Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ մի շարք ուժեր ցանկանում են Թուրքիայում նոր հեղաշրջում կազմակերպել: Այդ ուժերի թվում Թուրքիայի նախագահը մատնանշում էր նաև Միացյալ Նահանգների դատական համակարգը: Այս մասին Էրդողանը հայտարարեց այսօր` իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ:
«Այն մարդիկ, ովքեր հաջողության չհասան հուլիսի 15-ին, այժմ հեղաշրջում կազմակերպելու նոր ուղիներ են որոնում: Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել` քաղաքական նոր հեղաշրջման հասցեն Միացյալ Նահանգներում ընթացող դատավարությունն է», - հայտարարում էր Էրդողանը` նկատի ունենալով մի շարք թուրք պաշտոնյաների և գործարարների դեմ Մանհեթենի դաշնային դատարանում արդեն մի քանի ամիս շարունակվող քննությունը:
Հիշեցնենք՝ ամերիկյան դատախազությունը պնդում է, որ Թուրքիայի կառավարության և երկրի բանկային համակարգի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ թուրք-իրանական ծագում ունեցող գործարար Ռեզա Զարաբին պատկանող ընկերությունների հետ միասին 2010-ից 2015 թվականների ընթացքում օժանդակել են Իրանի իշխանություններին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում: Զարաբն այժմ Նյու-Յորքի բանտում է և ակտիվորեն համագործակցում է նախաքննության հետ: Հենց նա է ամերիկացի քննիչներին պատմել այն բոլոր սխեմաների մասին, որոնք հնարավորություն են տվել Իրանի իշխանություններին ոսկու անօրինական վաճառքը կազմակերպել` լրացնելով ամերիկյան արտարժույթի պակասը ներքին շուկայում: Այս սխեմաներում ներգրավված են եղել մի շարք ֆինանսական կառույցներ, այդ թվում ամերիկյան բանկեր, որոնց աշխատակիցները, սակայն, չեն էլ կասկածել, որ թուրքական բանկերի և ընկերությունների հետ գործարքներով շրջանցում են Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ավելի քան հինգ տարի գործած այս ողջ սխեմայում առանցքային դերակատարություն ուներ թուրքական Halkbank-ի Դուբայի մասնաճյուղը: Նշեմ, որ այս բանկի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է պետությանը:
Այս բացահայտումների ֆոնին պատահական չէր, որ հունվարի 3-ին ամերիկացի երդվյալ ատենակալները Halkbank-ի փոխնախագահ Հաքան Աթիլային մեղավոր ճանաչեցին` նրա կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման փաստը ապացուցված համարելով: Այս գործի շրջանակներում ամերիկյան դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին և ևս մեկ պետական բանկի` Turkish Bank 1-ի նախկին ղեկավար Սուլեյման Ասլանին:
Թուրքիայի նախագահի համոզմամբ սակայն իրանական պատժամիջոցների շրջանցման առթիվ ընթացող դատավարությունը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում և դրա ակտիվ դերակատարներից մեկը 2016-ի հուլիսյան անհաջող հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենն է:
«Սա մի գործողություն է, որի նպատակը Թուրքիային տնտեսապես անկյուն մղելն է: Այդ նպատակով օգտագործվում են Գուլենի կողմից կառավարվող ահաբեկչական կազմակերպությունը ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն: Բայց այդ ամենը ապարդյուն է, նրանք չեն հասնելու իրենց նպատակին», - պնդում էր Էրդողանը:
Մի քանի օր առաջ էլ` Ֆրանսիայից վերադառնալու ճանապարհին, Էրդողանը հայտարարել է, որ Մանհեթենի դաշնային դատարանում ընթացող դատավարությունն ու Halkbank-ի ղեկավարներից մեկի դեմ կայացված վերջին վճիռը վկայում են, որ՝ «Գյուլենի թիկունքում հենց ամերիկացիներն են»:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը 90-ականների վերջից բնակվում է ամերիկյան Փենսիլվանիա նահանգում: Ամերիկացիներն առայժմ չեն բավարարում նրան արտահանձնելու` Անկարայի պահանջը: