Այսօր «Ազատության» հետ զրույցում կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը այլ մանրամասներ չնշեց:
Հարցին, թե արդյոք Քննչական կոմիտեն դիմելու է դատարան՝ ծառայությունն իրականացնող երկու ավտոտեսուչի մահվան մեջ դեռևս միայն կասկածվող ու երեկ երեկոյան ձերբակալված 25-ամյա Սարգիս Վարդանյանին կալանավորելու միջնոդությամբ, Տռուզյանը արձագանքեց, թե ձեռք բերված ապացույցների հիման վրա Վարդանյանի ձերբակալվելուց հետո 72 ժամվա ընթացքում կկայացվի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կիրազեկեն:
Ավտոտեսուչների մահվան կապակցությամբ Աղվան Հովսեփյանի գլխավորած իրավապահ մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի միայն երկու՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:
Առաջինի պարագայում նշված է՝ «ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Իսկ 244-րդ հոդվածի ներքո գրված է՝ «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձի կողմից» (պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով):
Արդյո՞ք ավտովթարի պահին Սարգիս Վարդանյանը եղել է անսթափ վիճակում: Ըստ Սոնա Տռուզյանի, այս ու մի շարք այլ հարցերի պատասխանը կտրվի փորձաքննության արդյունքում․ - « BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Նախնական տվյալներով, վթարի պահին BMW X6 մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է Սարգիս Վարդանյանը, ով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Որպես կասկածյալ նա ձերբակալված է: Նշեմ, որ նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական և մանրաթելային փորձաքննություններ: Ունենք, իհարկե, նախնական տվյալներ: Նախատեսվածից ավելի արագ է ընթացել ավտոմեքենան»:
Տռուզյանի խոսքով, 2014 թվականին ճանապարհային ոստիկանությունը մեկ տարի ժամկետով զրկել էր Սարգիս Վարդանյանին վարորդական իրավունքից: Ժամկետը լրանալուց հետո Վարդանյանը այդպես էլ մեքենա վարելու իրավունք չի ստացել:
Կասկածյալը, ով հանրությանը հայտնի է որպես «Ճըվճըվ Արոյի որդի Սաքուլիկ», առաջին անգամը չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, անցած տարվա մարտին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատանը տեղի ունեցած միջադեպի հետևանքով Սարգիսը հրազենային վնասվածք էր ստացել: Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ նա ապօրինի զենք է կրել՝ Walther տեսակի ատրճանակ: Պարզ չէ, թե ապօրինի զենք կրելու կապակցությամբ հարուցված քրեական գործից հետո Սարգիս Վադանյանն ինչպես է կարողացել մնալ ազատության մեջ:
Մի քանի քրեական գործերով մեղադրանք է առաջադրված նաև Սարգսի կրտսերը եղբորը՝ 24-ամյա Սերժ Վարդանյանին: Ըստ Քննչական կոմիտեի, անցած տարվա սեպտեմբերի 12-ին նա պոկել է Կարեն Գասպարյանի պարանոցի ոսկե շղթան՝ հափշտակելով այն: Ուշագրավ է, որ տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ հարուցվեց և Սերժին մեղադրանք առաջադրվեց մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերին, իսկ նրա խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայաստանյան իրավապահները քննում էին այդ դեպքը, երբ շաբաթներ անց Սերժ Վարդանյանը հայտնվեց մի նոր քրեական պատմության մեջ: Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան նա և մի խումբ երիտասարդներ «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում բռնություն են գործադրել մատուցող Հովհաննես Գասպարյանի նկատմամբ ու հայհոյել նրան: Այս անգամ ևս իրավապահ մարմինը Սերժին մեղադրանք էր առաջադրել:
Սերժ Վարդանյանի մասով երկու քրեական գործերը անցած տարվա դեկտեմբերի 23-ին միավորվել էին, և քանի որ նա չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, նրա նկատմամբ հունվարի 8-ին հետախուզում է հայտարարվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար:
Ոստիկանության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ հետախուզվողը ժամեր առաջ հայտնաբերվել է ու բերման ենթարկվել:
Սոնա Տռուզյանի պնդմամբ՝ այն, որ Սերժի նկատմամբ հետախուզում հայտարարվել ճիշտ այն օրը, երբ նրա ավագ եղբոր մասնակցությամբ ավտովթար է տեղի ունցել, պատահականություն է:
Ի դեպ, լրատվամիջոցների փոխանցմամբ, այն բանում, որ անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած կողոպուտից հետո Սերժ Վարդանյանը չի կալանավորվել, դերակատարություն է ունեցել մայրական պապը՝ Նիկոլայ Գաբրիելյանը, ով ռուսաստանյան մոնոպոլիստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է, «Գլաձոր ՈւՎԿ»-ի գրեթե 50 տոկոսի սեփականատերը, և ով 2012 թվականի սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Այսօր զանգահարեցինք «Տրանսգազ»՝ փորձելով մեկնաբանություն ստանալ Նիկոլայ Գաբրիելյանից: Գաբրիելյանի քարտուղարին նախ խնդրեց զանգահարել հունվարի 10-12-ից հետո, իսկ երբ իմացավ, թե ինչ հարցով ենք հետաքրքրվում, ասաց․ - «Նման հարցեր չի քննարկվում այստեղ»:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի խոսքով, վերը նշված ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայաստանյան արդարադատության համակարգը ընտրողաբար է գործում․ - «Սա պարբերաբար պատահող դրություն է՝ տարբեր գործող անձանցով, երբ իշխանության սպասարկողները՝ քրեական կամ կիսաքրեական խմբերը, անձինք, պարբերաբար ծառայություններ են մատուցում իշխանությանը նրա վերարտադրման կամ պաշտպանության համար, և դրա դիմաց ստանում են բոնուսներ»: