Մատչելիության հղումներ

ԱՊՊԱ գործակալները կրկին փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը


Ոստիկանները հորդորում են ցուցարարներին բացել ճանապարհը, 9-ը հունվարի, 2018թ.
Ոստիկանները հորդորում են ցուցարարներին բացել ճանապարհը, 9-ը հունվարի, 2018թ.

Անհավասար մրցակցությունից դժգոհ մոտ 60 ԱՊՊԱ գործակալներ այսօր կրկին փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը։

Ցուցարարները պահանջում էին առաջիկա երկու օրերին փակել արտոնյալ պայմաններում հայտնված ապահովագրական ընկերության՝ «Թոփ Սփին»-ի՝ անցակետի ներսում տեղակայված գրասենյակը, մինչ կստանան վարչապետին և պետեկամուտների կոմիտեի նախագահին ուղղված իրենց բողոք-դիմումների պատասխանը։

Ճանապարհը փակ մնաց մոտ 30 րոպե, բացվեց միայն Նոյեմբերյանի ոստիկանապետի միջամտությունից հետո։

Հայ-վրացական սահմանին կից, կողք-կողքի գործող 6 ապահովագրական ընկերություններից մեկը՝ «Նաիրի Ինշուրընսն» այս տարվա սկզբից փակվել է, գրասենյակն իր աշխատակիցներով տեղափոխվել է մաքսատան տարածք և ստացել Հայաստան մուտք գործող ավտոմեքենաներն ապահովագրելու ամենամեծ հնարավորությունը։

Մաքսակետից մոտ 300-500 մետր հեռավորության վրա տեղակայված մյուս գրասենյակների աշխատակիցները պնդում են, թե մաքսակետի աշխատակիցներն անգամ վարորդներին ուղղորդում են հենց այդ նորաբաց գրասենյակում ապահովագրել իրենց մեքենաները․ - «Ե՛վ օրենքի տեսակետից ա իրանց արարքը անօրինական, և՛ մարդկայնորեն: Էսքան մարդուն արհամարհում են իրանք, մեզ սովի են մատնում»:

Ակցիայի մասնակիցների խոսքով, նախկինում բոլոր ընկերությունները հավասար պայմաններով տարածք են վարձակալել մաքասակետի տարածքում, սակայն 2007 թվականին Կառավարությունը համարել է, որ ապահովագրական ծառայությունը կոմերցիոն գործունեություն է, և հանվել է մաքսային տարածքից։ Ավելին, անցած տարվա նոյեմբերին անցակետից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող գրասենյակներն ավելի հեռացնելու պահանջ են դրել։ Ապահովագրողները դրանել են համաձայնել, և բոլոր 6 ընկերությունների 14 գրասենյակները 300-500 մետր հեռացվել են՝ շարունակելով իրենց գործունեությունը վարձակալության հիմունքներով։

Սակայն ընդամենը երկու ամիս անց փոխվել է իրավիճակը 5 ընկերությունների համար։ Ապահովագրողները նշում են, որ օրական մոտ 10 հազար դրամի ապահովագրություն իրականացնելու հնարավորություն են ունեցել, իսկ այսօր անգամ 1000 դրամի չեն կարողանում հասցնել իրենց օրվա եկամուտը։

Ցուցարարներից մեկը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մաքսապետի բացման ժամանակ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ մաքսակետի տարածքում մաքսակետը ծառայու ա բացառապես մաքսային ծառայությունների համար»:

Մեկ այլ ցուցարար հավելեց․ - «Հաճախորդը պըտի իրավունք ունենա ընտրի: Բայց էսօր դառել է մոնոպոլիա՝ մի ՍՊԸ: Սա մաքսատուն ա, սա շուկա չի»:

«Թոփ Սպին» ապահովագրական գրասենյակի որևէ ներակայացուցիչ չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին: Ավելին՝ ապահովագրվող ավտոմեքենաների վարորդները ևս չէին պատասխանում հարցի:

«Մենք լսել ենք, որ էս ՍՊԸ-ի նախագահը, այսինքս՝ ամուսինը, «Նաիրի» գործակալի մասնաճյուղի տնօրեն ա, որ ինքը ՊԵԿ նախագահի մոտիկ ընկերն ա: Ես ասում եմ՝ էսի նվիրատվություն ա էղել», - ասաց ցուցարարներից մեկը:

Մեկ այլ ցուցարար ասաց, թե «թաքուն ինչ-որ աճուրդ են արել»․ - «25 հազար դրամով աճուրդ են կայացրել, երբ մենք դուրսը տեղի վարձ տալիս ենք 100-200 հազար դրամ»:

Ցուցարարները պնդեցին, թե աճուրդի մասին իրենք տեղյակ չեն եղել․ - «Չենք գտնում: Զանգահարում ենք իրանց, ասում ա՝ կայքից ջնջվել ա․․․»

Իրավիճակի վերաբերյալ արդեն երկու օր «Ազատությանը» չի հաջողվում պատասխան ստանալ Պետեկամուտների կոմիտեից։ Վերադաս մարմիններին այսօր գրություններ է ուղարկել նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով ուսումնասիրել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդիրն ու արդարացի լուծում տալ։

XS
SM
MD
LG