Մատչելիության հղումներ

Գևորգ Պետրոսյան․ Գնաճի պայմաններում պետությունն «անպայման պետք է վերանայի իր աշխատավարձի քաղաքականությունը»


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ գնաճի այս պայմաններում Կառավարությունը պետք է ինդեքսավորի աշխատավարձերը, փոխհատուցի մարդկանց վնասները:

Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչում է դեռևս 2005 թվականին ընդունված Աշխատանքային օրենսգրքի՝ աշխատավարձերի ինդեքսավորման դրույթը: - «Օրենսգիրքը գործում է արդեն 13 տարի, և աշխատավարձերը համահունչ ինդեքսացիա չեն ապրել այդ թանկացումների համապատասխան», - «Ազատության» հետ զրույցում այսօր նշեց Պետրոսյանը: - «Եթե գնաճ կա և դա շարունակական բնույթ է կրում՝ ոչ մի գնի անկում չկա, ամեն ինչը հարաճուն աճում է, ընդ որում դրանք առավելապես վերաբերում են առաջին անհրաժեշտության սպառման իրերին, և այս պայմաններում պետությունն անպայման պետք է վերանայի իր աշխատավարձի քաղաքականությունը: Բայց Կառավարությունը բավարարվում է ասելով` բյուջեում փող չկա, չենք նախատեսում բարձրացում: Կներեք, բյուջեում փող չլինել՝ դա արդարացում չէ: Բա պետություն ես, քեզ հռչակում ես սոցիալական, իրավական, ինքնիշխան: Դու պետք է ապահովես բյուջեի այնպիսի շարժը, այնպիսի զարգացումը, որ կարողանա հոգալ մարդկանց նյութակենցաղային գոնե նվազագույն պայմանները: Ասել՝ չեմ կարողանում, չկա, ուրեմն նման Կառավարությունը պետք է ընդհանրապես հեռանա»:

Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ տարեսկզբին բենզինի, դիզելային վառելիքի և ավտոմեքենաների լիցքավորման սեղմած գազի գների բարձրացումը շղթայական ազդեցություն է ունենալու՝ հանգեցնելով գնաճի ամենատարբեր ոլորտներում․ - «Չի կարող դիզելային վառելիքը կամ բենզինը թանկանալ, և դա չանդրադառնա սննդի, հագուստի գների վրա: Ի վերջո ապրանքը տեղափոխում են վառելիքի միջոցով: Եթե վառելիքը թանկանում է, ապրանքի վերջնական արդյունքի ծախսերը շատանում են, պետք է ապրանք վաճառողը շահույթ ունենա»:

Regular տեսակի բենզինը նախկին 390 դրամի փոխարեն տոնական օրերից արդեն վաճառվում է 430 դրամով, գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը՝ 390-ից հասել է 440 դրամի, 30-ից 40 դրամով էլ թանկացել է ավտոմեքենաների լիցքավորման գազը:

Վառելիքի շուկայում գնաճին հատուկ հայտարարությամբ անդրադարձել է իշխող ՀՅԴ-ն՝ շեշտելով, թե մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին, ինչը պետք է դառնա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա: Հանձնաժողովը, սակայն, չնայած ոչ աշխատանքային օրերի ավարտին, մեկնաբանություններով դեռ հանդես չի գալիս:

Հունվարի 1-ից ծանրացել է 150,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների սոցիալական բեռը․ այսուհետև նրանք 26 տոկոս եկամտահարկի փոխարեն վճարելու են 28 տոկոս:

Հունվարի աշխատավարձից ամենաշատը կհարկվեն 2 միլիոն դրամից բարձր ստացողները՝ 36 տոկոս: «Ծառուկյան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով, որ գոնե մինչև 300 հազար դրամ ստացողները 26 տոկոսից ավելի չհարկվեն՝ արդեն ուժի մեջ մտած 28 տոկոսի փոխարեն:

«Նման եկամտային հարկ որևէ երկրում գոյություն չունի՝ այնպիսի երկրում, որը գտնվում է մեր պետության վիճակում: Կարող է լինել շատ բարձր աշխատավարձեր, կենսամակարդակը բարձր լինի, նաև եկամտահարկը բարձր լինի, բայց մեր երկրի, մեր իրականության պայմաններում չկա մի ուրիշ տեղ այդպիսի երկիր, որտեղ քաղաքացին այդպես հալածվի պետության կողմից: Կարծես թե ամեն ինչ արվում է Հայաստանում արտագաղթը խրախուսելու համար», - մեկնաբանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը:

Ամիսներ անց՝ հուլիսի 1-ից էլ մինչև 44 տարեկան բոլոր՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր աշխատողների համար պարտադիր կդառնա կուտակային կենսաթոշակային համակարգը՝ աշխատավարձից նոր պահումներով: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը սրան գումարում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար գանձվող 1000-ական դրամները և սպասվող գնաճը, որը, ըստ պաշտոնական տվյալների, կարող է հասնել մինչև չորս տոկոսի: - «Փաստորեն այն քաղաքացիներն, ովքեր կստանան 150,000-ից ավելի եկամուտ կամ աշխատավարձ, ամսական պետք է վճարեն նախկին 26-ի փոխարեն 28 տոկոս, կմնա նորից 5 տոկոս սոցիալական վճար, նորից կմնա այն քաղաքացիների համար, ովքեր 74 թվականից հետո են ծնվել՝ ևս հինգ տոկոս», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել էր տնտեսագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG