Մատչելիության հղումներ

Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ, նիստն ընդմիջվեց


Արմեն Բիլյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Արմեն Բիլյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Շարունակվում է «Սասնա ծռեր»-ից Արայիկ Խանդոյանի և մյուսների գործով դատավարությունը։

Նիստի ընթացքում վատացավ ամբաստանյալներից Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը։ Բիլյանը, ով հացադուլի մեջ է դեկտեմբերի 19-ից, հայտարարեց, որ չի պատրաստվում դադարեցնել այն։

Փաստաբանները հայտարարեցին, որ նրա կյանքին արդեն վտանգ է սպառնում։

Նշենք, որ դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող Սմբատ Բարսեղյանը ևս շարունակում է հացադուլը։

Նրանք պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Արմեն Բիլյանը նաև պահանջում է պատշաճ բժշկական օգնություն։

Դատավորն այսօր ընթերցեց Նուբարաշենի բանտի ղեկավարության կողմից ստացված գրությունը, որտեղ նշված էր, որ Բիլյանը պատշաճ բժշկական հսկողության տակ է գտնվում ու տեղափոխման անհրաժեշտություն չկա։

Բիլյանի հանրային պաշտպանն իր հերթին հայտարարեց, որ հակասություն է տեսնում բանտի ղեկավարության կողմից իրեն ուղարկված ու դատավորի ընթերցած գրությունների միջև։ Ըստ պաշտպանի, իրեն ուղղված գրությունում նշված է, որ բանտի ղեկավարությունը չի որոշում Բիլյանի տեղափոխման հարցը, այլ այդ հարցը որոշում է վարույթ իրականացնող մարմինը, այսինքն՝ դատարանը։ Այստեղ աղմուկ բարձրացավ, և նիստն ընդմիջվեց։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեգ Ենիգոմշյանն ասաց, որ «Սասնա ծռեր»-ի աջակիցներն այժմ երթով շարժվում են քրեակատարողական վարչություն՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Նա հիշեցրեց «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս «մահացավ հացադուլից հետո»։

Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող «Սասնա ծռեր» զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով 2016-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը և այն 15 օր գրաված պահեց, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Վերջիններս նաև մեղադրվում են շենք-շինություն զավթելու, պատանդ պահելու, հրազեն ու ռազմամթերք հափշտակելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG