2011թ․-ից ի վեր Կառավարությունը պետբյուջեից՝ այսինքն Հայաստանի քաղաքացիների հաշվին վճարել է 96.5 միլիոն դրամ երկու մասնավոր ընկերությունների՝ հեռուստախաղերի ցուցադրման տարեկան արտոնագրեր ձեռք բերելու համար:
«Ազատությանը» կրթության և գիտության նախարարության տրամադրած տեղեկանքի համաձայն, 2011-2017թթ․-ին պետական բյուջեից 88.5 միլիոն դրամ է հատկացվել «Փի-Արտ» ՍՊԸ-ին «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի տարեկան արտոնագրերը գնելու համար, ևս 8 միլիոն դրամ «Արմենիա TV-ին»՝ «Ամենախելացի» հեռուստանախագծի անցկացմանը աջակցելու նպատակով:
Այս ամենի ֆոնին՝ պետբյուջեից կրթությանը հատկացվող գումարները վերջին տարիներին միայն նվազում են: Դեկտեմբերի սկզբին հաստատված 2018թ․ պետբյուջեի նախագծում՝ 2017թ․-ի պետբյուջեի հետ համեմատած, կրթությանը հատկացվող գումարները նվազել են 630.9 միլիոն դրամով կամ 0.5 տոկոսով, իսկ 2017թ․-ին՝ 2016թ․-ի համեմատ, գումարը նվազել էր 0.2 տոկոսով: Հանրապետությունում կրճատվում է նաև դպրոցների թիվը․ Կառավարության պաշտոնական կայքէջի համաձայն, արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիրը, ինչը պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ թույլ կտա նաև խնայել ֆինանսական միջոցներ:
«Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի հերթական արտոնագիրը ձեռք բերելու համար՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկությամբ Կառավարությունը այս նոյեմբերին որոշեց 17 միլիոն դրամ հատկացնել «Փի-Արտ» ընկերությանը: Այսօր դաշնակցական նախարարից հետաքրքրվեցինք՝ հատկապես նման պայմաններում ինչո՞ւ են որոշել հարկատուների հաշվին մասնավոր ընկերությունների համար գնել հեռուստախաղերի արտոնագրեր, որոնք այնուհետև ցուցադրվում են մասնավոր հեռուստաընկերությունով:
«Իմ կարծիքով սա այն բնագավառներից մեկն է, որ աստիճանաբար պետք է փոխանցվի մասնավորի տիրույթ», ֊ նշեց նախարարը:
«Ազատության» հարցին՝ մյուս տարի նո՞ւյնպես գումար կհատկացվի լիցենզիա գնելու համար, Լևոն Մկրտչյանը պատասխանեց․ ֊ «Չէ, իմ կարծիքով մենք պետք է իրենցից ուզենք ամբողջական արդյունքը և պետք է հասկանանք, ինչպես այդ ծրագրից աստիճանաբար բեռնաթափվի բյուջեն և դա վերցնի իր վրա ամբողջ ծանրությամբ ընկերությունը»:
Նշենք, որ «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղին տարբեր ժամանակ բազմիցս մասնակցել են նաև Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը և այլ պաշտոնյաներ:
Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում «Փի-Արտ»-ի հիմնադիր է նշված Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի անունը: Նշված է նաև, որ նա դադարեցրել է իր մասնակցությունը ընկերությանը: «Փի-Արտ»-ի կայքէջի համաձայն, ընկերության հիմնադիր տնօրենն է Կարեն Քոչարյանը, ով հանրությանը ներկայանում է որպես քաղտեխնոլոգ:
Այսօր «Ազատության» հետ զրույցում Քոչարյանը չցանկացավ անդրադառնալ պետբյուջեից արվող հատկացումներին` ցանկություն հայտնելով դա անել միայն ուղիղ եթերում:
Անցած ամիս լրագրողների հետ էր հանդիպել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, և անդրադառնալով Հայաստանում գիտության ու կրթության ոլորտներում տիրող իրավիճակին՝ ուշագրավ հայտարարության արել, թե գիտությանը հատկացվող ֆինանսավորմամբ տարածաշրջանում Հայաստանը ամենավերջին տեղում է: Ակադեմիկոսի խոսքով, եթե գիտությանը Հայաստանի իշխանությունները հատկացրել են երկրի ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, ապա, օրինակ, Ադրբեջանը՝ 0.6 տոկոսը, իսկ Վրաստանը՝ 0.4 տոկոսը: Ընդ որում, Հայաստանի ՀՆԱ-ն տարածաշրջանում ամենափոքրն է: