Քանի դեռ Իրանում իրավիճակը վերահսկելի է, տարածաշրջանին ցնցումներ չեն սպառնում: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով վեց օր շարունակ Իրանի տասնյակ քաղաքներում ընթացող զանգվածային ցույցերին։
«Իրանն իսկապես այս հատվածում անվտանգության ապահովողներից մեկն է։ Մենք տեսանք նույն ահաբեկչական «Իսլամական պետության» առաջ որ կանգնեց և պահեց, պարիսպի նման պահեց հենց Իրանը Սիրիային», - նշեց Իսկանդարյանը՝ շարունակելով. - «Իրանը պահում է անվտանգությունը տարածաշրջանում, և եթե հանկարծ Իրանը լուրջ խնդիրների առաջ կանգնի, մենք էստեղ իսկապես շատ լուրջ դժվարություններ ենք ունենալու»։
Դեկտեմբերի 28-ից Իրանում մեկնարկած բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են 2009-ից ի վեր: Բողոքի գործողությունները երկրի ողջ տարածքում սկիզբ առան առաջին անհրաժեշտության ապրանքների՝ նախևառաջ սննդամթերքի գների կտրուկ աճից հետո:
Ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով արդեն առնվազն 22 մարդ է զոհվել, 450 հոգի բերման են ենթարկվել: Բախումները անցած գիշեր ևս շարունակվել են:
Վերլուծելով իրավիճակը հարևան երկրում՝ Գոհար Իսկանդարյանը հիշեցնում է 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված պատմական որակվող համաձայնագիրը, որով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ երկրի նկատմամբ տասնամյակներ առաջ սահմանված պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Իրանագետն ընդգծում է՝ բնակչության սպասումները մեծ էին այդ համաձայնագրից, սակայն երկիր մուտք գործած գումարները, իրաքյան ճգնաժամի հետևանքով, ծախսվեցին ոչ թե տնտեսական, այլ անվտանգության խնդիրներ լուծելու համար:
«Այսինքն, սոցիալական բարեփոխումներ այդպես էլ տեղի չունեցան։ Եվ հիմա, երբ որ մենք տեսանք՝ ապրանքների թանկացում տեղի ունեցավ, սա արդեն ընդհանրապես չհանդուրժեց իրանական ժողովուրդը, և ընդվզեցին, և մենք տեսնում ենք նրանց կոչերում, որ «բավակա՛ն է Սիրիային օգնել, բավակա՛ն է Պաղեստինին օգնել, ուշադրություն դարձրեք իրանակա՛ն ժողովրդին», - նշեց Գոհար Իսկանդարյանը։
Տնտեսական խնդիրներից բացի, մասնագետը նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում ստեղծված լարված իրավիճակում:
Այսօր առաջին անգամ երկրում ստեղծված իրավիճակին գնահատական է տվել Իրանի հոգևոր առաջնորդը: Այաթոլա Ալի Խամենեին մեղադրել է «երկրի թշնամիներին» հակակառավարական ցույցերին աջակցելու համար: Հիշեցնենք՝ երկու օր առաջ էլ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ քաղաքացիները բողոքի գործողություններ կազմակերպելու լիակատար իրավունք ունեն, ընդգծելով, որ մարդկանց միակ մտահոգությունը տնտեսության վիճակը չէ, մարդիկ դժգոհ են նաև կոռուպցիայի ծավալներից և թափանցիկության բացակայությունից:
«Մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը հոգևոր առաջնորդն է, և նա է որոշում այն բոլոր գծերը, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը իրականացնում է։ Այսինքն, այսօր այն սլաքները, որ ուղղված են, ուղղվում են Ռոհանիի դեմ, նա շատ հստակ երեկ հայտարարեց, որ «այն գումարները, որոնք պետք է լինեն իրանական կառավարության անմիջական հսկողության տակ, մենք դա չունենք», այլ հարց է, որ պետք է ամեն ինչ էնպես անեն, որ դուրս չգա վերահսկողության տակից, և կարողանա Իրանի ժողովուրդը բողոքի և իր բողոքը հասցնի ղեկավար մարմիններին, որպեսզի նրանք վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը», - ասաց Իսկանդարյանը՝ շարունակելով. - «Այսինքն, այստեղ մենք տեսնում ենք, որ իրանական կառավարության ներսում, իշխանական՝ ոչ թե կառավարական, այլ իշխանական կազմի մեջ կան խնդիրներ»։
Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանություններն արգելափակել են երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram-ը և Telegram-ը: «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանի կարծիքով՝ արդեն ստեղծված վիճակը լուրջ հետևանքների է հանգեցրել: Լրագրողի համար ակնհայտ է՝ այս ամենը երկրի ղեկավարության համար անսպասելի էր:
«Եթե գնան մինչև հեղափոխություն, և դա տարբեր արձագանք կունենա տարածաշրջանում, եթե ռեժիմի փոփոխման գնա, տարբեր արձագանք կունենա։ Ընդ որում, ասեմ, որ ցուցարարները հիմնականում հենց դա են պահանջում՝ պահանջում են գլխավոր օրենքի, մայր օրենքի փոփոխություն, ռեժիմի փոփոխություն և այլն։ Եթե գնա դեպի դա, պարզ է, որ շատ իրավիճակ կփոխվի», - ասաց Մինասյանը` շեշտելով. - «Մեզ համար ավելի ազատ Իրանը, ավելի ժողովրդավար Իրանը ավելի ձեռնտու է՝ ավելի կանխատեսելի առումով»։
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը, որ ավելի վաղ ամփոփելով 2017 թվականը՝ նկատել էր, թե այն բավականին լավ հիմքեր է ստեղծել 2018 թվականին հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար, հույս հայտնեց, որ Իրանը կհաղթահարի այս իրավիճակը, և երկկողմ հարաբերությունները հնարավոր կլինի զարգացնել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային բնագավառներում։