Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրած ամանորյա շնորհավորական ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու գերտերությունների կառուցողական երկխոսությունը մեծ նշանակություն ունի աշխարհի կայունության համար:
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Պուտինը գրել է Թրամփին, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են հաստատել «երկարատև հեռանկարի կտրվածքով պրագմատիկ համագործակցություն, որը հիմնված կլինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա»:
Պուտինը նշել է, որ ռուս-ամերիկյան կառուցողական երկխոսությունը հատկապես կարևոր է «աշխարհի ռազմավարական կայունությունն ամրապնդելու և համաշխարհային սպառնալիքներին ու մարտահրավերներին համարժեք պատասխաններ տալու համար»:
Ռուս-ամերիկյան հարաբերություններում վատթարացումը սկսվել է 2014 թվականից, երբ Ռուսաստանը զավթել է Ղրիմը, իսկ 2016 թվականին դրան ավելացել է նաև ամերիկյան նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության գործոնը: