ի՞նչ ենք մենք անելու, մեզ ասում են՝ «նախագահակա՞ն եք գնալու, թե՞՝ կառավարություն», ո՛չ նախագահական, ո՛չ կառավարություն, գնալու ենք Ազգային ժողով, ժողովրդի անունից գնալու ենք և խորհրդարանական խմբակցություններին հրավիրելու ենք և նրանց առաջարկելու ենք, որ իրար հետ ստորագրենք թուղթ, որ մենք այս Հարկային օրենսգրքում շատ հրատապ փոփոխություններ կանենք։ Հիմա արդյո՞ք այս մեթոդը կարող է գործել, ես միանշանակ համոզված եմ, որովհետև, եթե բազմահազար մարդիկ դուրս գան փողոց, մենք մեր վրա կվերցնենք պատասխանատվությունը՝ կրիտիկական զանգվածի պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության օրենք։ Եթե դա տեղի չունենա, իսկ հույս ունենանք, որ առաջին սցենարը տեղի կունենա, նշանակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խնդիր չունեն թանկացումների հետ»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.