Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունը հայտարարել է, որ իր երկիրն այժմ հնարավորություն ունի միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգների ցանկացած կետի և որ միջուկային կոճակը իր «սեղանին է»։
«Սա ոչ թե սպառնալիք է, այլ իրականություն», ֊ ամանորյա իր ուղերձում հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Նա պնդել է, որ իր երկիրն «ավարտել է» միջուկային տերություն դառնալու գործընթացը և այժմ՝ «մենք պետք է միջուկային մարտագլխիկների և բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրություն սկսենք»։
Քիմ Յոնգ Ունը, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ նման զենքերը կիրառվելու են միայն իր երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև հաշտվողական ձևակերպումներ է օգտագործել հակառակորդ Հարավային Կորեայի հասցեին, նշելով, թե «երկխոսության ճանապարհը բաց է», որպեսզի Փհենյանի և Սեուլի հարաբերությունները բարելավվեն։