Մատչելիության հղումներ

Իրանում բողոքի ակցիաների ընթացքում առնվազն երկու ցուցարար է զոհվել


Իրանում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում առնվազն երկու ցուցարար է զոհվել, մինչ իշխանությունները սպառնում են «երկաթե բռունցքով» ճնշել գների աճով պայմանավորված դժգոհության ալիքը:

Երրորդ օրը շարունակվող բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են 2009-ից ի վեր:

Իրանական «Մեհր» գործակալությունը, հղում կատարելով Լորեստանի նահանգապետի տեղակալ Հաբիբուլլահ Խոջեսթեփուրին, հայտնել է, որ արևմտյան Դորուդ քաղաքում իրականացված անօրինական բողոքի ակցիան վերաճել է բախումների, որոնց ընթացքում երկու մարդ զոհվել է:

«Ոստիկանությունը և անվտանգությանը ծառայությունները ոչ մի կրակոց չեն արձակել», ֊ ավելի ուշ հայտարարել է Խոջեսթեուրը՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ: ֊ «Մենք փաստեր ունենք, որ այս բախումների համար մեղավոր են հեղափոխության թշնամիները՝ Թաքֆիրի խմբավորումներն ու օտարերկրյա գործակալները»:

Թաքֆիրի տերմինը հաճախ օգտագործվում է սուննի զինյալներին, մասնավորապես՝ «Իսլամական պետությանը» հարող խմբավորումներին բնութագրելու համար:

Չնայած իշխանությունների պնդումներին՝ սոցիալական ցանցերում հրապարակվել է մի տեսանյութ, որի հեղինակները պնդում են, թե դրանում երևում է, թե ինչպես են ոստիկանության հատուկ ստորաբաժանումները կրակում՝ սպանելով երկու ցուցարարի: «Ազատությանը» չի հաջողվել պարզել, արդյո՞ք այս տեսանյութը համապատասխանում է իրականությանը: Մինչդեռ, «Ամերիկայի ձայնը» տեսանյութի օգնությամբ կարողացել է պարզել երկու զոհերի ինքնությունը և զրուցել նրանց ընտանիքների հետ:

Հակակառավարական բողոքի ակցիաները սկսվել են սննդի, մասնավորապես՝ ձվերի և թռչնամսի գների շեշտակի աճի պատճառով: Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ, հակակառավարական ցույցեր են անցկացվել շուրջ 1,200 քաղաքներում և գյուղերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG