ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի Ռուբեն Թաթուլյանը Հայաստանի ներդրողների ակումբի միջոցով երբևէ ներդորւմ չի կատարել, ի պատասխան «Ազատության» հարցմանն այս մասին նշել է ներդրումային ֆոնդի Գլխավոր գործադիր տնօրեն Պարույր Ամիրջանյանը։
Ավելին՝ «Ազատությանն» ուղարկված նամակից պարզ է դառնում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբը» մինչ այս պահը որևէ անդամ կամ ինչպես ներդրումային ֆոնդի դեպքում է ճիշտ անվանել՝ փայատեր չունի։ Պատասխանի մեջ, մասնավորապես, ասված է․ ֊ «Ֆոնդի ակնկալվող փայատերերի միջոցները կներգրավվեն (ֆոնդի փայերի գնման եղանակով) ծրագրերի նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո միայն։ Այսպիսով, Ֆոնդն այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից միջոցների ներգրավման խնդիր դեռևս չունի, Ֆոնդի փայատերեր առայժմ գրանցված չեն և առ այսօր գրանցված չեն եղել»։
Մինչդեռ այս տարվա մայիսին, երբ Թաթուլյանի անունը կրկին հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը հայտարարել էր, թե ներդրողների ակումբը ունի 30 անդամ, որոնց թվում է նաև Ռուբեն Թաթուլյանը։
«Հայաստանի ներդրողների ակումբը» ստեղծվեց այս տարվա հունվարին։ Խորհրդարանական ընտրություններում հանրապետականների քարոզարշավը գլխավորող Կարապետյանը ակումբի անունից միլիոնավոր դոլարների ներդրման մասին էր հայտարարում՝ ընդգծելով, որ ջերմ հարաբերությունների մեջ է ակումբի բոլոր անդամների հետ։
2017թ․ որքա՞ն ներդրում է կատարվել Հայաստանում ակումբի կողմից, պատասխան նամակում չի հստակեցվում, նշվում է միայն, որ ընթացքի մեջ են ներդրումային ծրագրերից երկուսի նախապատրաստական աշխատանքները և, հաշվի առնելով ծրագրերի բարդությունն ու ծավալը, դրանք կշարունակվեն ևս 10-14 ամիս։
Կընդունի՞ ֆոնդը արդյոք դրամական միջոցներ Ռուբեն Թաթուլյանից՝ «Ազատության» այս հարցին, ներդրումային ֆոնդից պատասխանել են․ ֊ «Ֆոնդի փայատեր կարող է դառնալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ՝ ֆոնդի կառավարումն իրականացնող ընկերության` «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ Տնօրենների խորհրդի կողմից հաստատմամբ և պայմանով, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, որևէ կերպ առնչություն չի ունեցել փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ»:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի մի շարք «օրենքով գողերի» և նրանց ֆինանսավորողների նկատմամբ: Այդ ցանկում հայտնվել էր նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը և նրան պատկանող երկու ընկերություններ։ Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ - «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում և 2010-ին նշանակվել է որպես Սոչիի «նայող»։
Թաթուլյանը նաև Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի, սակայն, թե ինչի համար և երբ է նրան տրվել այն, արտգործնախարությունը մինչ օրս չի պարզաբանել: