Մատչելիության հղումներ

Անկախ կինոգործիչների ակումբը նպաստելու է կինոարտադրության զարգացմանը Հայաստանում


Արմինե Արդա
Արմինե Արդա

Անցյալ տարվա փետրվարին մի խումբ կինոգործիչներ ստեղծեցին Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը, որն առայժմ ունի 15 անդամ:

Այսօր հրավիրած ասուլիսին ակումբը ներկայացրեց իր առաջիկա ծրագիրը, որը իրականացնելու համար աշխատել են շուրջ մեկ տարի՝ համագործակցելով գերմանական JIZ ընկերության և «Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնություն» կոչվող կազմակերպության հետ:

«Կազմակերպությունը, որի հետ մենք այս ծրագրով համագործակցում ենք, հայտնի է աշխարհում՝ EAVE: Դա մի պրոդյուսերական աշխատարան է, Եվրոպայում արդեն գործում է 1998 թվականից և ունի շատ մեծ ցանց, կազմակերպում է դասընթացներ, որոնք տևում են մի տարի, և ամեն սեսիան տեղի է ունենում մի երկրում», - փոխանցեց Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբի անդամներից Արմինե Անդան:

Եվ ահա գալիք գարնանը կազմակերպության ներկայացուցիչները եռօրյա դասընթացներ կանցկացնեն Հայաստանում: Նախատեսված է միայն հայաստանցի պրոդյուսերների մասնակցությունը:

«Տարբեր ձևաչափի աշխատարաններ են անցկացնում՝ պրոդյուսերներին պատրաստելու համատեղ արտադրության: Դա է իրենց առաջին նպատակը», - ասաց Անդան:

Ծրագրին այս տարի կարող են մասնակցել 6 հոգի, որոնք պետք մասնակցության հայտ ներկայացնեն մինչև հունվարի 22-ը․ - «Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնողները մի տարվա մեջ, երբ իրենք աշխատարան են անում, ամեն երկրից մի հոգի, երկու հոգի կարող է գնալ: Իսկ ծրագիրը, որը մենք ենք հիմա էստեղ իրականացնում, միանգամից 6 հոգի կարող են մասնակցել, որովհետև իրենք են գալիս Հայաստան»:

Ակումբի մեկ այլ անդամի՝ Մելիք Կարապետյանի խոսքով, այդ եռօրյա դասընթացն անչափ ինտենսիվ ընթացք է ունենալու․ - «Այսպիսի տերմին կա՝ 24 ժամ աշխատանք: Ի նկատի ունենք, որ էդ ամբողջ խումբը միասին է լինելու, միասին աշխատելու են երեք օր ինտենսիվ Եվրոպայից եկած հինգ մասնագետի հետ: Ամեն մի մասնագետը տարբեր բնագավառի մաս է ծածկում, և դրանով այդ երեք օրվա ընթացքում պրոդյուսերները ստանում են շատ ինտենսիվ որակային բարձրացում: Հետագայում ստեղծվում է ցանց, որտեղ իրենք կարող են իրենց հնարավորությունները օգտագործել»:

Անկախ կինոգործիչների ակումբը ստեղծվել է նպաստելու հայ կինոարտադրության զարգացմանը, և այդ ուղղությամբ բազմաթիվ այլ մտահղացումներ կան․ - «Մենք կարող է էսօր մի տիպի բան անենք, վաղը ուրիշ բան անենք: Մեր հիմնական նպատակն այն է, որ կինոարտադրությունը Հայաստանում լուրջ զարգացում ստանա: Իսկ մենք ուղղակի ոլորտի մարդիկ ենք: Այսօր բյուջեն, որը պետության կողմից տրամադրվում է կինոարտադրությանը․ բավարար չի նույնիսկ մի ֆիլմ արտադրելու համար: Հիմա համակարգը Հայաստանում փոփոխման պրոցեսի մեջ է: Շատ ուրախ կլինենք, որ էդ փոփոխությունը բերի նրան, որ կինոարտադրությունը Հայաստանում զարգանա: Այդ խումբը, երբ որ հավաքվում էր տարվա ընթացքում, շատ ակտիվորեն փորձեց մասնակցել նաև օրենքի փոփոխման պրոցեսին»:

Ուշագրավ է, որ Անկախ կինոգործիչների ակումբի դիտողությունները կապված «Կինոյի մասին» օրենքի այս կամ այն դրույթի հետ, անարձագանք չեն մնացել: Ակումբի անդամների փոխանցմամբ, Մշակույթի նախարարն անմիջապես հանդիպել է իրենց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG