Մատչելիության հղումներ

Դիզվառելիքը, բենզինն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը թանկացել են


2018-ը հայաստանցիների համար սկսվում է թանկացումներով՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները:

Եթե մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 390 դրամ, այսօր երևանյան բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով: Է՛լ ավելի շատ է թանկացել գյուղացիների համար անհրաժեշտ դիզվառելիքը՝ 390 դրամից հասել է 440-ի:

Ամենից շատը թանկացել է գազը․ այսօր վարորդները մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց արդեն վճարում էին 210-220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին լիցքավորում էին 180-190 դրամով:

Տաքսիների ու միկրոավտոբուսների վարորդների արձագանքը դժվար չէր կանխատեսել:

«Շատ վատ ազդեցություն կունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը: - «Ամեն ինչի թանկացման կբերի»:

Շարունակվող գնաճի պայմաններում արդեն մի քանի տարի է իշխանությունները հրաժարվում են բարձրացնել կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը: 2018-ին նույնպես դրանք կմնան նույն մակարդակին:

Բարեկեցությունից ու որպես արդյունք՝ մինչև 2040 թվականը 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի մասին բազմիցս հայտարարություններ արած Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրում նվազագույն աշխատավարձը վերջին անգամ աճել է ավելի քան երկուսուկես տարի առաջ՝ 2015-ի հուլիսի 1-ին, ու ցայսօր այն շարունակում է մնալ նույնը՝ 55 հազար դրամ կամ գրեթե 113 ԱՄՆ դոլար՝ այսօրվա փոխարժեքով:

Մինչդեռ, Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, 2017թվականի երրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 55 հազար 591 դրամ, այսինքն՝ ավելի շատ, քան նվազագույն աշխատավարձն է:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով, դիզվառելիքի, բենզինի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացումները բացասական ազդեցություն կթողնեն հատկապես բնակչության սոցիալապես անապահով խավի վրա՝ լրացուցիչ բեռ հանդիսանալով սպառողների համար․ - «Գազի թանկացումը պայմանավորված է նոր Հարկային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի ներդրմամբ: Ակցիզային հարկի շրջանակներում այսուհետ նաև ավտոգազալցակայանների կողմից վաճառվող գազը հարկվում է նաև ակցիզային հարկով: Հետևաբար այդ հարկի չափով, հերթական անգամ մենք ականատես ենք լինում, որ վաճառողը հարկային լրացուցիչ պարտավորությունները ամբողջովին, դեռ մի բան էլ ավելին, ավելացնում է գնի մեջ: Այսինքն՝ դրա համար ի վերջո վճարում է վերջնական սպառողը»:

Ըստ Առաքելյանի, հարկային կամ մաքսային որևէ փոփոխություն ընկած չէ բենզինի թանկացման հիմքում, փոխարենը այստեղ գործ ունենք փաստացի մոնոպոլ շուկայի հետ․ - «Ես սա ավելի շուտ կպայմանավորեմ վերջին օրերին միջազգային գների թանկացմամբ, սակայն դրա ազդեցությանը մենք, ցավոք, ականատես ենք լինում նույն րոպեին: Բայց ակնհայտ է, որ բենզինի պաշարները Հայաստանում որոշակի ժամանակահատվածի համար կան: Այսինքն այնպես չէ, որ եթե այսօր միջազգային շուկայում թանկանում ա, մեկ ժամ հետո Հայաստանում բենզինի գինը պետք է թանկանա»:

Հայաստանում մինչև հունվարի 8-ը ոչ աշխատանքային օրեր են, ուստի այսօր չհաջողվեց արձագանք վերցնել պետական մարմիններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG