Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրապարակված իր ամանորյա ելույթում, անդրադառնալով ազատամարտիկների՝ դատարանի առջև կանգնելու փաստին, հայտարարում է` այն, ինչ կատարվում է, բոլորի ողբերգությունն է։ Անուններ նա չի նշում, մինչդեռ հայտնի է, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ կան և՛ «Սասնա ծռեր»-ի, և՛ Նորքի զինված խմբի կազմում, նախորդ ամիս 6 տարվա ազատազրկման դատապարտվեց նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«Հետևելով երկրում ընթացող մի շարք աղմկահարույց դատավարությունների՝ ցավ ու դառնություն եմ ապրում՝ տեսնելով անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերներին։ Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն Արցախի ազատագրական պայքարում։ Եվ այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. մենք բոլորս մտածելու, պատճառները հասկանալու և լուծումներ գտնելու պատասխանատվություն ունենք, այլապես հասարակությունը վերջնականապես կբաժանվի «դատավորների» և «զոհերի», - ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը:
Տարվա ամենակարևոր իրադարձությունը համարելով ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդդիմադիր ՕՐՕ դաշինքը գլխավորած Օհանյանը դրանից բխող մի շարք հարցեր է բարձրացնում՝ կարծիք հայտնելով, թե դրանք շարունակում են մնալ անպատասխան․ - «Արդյո՞ք արդարացան ժողովրդի սպասումները։ Արդարության և ժողովրդավարության նոր ցուցանիշներ ապահովեցի՞նք։ Ձևավորվե՞ց արդյոք փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտ։ Ավելի հավատով լցվեցի՞նք արդարության տառը պաշտպանող համակարգի հանդեպ։ Կգտնե՞նք համազգային սպառնալիք հանդիսացող դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ճանապարհները։ Գտնվեցի՞ն արդյոք երկիրը տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները»:
«Այսօր այս կարևորագույն հարցերի շուրջ զօր ու գիշեր աշխատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու և իրականությանը համապատասխանող լրատվություն ապահովելու, միմյանց հետ քաղաքակիրթ երկխոսելու փոխարեն տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով, քաղաքացու համարձակությունը ջարդող, վախ սերմանող փորձերով, պետության համար վտանգավոր սադրանքներով՝ ուղղված արտաքին և ներքին քաղաքական դաշտերին», - շարունակում է նախկին նախարարը՝ մերժելով և դատապարտելով «ինքնանպատակ բանսարկություններով արհեստական շիկացած մթնոլորտ ստեղծելու յուրաքանչյուր էժանագին հնարանք և փորձ»:
Հետընտրական իրավիճակի հարցում այլ կարծիքի է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ում հավաստմամբ՝ իշխանությանը ձայն տված ընտրողն իրեն խաբված չի զգալու: Ըստ Հովհաննիսյանի, հատկապես աննախադեպ էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո ցնցումներ չեղան։
«Անկախ նրանից՝ ինչպես են մեկնաբանում, որևէ մեկի մոտ, և ես դրանով եմ բացատրում հետընտրական զարգացման բացակայությունը, որևէ մեկի մոտ կասկած չի եղել քվեի հասցեական լինելու հետ կապված: Սա է էականը, քաղաքական տեսանկյունից դա է էականը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Սեյրան Օհանյանը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տարեսկզբին ստեղծեց ՕՐՕ դաշինքը։ Ընդդիմադիր ուժը խորհրդարան չանցավ։ Ամանորյա իր ուղերձում Օհանյանն այսօր հայտարարում է՝ իրավիճակը Հայաստանում հուսադրող չէ։
«Ձևավորված նոր կառավարության գործունեության ընթացքում իրականացվող կառուցվածքային և կադրային փոփոխությունները, նոր գործելաոճը, տնտեսական կյանքի որոշակի ակտիվությունը, դեռևս հեռու են հուսադրող լինելուց և բախվելով համակարգի՝ տարիներով կարծրացած և նրանց հետ համակերպված տարբեր սպառնալիքների հետ՝ արագ ցանկալի արդյունք չեն տալու», - պնդում է պաշտպանության նախկին նախարարը: - «Չենք կարողանալու հասնել հաջողությունների, եթե համապատասխան աշխատանք չտանենք՝ կառավարման ժամանակակից մշակույթ ձևավորելու նպատակով, մանավանդ քաղաքական և կուսակցական չկայացած համակարգի պայմաններում՝ ռազմավարական մտածելակերպով և պլանավորմամբ, պետական գաղափարախոսությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման արդիական մեխանիզմներով, քննարկումների, ստեղծագործական համարձակ արարման լայն հնարավորություններով և ամենակարևորը՝ ժողովրդի առջև թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության և խիստ պատասխանատվության ձևավորմամբ։ <...> Եվ իհարկե, եթե լուրջ պայքար չտանենք քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճմամբ ձևավորված և տնտեսության ազատականացումը արգելակող, երկրի զարգացումը դանդաղեցնող արատավոր երևույթի դեմ»:
Ինչի՞ կհասնի Հայաստանն այս իրավիճակում, կրկին հարց է բարձրացնում Օհանյանը, ընդգծելով՝ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել․ - «Գնալով սրվում է աշխարհի ուժային կենտրոնների միջև պայքարը, և Հարավային Կովկասի շուրջն առաջացած բացասական վեկտորներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության անվտանգության և Արցախի հիմնախնդրի վրա։ Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, քաջ գիտակցում են, որ տնտեսական, քաղաքական այս բարդ իրավիճակում, ինչպիսի հարաբերություններ էլ կառուցենք աշխարհի անվտանգային տարբեր համակարգերի և պետությունների հետ և ամենապատճառաբանված, հզոր պայմանագրերն էլ կնքենք, միևնույն է, չենք կարողանալու հասնել հաջողության, եթե երկրի ներքին կյանքում կտրուկ փոփոխություններ չիրականացնենք»։
«Պետք չէ ընկնենք աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջենք: Եկեք այն փնտրենք մե′ր մեջ։ Արդար և ազնիվ լինենք միմյանց հանդեպ, որ հիմք դառնա մեր ազգային միասնության, համախմբման, վերելքի և ամենակարևորը՝ Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար», - կոչ է անում նախկին նախարարը:
Խախտելով ամիսներ տևած հրապարակային լռությունը, Օհանյանն իր այսօրվա ելույթում այդուհանդերձ չի հստակեցնում՝ կվերսկսի՞ արդյոք ակտիվ քաղաքական գործունեությունը։
«Ինչպե՞ս անցնենք արդի ճգնաժամային փուլը: Առաջին հերթին պետք է անել այն, ինչը ոչ մի ռեսուրս չի պահանջում, այլ միայն քաղաքական կամք. հաստատել ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ», - հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը: