Մատչելիության հղումներ

Միջգերատեսչական հանձնաժողովը խմբագրել է աջ ղեկով մեքենաների վերաբերյալ նախագծերը


Աջ ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ որոշումների նախագծերը մշակող միջգերատեսչական հանձնաժողովը հաշվի է առել «Աջ ղեկ» նախաձեռնության որոշ առաջարկներ և խմբագրել նախագծերը: Այս մասին այսօր հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում ասված է․ - «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը մշակող ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների գրավոր առաջարկները։ Հաշվի առնելով ներկայացված որոշ կառուցողական առաջարկներ՝ որոշումների նախագծերը համապատասխանաբար խմբագրվել են և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը»։

Արդյունքների մասին նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել:

Հիշեցնենք, կառավարությունը իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

Վարորդները բողոքում են, որ նախարարությունը չի հիմնավորել պնդումը, թե աջ ղեկով մեքենաները խոչընդոտում են անվտանգ երթևեկությունը, և պահանջում են, մասնավորապես, վերացնել երկրում այդ մեքենաների վաճառքի նախատեսվող փաստացի արգելքը:

Անցած շաբաթավերջին Երևանում բողոքի ավտոերթ էր անցկացվել, «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը: Այս շաբաթ էլ՝ երեքշաբթի օրը նախաձեռնության ներկայացուցիչները քննարկումները շարունակել էին նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ և գրավոր ներկայացրել իրենց առաջարկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG