Մատչելիության հղումներ

«Եթե վերահաշվառման արգելքը չվերացվի, մենք մնացած հարցերը չենք քննարկի». «Աջ ղեկ»-ը շարունակում է բողոքի ակցիաները


Երեկվանից «Աջ ղեկ» շարժումը վերսկսել է բողոքի ակցիաները։

Շարժման համակարգողներից Հայկ Մկրտչյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօր բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում։

«Թող վարչապետն իջնի մեզ հետ հանդիպման, փորձի բացատրություն տա այս նախագծին, փորձի մեզ ապացուցել, որ սա, ինչպես իրենք են ներկայացնում, իրոք վտանգավոր է։ Մեկ հարց էլ ունենք տրանսպորտի նախարարին, ինքը վիրավորեց 35 հազար վարորդի՝ նրանց «կամիկաձե» անվանելով։ Այդպիսի վարքագիծ ցուցաբերող նախարարներն իրավունք չունեն կառավարությունում աշխատելու», - ասաց Մկրտչյանը։

Համակարգողներից Գևորգ Աճեմյանը հավելեց՝ այսօրվա գլխավոր պահանջը վերահաշվառման արգելքի վերացումն է։ «Այսինքն՝ անվանափոխման արգելքի վերացումն է, եթե սա չի կատարվում, մենք մնացած հարցերը չենք քննարկում։ Երբ որ սա վերացվի, մենք կնստենք բանակցությունների սեղան, եթե սա չի վերացվի, մենք չենք նստի բանակցությունների սեղանին։ Իսկ առաջարկները շատ-շատ են՝ սկսած խրախուսական մեթոդներով ձախ ղեկանիվով մեքենաների մաքսազերծման իջեցում, համաչափ աջ ղեկանիվով մեքենաների մաքսազերծման դրույքաչափի բարձրացում, վերջացրած մաքսային գումարների վերադարձ աջ ղեկանիվով մեքենաների, որը թույլ կտա այդ մեքենան դուրս հանել երկրից և օտարել և դրա գումարով ձախ ղեկանիվով մեքենա գնել»։

Հիշեցնենք, կառավարությունը իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

Վարորդները բողոքում են, որ նախարարությունը չի հիմնավորել պնդումը, թե աջ ղեկով մեքենաները խոչընդոտում են անվտանգ երթևեկությունը:

Դեկտեմբերի վերջին նրանք Երևանում բողոքի ավտոերթ անցկացրեցին, շարժման ներկայացուցիչներին ընդունեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Նշենք նաև, որ նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարժման անդամները տարեվեջին քննարկումներ են ունեցել, ներկայացրել են իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունն աջ ղեկով մեքենաների վերահաշվառման արգելքին է վերաբերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG