Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Սարգիս Վարդանյանին։
Ըստ հաղորդագրության, նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խաչիկ Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Վարդանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Քննիչը միաժամանակ որոշում է կայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասաված է հաղորդագրությունում։