Մատչելիության հղումներ

Վարդան Արամյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել 2017-ի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները


Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվող համակարգային լուծումների մասին:

Ըստ հաղորդագրության, Արամյանն առանցքային մոտեցումների շարքում առաջինը նշել է մակրոտնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ այդ նպատակով 2017-ին նպատակադրվել և իրականացվել է հարկաբյուջետային կոնսոլիդացիա, որպեսզի դանդաղեցվի կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճը և հիմքեր ստեղծվեն 2018-ին մեկնարկելու նույն ցուցանիշի նվազեցման գործընթացը: Նախարարի հավաստմամբ, իրականացված աշխատանքի արդյունքում անցած տարի հնարավոր է եղել նշված ցուցանիշի աճի տեմպը կրկնակի դանդաղեցնել, իսկ 2018-ին այն կնվազի շուրջ մեկ տոկոսային կետով:

Արամյանը Սերժ Սարգսյանին զեկուցել է նաև տնտեսական աճի ներուժի մեծացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը միտված աշխատանքը՝ նշելով, որ վերոհիշյալ նպատակով իրականացվում է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը չի խոչընդոտի տնտեսական վերականգնմանը և միջնաժամկետ աճին: Այդ քաղաքականության շրջանակներում, ըստ նախարարի, նպատակադրվածություն կար հարկային եկամուտների աճի միջոցով մեծացնել սեփական եկամուտների դերը և պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի համեմատ գերակայություն տալ կապիտալ ծախսերի աճին: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ նշված մոտեցմամբ հնարավոր է եղել օրենքով նախատեսված ընթացիկ ծախսերի մասով ունենալ ավելի պահպանողական վարքագիծ, իսկ կապիտալ ծախսերն ավելացնել շուրջ 40 միլիարդ դրամով՝ հիմքեր ստեղծելով ապագա տնտեսական աճի համար: Վարդան Արամյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի ավելի բարձր մակարդակ, քան բյուջետային տարվա դեֆիցիտն է:

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսվարմանը նպաստող հարկային քաղաքականության իրականացման և գործարար միջավայրում այդ քաղաքականության տարընթերցումների բացառման նպատակով ձեռնարկվող քայլերին: Նա զեկուցել է, որ իրականացվում է սեփական եկամուտների ձևավորման հավասարակշռված քաղաքականություն թե՛ ստվերային տնտեսության կրճատման, թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:

Նախագահը հանձնարարել է երկարաժամկետ կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովելու տեսանկյունից մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն ընթացիկ տարում իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության կայունությանը և պարտքի կառավարելիությանը, այլ նաև տնտեսվարողներին ներկայացնել, թե միջին ժամկետում ինչպիսին է լինելու պարտքի հետագիծը և վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: Նրա համոզմամբ՝ դա ներդրողներին վստահություն կներշնչի՝ ավելի համարձակ լինել իրենց ներդրումային նախաձեռնություններում, քանի որ ընկալելի և կանխատեսելի կլինի այն տնտեսական միջավայրը, որտեղ նրանք գործելու են:

Ընդգծելով, որ հարկաբյուջետային կոնսոլիդացիան և բյուջեի պակասուրդի աստիճանական նվազեցումը պարտքը կայուն պահելու ու մակրոտնտեսական կայունություն ապահովելու տեսանկյունից օբյեկտիվորեն պարտադրված և ճիշտ մոտեցում է, Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել մշտապես տեսադաշտում պահել բնակչության սոցիալական խնդիրները` տնտեսական աճի տեմպերի արագացման և սեփական եկամուտների աճին զուգահեռ ջանքեր գործադրելով տարբեր գործիքակազմով մեծացնելու հատկապես հասարակության այն խմբերին տրվող օժանդակությունը, որոնք ունակ չեն եկամուտ գեներացնելու, իսկ սոցիալապես անապահով, բայց եկամուտ ստեղծելու ունակ մարդկանց համար ստեղծել պայմաններ:

Արդյունավետ հարկային քաղաքականության իրագործման տեսանկյունից կարևորելով հարկային օրենսդրության շարունակական կատարելագործումը և բարելավումն այնպես, որպեսզի կիրառման տեսանկյունից այն լինի մատչելի և չպարունակի երկիմաստություններ, տարընթերցումների պատճառով պետական ծառայողի սուբյեկտիվ դրսևորումների տեղիք չտա, նախագահը, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ հարկաբյուջետային կայունության ամրապնդման և տնտեսվարողների համար տեսանելի ապագայում կանխատեսելի հարկային քաղաքականության ապահովման առումով պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելու ոչ հեռանկարային գործելաոճից։ Նրա համոզմամբ՝ հարկատուները պետք է վստահ լինեն, որ պետությունը հարկային դաշտում կկատարի խորքային փոփոխություններ միայն այն դեպքում, երբ լինի խորքային վերլուծություններով հիմնավորված և բազմակողմանի քննարկումներ անցած արդյունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG