Ոստիկանության տարածած տեսանյութում իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե Սերժ Վարդանյանին երկու անգամ՝ կողոպուտի և խուլիգանության համար բերման է ենթարկվել քննչական մարմին, սակայն երկու անգամ էլ ստորագրությամբ ազատ է արձակվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Տռուզյանը պարզաբանեց, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դրվագով, երբ «Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սերժ Վարդանյանը իր ծանոթի պարանոցից հափշտակել է ոսկյա վզնոցը, նա իսկապես բերման է ենթարկվել, Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Ինչ վերաբերում է երկրորդ դրվագին՝ մասնավորապես 2017 թվականի նոյեմբերին Աֆրիկյաններ ռեստորանային համալիրում Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծին, ապա Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքում է ոստիկանության պնդումը, թե նրան բերման են ենթարկել քննչական մարմին, որտեղ նրան կրկին ստորագրությամբ ազատ են արձակել:
«Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը և առնվազն տարակուսած եմ, քանի որ խուլիգանության դրվագով, ինչպես մենք նշել ենք մեր հայտարարության մեջ, ծանուցագիր է ուղարկվել Սերժ Վարդանյանին, ինչպես նաև երկու անգամ բերման ենթարկելու որոշում է կայացվել, որոնց կատարումը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն այդ բերման ենթարկվելու որոշումները չեն կատարվել: Սերժ Վարդանյանի հետ դատավարական գործողություն իրականացնելու հնարավորություն քննչական մարմինը ունեցել է բացառապես 2018 թվականի հունվարին», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Սոնա Տռուզյանը:
«Ազատության» հարցին՝ այսինքն խուլիգանության հոդվածով, երբ նա ծեծի է ենթարկել մատուցողին, այդ դրվագով Ոստիկանությունը Սերժ Վարդանյանին բերման չի՞ ենթարկել, քննչական մարմինը նրան չի՞ հարցաքննել, մեղադրանք չի՞ ներկայացրել, Տռուզյանը պատասխանեց․ - «Այսօր է նրան մեղադրանք առաջադրվել, իսկ առանց մեղադրանք առաջադրելու անձի նկատմամբ հնարավոր չէ ընտրել խափանման միջոց: Հետևաբար դա ինքնին վկայում է, որ այս տարածված հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»:
Մեր ճշտմանը՝ այսինքն Ոստիկանությունը կեղծ հայտարարությո՞ւն է տվել, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը պատասխանեց․ - «Ես արձանագրում եմ միայն փաստական հանգամանքները: Նրան մեղադրանք է առաջադրվել այսօր՝ արդեն լրացված մեղադրանք է առաջադրվել: Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով դեկտեմբերին երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, քանի որ մենք ունեինք կողոպուտի գործ, որը ընթացքի մեջ էր նախաքննության փուլում և նաև ունեինք երկրորդ քրեական գործը և պարզվել էր, որ այդ գործով ևս անցնում է Սերժ Վարդանյանը: Հետևաբար նրա մեղադրանքը լրացնելու անհրաժեշտություն կար: Ծանուցագիր ուղարկվել է, բերման ենթարկելու որոշումներ կայացվել են, սակայն, ինչպես հայտարարության մեջ նշել ենք, հունվարի 8-ին երկրորդ անգամ արդեն պատասխան ենք ստացել, որ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։ Նույն օրն արդեն վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է հետախուզում»:
Անընդունելի համարելով ինչ֊ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը՝ Սոնա Տռուզյանը, միևնույն ժամանակ, խորհուրդ տվեց հավելյալ պարզաբանումների համար դիմել Ոստիկանություն:
Ոստիկանությունը հակադարձում է
Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության» հետ զրույցում հակադարձեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին:
Ահարոնյան․ ֊ Ես ուզում եմ հիշեցնել, որ մինչև խուլիգանության դեպքը Սերժ Վարդանյանը արդեն իսկ կողոպուտի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ուներ խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ ինչ վերաբերում է խուլիգանության դեպքին՝ նոյեմբերի 26֊ին է ահազանգը ստացվել Արաբկիրի ոստիկանության բաժնում, անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ, ճշտել են հնարավոր մասնակիցների ինքնությունը, ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում ինչպես Սերժ Վարդանյանը, այնպես էլ նրա հետ հնարավոր մասնակից անձինք ներկայացել են Ոստիկանություն, տվել են բացատրություններ, որից հետո՝ դեկտեմբերի 1-ին, հարուցվել է քրեական գործ և հարուցված քրեական գործը փոխանցվել է Արաբկիրի քննչական բաժին: Դրանից հետո իմ իրավասությունները՝ Ձեր հարցերին պատասխանելու, սպառվում են:
«Ազատություն»․ ֊ Եվ երբ ներկայացրել եք արդեն քրեական գործը քննչական բաժին, նրան բերման ենթարկելու որոշում չե՞ք ստացել Քննչական կոմիտեից:
Ահարոնյան․ ֊ Դեկտեմբերի 1-ին փոխանցվել է հարուցված քրեական գործը ոստիկանությունից Արաբկիրի քննչական բաժին, մինչև դեկտեմբերի 25-ը նախաքննական մարմինը չի դիմել ոստիկանություն նշված անձանց ապահովելու համար: Կոնկրետ Սերժ Վարդանյանի դեպքով արդեն իսկ կար խափանման միջոց, և դեկտեմբերի 1֊ից մինչև դեկտեմբերի 25֊ը Ոստիկանությունը նման պահանջ նախաքննական մարմնից չի ստացել:
«Ազատություն»․ ֊ Այսինքն, թեև դուք գործը հարուցել եք, տվել եք Քննչական կոմիտեին, քսանհինգ օր շարունակ նրան բերման ենթարկելու որոշում Քննչական կոմիտեն չի՞ կայացրել:
Ահարոնյան․ ֊ Մենք, համենայնդեպս, չենք ստացել նման որոշում:
«Ազատություն»․ ֊ Եվ միայն 25֊ից հետո՞ եք բերման ենթարկելու որոշումը ստացել:
Ահարոնյան․ ֊ Այո, եղել է դեկտեմբերի 25֊ին և պատասխան է ստացվել, որ այդ պահին ոստիկանության տրամադրության տակ եղած այն հասցեները, որտեղ հնարավոր էր՝ բնակվեր, նա չի հայտնաբերվել և աշխատանքները շարունակվել են: Հետախուզում հայտարարվելուց հետո նա հայտնաբերվել է:
«Ազատություն»․ ֊ Այդ դեպքում ինչո՞ւ է Քննչական կոմիտեն ձեզ մեղադրում ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Ահարոնյան․ ֊ Կարծում եմ հարցը պետք է ուղղել հայտարարություն տարածողին:
«Ազատություն»․ ֊ Ինչ֊որ հակասությո՞ւն կա Ոստիկանության և Քննչական կոմիտեի միջև:
Ահարոնյան․ ֊ Բացարձակ չկա, երկու իրավապահ կառույցները աշխատում են և նրանց աշխատանքները անընդհատ փոխկապակցված են և որևէ հակասություն ես չեմ տեսնում: Նաև ուզում եմ նշել, որ զանգվածային լրատվամիջոցներում ես հանդիպեցի մեկնաբանություններ, վերնագրեր, որ «Ոստիկանության պաշտոնյաները փաստորեն․․․»: Ես խնդրում եմ ենթադրություններ չանել: Ոստիկանության որևէ պաշտոնյա այլ կառույցի չի քննադատել և այլ կառույցի վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել: