Մատչելիության հղումներ

Աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները տոներից հետո բողոքի ցույցեր կանցկացնեն


Աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները տոնական օրերից հետո պատրաստվում են բողոքի ցույցեր անցկացնել և դիմելու են վարչապետ Կարեն Կարապետյանին։ «Ազատության» հետ զրույցում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ Արթուր Խաչատրյանն ասաց, որ այսօր տրանսպորտի նախարարությունն արձագանքել է իրենց առաջարկներին, պատասխանը իրենց չի գոհացնում և կարծում են, որ գերատեսչությունը փորձում է մինչև ապրիլ ձգձգել գործընթացը՝ ուստի հետագա բանակցությունները անիմաստ են համարում։

«Որ այս կարգի՝ էժանագին ժամանակի ձգձգումներ կլինեն՝ չէինք սպասում», ֊ մեկնաբանեց նա: ֊ «Բայց, ինչևէ, մենք մի քանի քայլ առաջ ենք մտածել և արդեն իսկ պատրաստել ենք դիմումը, որը վաղը կներկայացնենք քաղաքապետարան՝ հունվարի յոթից մեր հավաքները, երթերը վերսկսելու: Մինչև հունվարի վերջ կներկայացնենք, թե էդ ընթացքում ինչ պատասխան կտան մեզ՝ շարունակությունը կերևա»:

Կառավարությունը մոտ երկու շաբաթ առաջ իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը: Ապրիլի 1-ից, ըստ նախագծի, աջ ղեկով մեքենաների շահագործումը չի արգելվի, բայց փոխարենը կարգելվի դրանց վերահաշվառումը՝ այսինքն մեքենան հնարավոր չի լինի վաճառել։ Հայաստանում այս պահի դրությամբ աջ ղեկով մոտ 32 հազար ավտոմեքենա կա: Կառավարությունը հիմնավորում է, որ դրանց շահագործումը աջակողմյան երթևեկություն ունեցող Հայաստանում վտանգավոր է:

Երկու օր առաջ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հանդիպել էին պաշտոնյաների հետ և ներկայացրել իրենց առաջարկները։ Այսօր նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ներկայացված որոշ կառուցողական առաջարկներ ընդունել են, որոշումների նախագծերը խմբագրել են և ներկայացրել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը։ Թե որ առաջարկների մասին է խոսքը՝ «Ազատության» հարցմանը նախարարությունից չմանրամասնեցին։ Մանրամասներ չեն փոխանցել նաև «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

«Կլինի արդեն վերջինը, որ մենք Տրանսպորտի, կապի նախարարության հետ ինչ֊որ մի բան հաշվի կնստենք: Սրանից հետո արդեն ոչ իրենց հետ», ֊ հայտարարեց Արթուր Խաչատրյանը: ֊ «Մենք արդեն հենց վարչապետից կպահանջենք, որպեսզի չեղյալ արվի այս նախագիծը, չմտնի ուժի մեջ, քանի որ վարչապետից վերև, այս հարցով, ինձ թվում է, իմաստ չունի դիմել, իսկ վարչապետը չի կարող ժամանակ ձգձգել Տրանսպորտի և կապի նախարարության պես, չի կարող ասել, որ՝ ես կոմպետենտ չեմ»:

Վարորդները բողոքում են, որ նախարարությունը չի հիմնավորել պնդումը, թե աջ ղեկով մեքենաները խոչընդոտում են անվտանգ երթևեկությունը: Արթուր Խաչատուրյանը ասաց՝ իրենց գլխավոր պահանջն այն էր, որ վերահաշվառումը չարգելվի, քանի որ, դա ըստ նրանց, հակասահմանադրական է և հակասում է իրենց գույքը տնօրինելու իրավունքին։ Այս պահանջը ներկայացրել էին նաև նախարարության պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպմանը․ ֊ «Երբ որ դա հանվի նախագծից, մյուս կետի մասով պատրաստ էինք գնալ քննարկումների: Նաև՝ միանգամից մենք մեր փաստաթղթի մեջ առաջարկներ տվել էինք, թե ինչու այդ կետը հիմնավորված չէ»:

Թե երբ կտրվեն առաջարկների պատասխանները՝ Տրանսպորտի նախարարությունը չի հստակեցնում, հայտարարելով, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

«Աջ ղեկ» նախաձեռնությունը արդեն մեկ անգամ բողոքի ցույց անցկացրել է, դրանից հետո նրանց ընդունել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և խոստացել, որ վարորդների բողոքը կներկայացնի վարչապետ Կարեն Կարապետյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG