Վաշինգտոնի հրապարակներից մեկը, որում տեղակայված է Ռուսաստանի դեսպանատունը, կկոչվի ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով: Միացյալ Նահանգների մայրաքաղաքի «Վիսկոնսին» ավենյուն, որի անվանումը նշվում է ՌԴ դիվանագիտական առաքելության շենքի ներկայիս հասցեում, թերևս կվերանվանվի արդեն առաջիկա փետրվարի 27-ին՝ ընդդիմադիր գործչի սպանության օրը:
«Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել «Վիսկոնսին ավենյուի»՝ ՌԴ դեսպանատան հանդիպակաց հատվածը Նեմցովի պատվին անվանակոչելու հարցին»,- ասվում է Կոլումբիայի շրջանի քաղաքային խորհրդի պաշտոնական հաղորդագրությունում: Դրանում նշվում է նաև, որ հրապարակի տարբեր կողմերում կտեղադրվեն ընդհանուր առմամբ չորս ցուցատախտակներ, որոնց վրա գրված կլինի ինչպես նախկին, այնպես էլ նոր հասցեն, և Ռուսաստանի դեսպանատունը կարող է օգտվել այդ հասցեներից իր նախընտրությամբ:
Պուտինի ամենակոշտ քննադատներից մեկը համարվող Բորիս Նեմցովի պատվին ԱՄՆ-ում փողոց անվանակոչելու առաջարկն ի սկզբանե ներկայացրել էր հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն: «ԱՄՆ-ը կանգնած է բոլոր այն ռուսաստանցիների կողքին, ովքեր պայքարում են հանուն իրենց երկրի ժողովրդավարության ու ազատության»,- անցյալ տարի Նեմցովի սպանության երկրորդ տարելիցի օրը հայտարարել էր Ռուբիոն:
Կրեմլն այսօր իսկ արձագանքել է Կոլումբիայի շրջանի քաղաքային խորհրդի որոշմանը: «Մեր երկրների միջև հարաբերությունները նախկինի պես, մեղմ ասած, բարելավման կարիք ունեն»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով, որ այդ հարցը գտնվում է Վաշինգտոնի քաղաքային իշխանությունների իրավասության տիրույթում: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ քննադատության էր ենթարկել այս նախաձեռնությունը՝ հայտարարելով, թե այդ կերպ ԱՄՆ-ում «շահարկում են» սպանված քաղաքական գործչի անունը:
Առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ոմ փողոց են վերանվանում ի նշան ռուսաստանցի [ԽՍՀՄ-ի] այլախոհների կամ ընդդիմադիրների հետ համերաշխության: 1984 թվականին, օրինակ, ԱՄՆ-ի Սենատը որոշել էր Ռուսաստանի դեսպանատան նախկին շենքի հանդիպակաց փողոցը կոչել խորհրդային հայտնի այլախոհ և իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անունով:
Բորիս Նեմցովի անունով է կոչվում նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի պողոտաներից մեկը, որի վրա տեղակայված է ՌԴ հյուպատոսության շենքը: Վիլյնուսի քաղաքային իշխանությունները ևս քաղաքի փողոցներից մեկը կոչել են ռուսաստանցի սպանված ընդդիմադիր գործչի անունով:
Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը, ով հետագայում դարձել էր իշխող վարչակազմի կոշտ քննադատն ու անցել ընդդիմադիր ճամբար, սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին՝ Կրեմլի մոտ գտնվող «Բոլշոյ մոսկվորեցկի» կամրջի վրա: Ամիսներ առաջ Մոսկվայի շրջանի ռազմական դատարանը նրա սպանության համար մեղավոր ճանաչեց մի խումբ չեչենների: Ռուսաստանյան ընդդիմադիրներն ու Նեմցովի հարազատները, մինչդեռ, վստահ են՝ հանցագործության իրական կազմակերպիչները շարունակում են մնալ ազատության մեջ: