Մատչելիության հղումներ

Երևանում նոր ճոպանուղու կառուցման հարցում այս տարի հստակություն կմտնի


Երևանի ճոպանուղին, 1974 թ․, արխիվ
Երևանի ճոպանուղին, 1974 թ․, արխիվ

Երևանի Չարենցի և Հերացու փողոցների անկյունում 1967 թվականին ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանն ու Հովհաննես Մարգարյանը կառուցեցին Երևանի առաջին ու դեռևս վերջին ճոպանուղին։ Նորքի բարձունքը Կենտրոնին կապող այդ էկոտրանսպորտը նաև տուրիստական նշանակություն ուներ։ «Նաիրի» հյուրանոց, կամ ինչպես խորհրդային տարիներին էին ասում, «Տուրբազա» գնացող զբոսաշրջիկները հնարավորություն էին ունենում հաճելին օգտակարի հետ համատեղել ու տեսնել Երևանը թռչնի թռիչքի բարձրությունից։

Վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի հիշողության մեջ ճոպանուղին մնացել է որպես քաղաքին կոլորիտ հաղորդող կառույցներից մեկը։ Ճոպանուղին 70-ականների երիտասարդության խորհրդանիշներից էր, 90-ականներին՝ տրանսպորտի սղության պայմաններում, նաև այլընտրանքային կարևոր փոխադրամիջոց էր դարձել, հիշում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

90-ականների դժվարությունները հաղթահարած ճոպանուղին, սակայն, չդիմացավ 2000-ականների փորձությանը։ 40 տարին չբոլորած կառույցը նորոգման ու վերազինման կարիք ուներ։ Դա չարվեց, ու 2004-ի ապրիլի 2-ի վթարը 5 հոգու մահվան պատճառ դարձավ։ Ճոպանուղու խցիկն ընկավ Նորքի տներից մեկի բակը՝ Ռաֆիկ Զաքարյանի տան հարևանությամբ։

2004-ին դատարանը Երևանի ճոպանուղում տեղի ունեցած վթարը որակեց որպես տեխնիկական անհրաժեշտ նորոգում չիրականացնելու հետևանք և տնօրեն Գրիգոր Ջանյանին դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Իսկ պատասխանատվությունից խուսափած Ռոբերտ Եղիազարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Վթարից հետո օդային տրանսպորտի ճակատագիրը մնաց օդից կախված։ Երևանն այլևս ճոպանուղի չուներ, սակայն ուներ ճոպանուղու շենք, որը, սակայն, կարճ ժամանակ անց վերածվեց աղբանոցի․ բետոնե ծածկը սկսեց քայքայվել, միաժամանակ՝ տանիք տալով անօթևաններին։ Անգամ առանց տրանսպորտի գործառույթի, շենքն ինքնին պահպանման արժանի է՝ կարծում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Ստեփան Նալբանդյանի համոզմամբ, ճոպանուղու շենքը թեև բավականին վնասված է, բայց վերականգնելու համար դեռ ուշ չէ։ Ճարտարապետն այլ լուծում է առաջարկում։ Վերականգնված շենքի համար կարելի է բազմաթիվ այլ կիրառություններ գտնել։

Ճոպանուղու շենքը նորոգե՞լ, թե քանդել՝ որոշողը սեփականատերն է։ Քաղաքային իշխանությունն անելիք չունի, ասում է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Փոխարենը 2017-ի աշնանից քաղաքապետարանը քննարկում է նոր ճոպանուղու կառուցման ծրագրեր։ «Երևաննախագիծը» նախնական հինգ հնարավոր ուղղություն է ներկայացրել։

Առաջին տարբերակի համաձայն՝ ճոպանուղին ձգվելու է Կոմիտասի անվան պուրակից մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան։ Երկրորդ տարբերակով առաջարկվում է Մաշտոցի պողոտան կապել 16-րդ թաղամասին։ Երրորդ տարբերակի իրագործման դեպքում հնարավոր կլինի օդային տրանսպորտով «Օղակաձև» զբոսայգուց հասնել Գայի պողոտա։ Չորրորդ առաջարկն իրար կկապի Տիգրան Մեծն ու Նոր Նորքի 7-8 զանգվածները, իսկ հինգերորդ տարբերակի համաձայն՝ նպատակահարմար է ճոպանուղի կառուցել Թամանյանի անվան պուրակից մինչև «Նոր Արաբկիր» զբոսայգի։

Սարհատ Պետրոսյանի համոզմամբ՝ տուրիստական առումով ճոպանուղու կառուցումը եկամտաբեր չի լինելու՝ ժամանակները փոխվել են։ Մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով ևս ճոպանուղու կառուցումը, ըստ ճարտարապետի, հաջող լուծում չէ։

Անցած տարվա հոկտեմբերին Երևանում ճոպանուղի կառուցելու համար քաղաքային իշխանությունների հետ բանակցում էր ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերությունը։ Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հավաստմամբ, ընկերությունն ուսումնասիրություն կանցկացնի և արդեն այս տարի հայտնի կդառնա՝ կլինե՞ն ներդրողներ, թե ոչ։ Քաղաքապետարանի կայքում տեղադրված տեղեկության համաձայն, նախնական գնահատականով ճոպանուղու կառուցման համար մոտ 20 մլն դոլար է անհրաժեշտ։ Հաշվարկը կատարվել է 5-6 կմ երկարության համար։

Մայրաքաղաքում ճոպանուղի ունենալն ինքնանպատակ չէ, շեշտում են ճարտարապետները։ Եթե մասնավոր սեփականություն դարձած ճոպանուղին ոչ մի կերպ չի պահպանվում, քաղաքային իշխանությանը հորդորում են գոնե այնպես անել, որ նորը չարժանանա հնի ճակատագրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG