Մատչելիության հղումներ

Ըստ լրամշակված նախագծերի՝ աջ ղեկով մեքենաների վերահաշվառումը չի արգելվի․ ՏԿՏՏՆ


Հայաստանի կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են կառավարության քննարկմանը։ Այս մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (ՏԿՏՏՆ) լրատվական ծառայությունը:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները: Իսկ 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը հիշեցնում է, որ «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների առաջարկները դեռևս 2017-ի դեկտեմբերի 28-ին քննարկվել են նախագծերը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը։

Հիշեցնենք, կառավարությունը իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

Վարորդները բողոքում են աջ ղեկանիվով ավտոմեքենաների վերահաշվառման, այսինքն՝ վաճառքի նախատեսվող արգելքի դեմ և բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նախագծերից հանել այդ դրույթները: Նրանք շեշտում են նաև, որ նախարարությունը չի հիմնավորել պնդումը, թե աջ ղեկով մեքենաները խոչընդոտում են անվտանգ երթևեկությունը:

«Աջ ղեկ» շարժումը պատրաստվում է հերթական բողոքի ակցիան անցկացնել այսօր՝ կառավարության շենքի մոտ, պահանջելով վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG