Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը բարելավել է կարծիքը Հայաստանի տնտեսության հեռանկարների վերաբերյալ


Համաշխարհային բանկի մասնագետները կարծում են, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանում տնտեսական աճը չի գերազանցի 4 տոկոսը: «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում Հայաստանի վերաբերյալ ներկայացված է հետևյալ կանխատեսումը՝ 2018 թվականին տնտեսական աճը կկազմի 3․7 տոկոս, 2019 և 20 թվականներին՝ 4 տոկոս:

Մինչդեռ Ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունն աճելու է 4․7- 5․7 տոկոսով: Ընդգծենք, որ համաձայն պետական բյուջեի, 2018 թվականին ծրագրվում է ապահովել 4․5 տոկոս տնտեսական աճ: Մեկնաբանելով Համաշխարհային բանկի ներկայացված ցուցանիշները` Ֆինանսների նախարարությունում տարբերությունը բացատրում են մեթոդաբանությամբ:

«Մենք առաջնորդվում ենք ոչ միայն ներուժային ՀՆԱ-ով, այլև այն հնարավորություններով, որ մենք տեսնում ենք՝ Կառավարությունը ինչ քայլեր է անում, ինչ բարեփոխումներ է անում, որպեսզի ներուժային ՀՆԱ-ն բարձրացնի», - ասում է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: - «Իրենք հիմնականում առաջնորդվում են ներուժային՝ ՀՆԱ հիմքում դնելով, ինչը մեր հաշվարկներով էլ ցույց է տալիս, որ Հայաստանի ներուժային ՀՆԱ-ն գնահատվում է 3-4 տոկոս միջակայքում: Բայց մենք առաջնորդվում ենք ոչ միայն ներուժային ՀՆԱ -ով, այլ նաև այն հնարավորություններով, որ մենք տեսնում ենք. Կառավարությունը ինչ բարեփոխումներ է անում, որպեսզի ՀՆԱ-ն բարձրացնի: Եվ այդ տարբերությունը, որը դուք տեսնում եք, հենց այդ տարբերությունն է, թե ինչքան է Կառավարությունը տեսնում հնարավորություն ներուժային աճից ավելի բարձր տնտեսական աճ գեներացնելու»:

Չնայած տնտեսական աճի համեստ կանխատեսումներին` Համաշխարհային բանկը բարելավել է կարծիքը Հայաստանի տնտեսության հեռանկարների վերաբերյալ: 2017 թվականի ամռանը կառույցի մասնագետներն այս տարվա համար կանխատեսում էին 3․6 տոկոս աճ: Փոխնախարար Հայրապետյանը համոզված է, որ միջազգային հեղինակավոր կառույցները նկատում են դրական միտումները Հայաստանի տնտեսությունում․ - «Դրան գումարած՝ շատ կարևոր է «Ֆիթչը», եթե հետևել եք, վերջերս մեր երկրի վարկանիշը պոզիտիվ է դարձրել: Այսինքն, այս բոլոր ազդակները շատ կարևոր են միջազգային ներդրողների տեսակետից, որ իրենք տեսնում են տնտեսության վերականգման փուլ է տեղի ունենում»:

Միաժամանակ զեկույցում ընդգծվում է, որ տարածաշրջանային տնտեսության զարգացման մեջ մեծ է Ռուսաստանի և Թուրքիայի դերը: Մեկնաբանելով Համաշխարհային բանկի զեկույցը՝ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ընդգծում է, որ նման կառույցների կանխատեսումները, սովորաբար, լինում են ընդհանրացված: - «Եթե տարիներով ուսումնասիրեք՝ օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, Համաշխարհային բանկի կանխատեսումները, հատկապես այսպիսի փոքր տնտեսությունների համար, որոնք բավականաչափ մեծ պոտենցիալ ունեն և համաշխարհային շուկայի կոնյունկտուրայում տեղի ունեցող որևէ փոքր փոփոխությունը նրանց համար շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան հակառակինը, կտեսնեք, որ շեղումը միշտ է առկա է եղել և նման կարգի կառույցները միջինացված մի որոշակի սցենար են դնում», - ասում է տնտեսագետը:

Չնայած ակնկալվող տնտեսական աճին՝ Արտակ Մանուկյանը ընդգծում է, որ այս տարի, 2017-ի համեմատ քաղաքացու կենսամակարդակը անկում է ապրելու․ - «Այսինքն այ ամեն ինչը, որ թանկանալու է՝ հիմնականում լայն սպառման ապրանքների վրա է ազդելու: Հասկանալի է, որ այս ոլորտում գրեթե բոլորը գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ են, և ոչ թե մրցակցությունն է սրանով սրվելու, այլ այս ծախսերը բաշխվելու են սպառողների վրա»:

Ուշագրավ է, որ թեև դեռ չի հրապարակվել 2017 թվականի տնտեսական աճի ցուցանիշը, սակայն տարավերջին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կարող է գերազանցել 6 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG