Մատչելիության հղումներ

«ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում». Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է՝ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»։ Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս», - համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի՝ 2017 թվականի երկրի տնտեսական զարգացմանը նվիրված նիստին։

Հիշեցնենք՝ տարեվերջին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «Ղարաբաղյան հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով»։

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահը, որպես ասվածի ապացույց, մատնանշում են միջազգային փաստաթղթերը, որոնք, ի դեպ, հիմնականում խնդրի կարգավորման երեք սկզբունքներ են առաջ քաշում՝ ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում։

Հայկական կողմը շեշտը դնում է հիմնականում ազգերի ինքնորոշման, իսկ Բաքուն՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

Երեկ ադրբեջանական կառավարությունում իր ծավալուն ելույթի ընթացքում Իլհամ Ալիևը մի կողմից ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, մյուս կողմից հայտարարել՝ Ադրբեջանը պատրաստվում է ժամանակից ռազմական տեխնիկա ձեռք բերել։

«Համաշխարհային վարկանիշի համաձայն, ադրբեջանական բանակը հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Ադրբեջանի ռազմական ներուժը մեծացրել է», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ նշելով, որ ընթացիկ տարում էլ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն և կգնվեն նոր տեսակի զենքեր։

Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան՝ Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG