Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ քաղաքացիները «բացարձակապես ազատ են» իշխանություններին քննադատելու և ցույցեր անցկացնելու առումով, սակայն հորդորել է զերծ մնալ բռնություններից։
Ռոհանին այս մասին խոսել է դեկտեմբերի 31֊ին՝ երկրում արդեն չորրոդ օրը շարունակվող ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով ենթադրաբար երկու քաղաքացի զոհվել է, կան վիրավորներ և հարյուրավոր ձերբակալվածներ։ Անցնող տարվա վերջին օրը, փորձելով զսպել բողոքի ցույցերի ալիքը, իշխանությունները արգելափակել են սոցիալական ցանցերի հավելվածները և մասնակիորեն սահմանափակել ինտերնետի հասանելիությունը։
Արձագանքելով Իրանում տեղի ունեցող զարգացումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում աջակցություն է հայտնել ցուցարարներին և Թեհրանին մեղադրել քաղաքացիների իրավունքները ոտնահարելու և «ինտերնետը փակելու» մեջ։