2017-ի տարեսկզբից Մշակույթի նախարարությունը հայտարարեց հայ կինոյի ոլորտում լուրջ բարեփոխումներ կատարելու մտադրության մասին: Ըստ այդմ՝ նախատեսվում էր մշակել և կառավարությանը ներկայացնել հայ կինոյի զարգացման հայեցակարգը՝ Կինոյի մասին օրենքի նախագիծը, որոշակի փոփոխություններ կատարել Ազգային կինոկենտրոնի գործառույթներում, կառավարման համակարգում և այլն:
2017-ի հուլիսին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ազատվեց աշխատանքից, նախարարի մեկ այլ հրամանով կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Շուշանիկ Միրզախանյանը՝ ազատվելով «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պաշտոնից: Շուշանիկ Միրզախանյանի հրամանով էլ Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար (ֆիլմ-հանձնակատար) նշանակվեց Արսեն Բաղդասարյանը: Մշակույթի նախարարը վստահեցրեց` ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտը հայ կինոյի ոլոտում լուրջ փոփոխությունների երաշխիքներ է բերում:
Անցած տարի վախճանվեց անվանի կինոռեժիսոր, Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Նրա մահվանից մի քանի ամիս անց կինոգործիչների արտահերթ համագումարը միության նոր նախագահ ընտրեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին:
Միության նախագահի ընտրություններում իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև կինոկենտրոնի նախկին ղեկավար Գևորգ Գևորգյանը և Ռուբեն Գևորգյանցի որդին՝ Վահե Գևորգյանցը: Ուշագրավ է, որ, ինչպես պնդում են կինոգործիչներից շատերը, Կինոգործիչների միության այս արտահերթ համագումարի ընթացքում կայացած ընտրությունները պառակտում չեն առաջացրել կինոգործիչների շրջանում:
Հայ կինոյի ոլորտում սպասվող բարեփոխումներին նվիրված այս հաղորդումն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը: