Մատչելիության հղումներ

Հարկերի ծանրացումը կոնկրետ հասցեատեր ունի՝ միջին խավը. տնտեսագետ


Հաջորդ տարվանից 150.000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտային հարկը կավելանա ևս 2 տոկոսով՝ գործող 26-ի փոխարեն՝ կազմելով 28 տոկոս: Բայց կնվազի մինչև 150.000 դրամ ստացողների եկամտահարկը՝ կդառնա 23 տոկոս:

Մինչև 120.000 դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 24.4 տոկոս էր,120.000-ից մինչև 2 միլիոնի դեպքում՝ 26 տոկոս: Ամենաշատը կհարկվեն 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողները՝ 36 տոկոս:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հաշվարկել է, թե հաջորդ տարի ինչ է սպասում 150.000-ից բարձր աշխատավարձ ստացող, մինչև 44 տարեկան քաղաքացուն։1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների համար պարտադիր կդառնա կուտակային կենսաթոշակային համակարգը հաջորդ տարվա հուլիսի մեկից:

«Փաստորեն այն քաղաքացիներն, ովքեր կստանան 150.000-ից ավելի եկամուտ կամ աշխատավարձ, նրանք իրենց եկամտի 38-39 տոկոսը պետք է պետությանը հարկ վճարեն», ֊ նշեց տնտեսագետը: ֊ «Ուրեմն ամսական նրանք պետք է վճարեն նախկին 26֊ի փոխարեն 28 տոկոս։ Կմնա նորից էլի հինգ տոկոս սոցիալական վճար, կմնա այն քաղաքացիների համար, ովքեր 74 թվականից հետո են ծնվել ևս հինգ տոկոս։ Այսինքն՝ մոտ 38 տոկոս։ Եվ հազար դրամ եթե հաշվում ենք՝ 38-39֊ի արանքում»:

Խաչատրյանը հարկերին գումարում է նաև սպասվող գնաճը, որը, ըստ տնտեսագետի, նույնպես վնասելու է հայաստանցու գրպանին ու հայտարարում՝ մարդկանց գնողունակությունը նվազելու է: ԿԲ-ի կանխատեսմամբ, գնաճը 2018-ին կարող է հասնել մինչև 4 տոկոսի:

«Կարող ենք ասել, որ մենք անվանական աշխատավարձից հետո որպես գնողունակ մարդ շուկայում հայտնվում ենք 42 տոկոս ավելի պակաս գումարով, քան այն, ինչ մեր անվան դիմաց գրված է», ֊ փաստում է նա։

Վահագն Խաչատրյանը կարծում է՝ հարկերի ծանրացնումը կոնկրետ հասցեատեր ունի՝ միջին խավը․ ֊ «Ամբողջ տնտեսական քաղաքականության սուրը ուղղված է եղել միջին խավին, որպեսզի չձևավորվի։ Սա քաղաքական նպատակ է հետապնդում։ Հակառակ դեպքում միջին խավը միշտ այդ ամեն ինչից դուրս կլիներ, միշտ ինքն է լոկոմոտիվը տնտեսության։ Ինքնաշարժիչ ուժը՝ նորմալ, ժողովրդավարական տնտեսության։ Իսկ նման ավտորիտար համակարգերում ինքը միշտ խանգարող է լինում, որովհետև իր ակտիվությունը միշտ իշխող համակարգին խանգարում է, դրա համար սլաքը ուղղվում է իրեն, որ ինքը երբևիցե չկարողանա մեջքը ուղղի, հանգիստ հանդես գա, եկամուտները շատացնի և ինքը նաև քաղաքական տեսակետներ, մոտեցումներ և նպատակներ իր առջև դնի»։

«Ազատությունը» դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ ստանալու նաև նրանց գնահատականը հնչող տեսակետի վերաբերյալ, թե հունվարից ավելացող հարկային բեռը առաջին հերթին միջին խավին է հարվածելու: Գրավոր պատասխանում առանց գնահատականներ տալու Կոմիտեից միայն նշել են, թե հարկերը կտնտեսեն գրանցված աշխատողների շուրջ 90 տոկոսը: Ըստ ՊԵԿ-ի եկամտային հարկի բեռը նվազում է ամսական 279 հազ. դրամից ցածր աշխատավարձ ստացողների համար, աճում՝ դրանից բարձրի դեպքում։

Ըստ ՊԵԿ-ի, գրանցված աշխատողների թիվը կազմում է ավելի քան 606 հազար մարդ: Ամսական մինչև 150 հազար դրամ ստանում է նրանց գրեթե 70 տոկոսը՝ ավելի քան 421 հազար մարդ: 150 հազարից մինչև 2 միլիոն մոտ 184 հազարը, իսկ ամսական 2.0 միլիոն դրամից ավելի ստանում է 1285 հոգի:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կանխատեսում է՝ հարկերի ավելացումը կարող է նպաստել նաև ստվերային աշխատավարձերի աճին. ֊ «Դրանք, եթե նույնիսկ 150 հազար դրամ է, շատ դեպքերում ուղղակի գրվում է այդպես և իրենց վճարվում է այլ աշխատավարձ։ Դրա մասին նույնիսկ արտահայտվում են հարկային տեսուչները, երբ որ այցելում են ստուգումների և տեսնում են հարյուր հազարանոց աշխատավարձ, իրենք պարտադրում են, որ՝ այդպես չէ, պետք է ավելի բարձր գրեք, որովհետև չի կարող, ասենք, 120,000֊ով ինժեներ կամ տնտեսագետ կամ իրավաբան լինի, որովհետև բոլորը հասկանում են, որ Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղը, որը գնահատվում է 55 հազար դրամ, այդքան չէ։ 150 հազար ստացող մարդը, եթե երիտասարդ է, ինքը առձեռն կստանա 107 հազար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG