Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ այս հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգիրքը «հարվածում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին և լուրջ դժգոհություն է առաջացրել բնագավառում», այսօր «Ազատության» հետ զրուցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ նոր օրենսգրքով նախատեսված եկամտահարկի ավելացումը 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար հարկադրելու է հայաստանյան տնտեսության ամենամրցունակ ճյուղի ներկայացուցիչներին կա՛մ մեծացնել ընկերությունների պահպանման ծախսերը, կա՛մ անցնել ստվեր, կա՛մ թողնել Հայաստանը․ - «Եկամտահարկի այս սանդղակը ըստ էության ուղղակիորեն հարված է IT ոլորտի ամենաբարձր կարգի մասնագետներին, և բոլոր ուղղություններով ինքը կա՛մ վնաս է տալիս IT բիզնեսին, կա՛մ ստիպում ա IT բիզնեսը գնա ստվեր, կա՛մ ստիպում է, որ մարդը արտագաղթի, գնա դուրս, երեք անգամ ավելի աշխատավարձ ստանա: Ճիշտ է, դրսում հարկերը ավելի բարձր են, բայց քանի որ աշխատավարձի չափը մի քանի անգամ ավելի , այդ մարդու իրական աշխատավարձը էլի աճելու է»:
Հունվար 1-ից առաջ ամսական մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 24.4 տոկոս էր, 120 հազարից մինչև 2 միլիոնի դեպքում՝ 26 տոկոս: Ամանորին ուժի մեջ մտած եկամտահարկի նոր դրույքաչափերի համաձայն, նախ 120 հազարի շեմը բարձրացվեց 150 հազարի, ու այս հատվածի համար իջեցվեց եկամտահարկը: Մինչև 150 հազար ստացողներն արդեն կվճարեն 23 տոկոս: Սակայն բարձրացվեց 150 հազարից մինչև 2 միլիոն ստացողների եկամտահարկը՝ 26 տոկոսից այն դարձել է 28 տոկոս: Ամսական 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողների դեպքում եկամտահարկը նույնն է մնացել՝ 36 տոկոս:
«Դժգոհություն կա, բայց այդ դժգոհությունը ո՞նց կարտահայտվի․ մարդիկ փողոցո՞ւմ կարտահայտեն այդ դժգոհությունը, թե՞ իրենց ճամպրուկները կհավաքեն, թռնելու տոմս կառնեն, թե՞ ինչ կանեն, ես դժվարանում եմ ասել», ֊ նշեց Վարդանյանը։
Ավելորդ չէ հիշեցնել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ 2013 թվականին ծավալված բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների մեջ բազմաթիվ էին հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները: Ի դեպ, այդ համակարգը, որի կիրարկումը այն ժամանակ իշխանությունները ստիպված հետաձգեցին, ուժի մեջ է մտնելու այս հուլիսի 1-ից, և 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների համար պարտադիր կդառնա, ինչը, բնականաբար, լրացուցիչ ծախս է:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, ակնհայտ է, որ իշխանությունների նախաձեռնած հարկային փոփոխությունները նպատակ ունեն ավելի շատ գումար կորզել միջին խավից․ - «Ամբողջ տնտեսական քաղաքականության ուղղությունը տարիներ շարունակ ուղղված է եղել միջին խավին՝ որպեսզի չձևավորվի: Քաղաքական նպատակ է հետապնդում: Հակառակ դեպքում միջին խավը միշտ այդ ամեն ինչից դուրս կլիներ: Ի վերջո, ինքն է լոկոմոտիվը տնտեսության, ինքն է շարժիչ ուժը նորմալ ժողովրդավարական շուկայական տնտեսության: Իսկ նման համակարգերում, ավտորիտար համակարգերում ինքը միշտ խանգարող է լինում, որովհետև իր ակտիվությունը միշտ իշխող համակարգին խանգարում է: Դրա համար սլաքը ուղղվում է իրեն, որ ինքը երբևիցե չկարողանա մեջքը ուղղի, հանգիստ հանդես գա, եկամուտները շատացնի, նաև քաղաքական նպատակներ, տեսակետներ ու մոտեցումներ իր առջև դնի»:
Կարեն Վարդանյանն այսօր ասաց, որ իրենք դեռ մեկ տարի առաջ էին կառավարության առջև հարց բարձրացրել, որ եկամտահարկի նման բարձրացումը խնդիրներ կհարուցի իշխանությունների կողմից ռազմավարական հռչակված ոլորտում, սակայն, փաստորեն, իրենց ձայնը, փաստարկները անտեսվել են․ - «Իրենք ասում են՝ մենք ստիպված ենք․․․ Երկիրը մտել է անիմաստ պարտքերի տակ, հիմա ժամանակն է այդ պարտքերը վճարելու: Պարտատերը ասում ա՝ ախպեր ջան, ցույց տուր որտեղից ես վճարելու: Ու ինքը փոխանակ օլիգարխներին բերի դաշտ, մի երկրում, որտեղ 60 տոկոսը ստվեր ա, էդ 60 տոկոսը բերի դաշտ և այդտեղից հարկի, իրա պարտքերը վճարի, ինքը գնում ա ամենահեշտ ճանապարհով․ ասում ա՝ ով ա սպիտակ դաշտում աշխատում ու գնում ա դրան մորթում ա: Ոնց որ, ասենք, կով ունենաս, որը կաթ ա տալիս, գնաս ոտը կտրես, ինչ ա թե միս ա պետք»: