Մատչելիության հղումներ

Փաստաբանները պահանջում են անհատականացնել «Սասնա ծռերի» մեղադրանքները


Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով 11 ամբաստանյալների դատավարությունը։

Դատական նիստի մեկնարկից անմիջապես հետո մեղադրյալները հայտարարեցին, որ չեն ուզում ներկա լինել ապացույցների հետազոտմանը և դատավորի թույլատվությամբ լքեցին նիստերի դահլիճը։

Ապացույցների հետազոտման սկզբում փաստաբանները հայտարարեցին, որ մեղադրանքները անհատականացված չեն և պարզ չէ, թե կոնկրետ որ մեղադրյալը ինչ գործողություններ է արել։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, մասնավորապես, նշեց, որ եթե, օրինակ, որևէ մեկը մեղադրվում է պատանդ պահելու մեջ, ապա պետք է նշվեր, թե քանի հոգու է պատանդ պահել, ում և կոնկրետ ինչ գործողություններ է կատարել, որ պատանդ է վերցրել ՀՀ քաղաքացիներին։ Փաստաբանը հայտարարեց, որ նման բան մեղադրանքում չկա, ինչը վկայում է այն մասին, որ նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդման։

Ի պատասխան՝ մեղադրող դատախազները նշեցին, որ ապացույցները կոնկրետացված են, սակայն դրանց մասին իրենք հետագա փուլում կհայտարարեն։ Փաստաբանները հակադարձեցին, թե դեռ նախաքննության ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ ապացույցները կկոնկրետացվեն, բայց արդեն դատաքննության փուլ է և նույն հայտարարություններն են հնչում։ Մեղադրող դատախազները նշեցին, որ դա իրենց մարտավարությունն է, ինչը ամենևին չի նշանակում, թե իրենք ոչ պրոֆեսիոնալ են վերաբերվում այս գործին։

Մինչ այդ, դատական նիստի մեկնարկին հայտարարվեց, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացի Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել է և նա չի կարող ներկա լինել նիստերի դահլիճում։ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը կրկին հայտարարեց, որ Եղնուկյանի և մյուս երեք հոգու մասերը պետք է առանձնացվեն այս գործից, քանի որ նրանք ՊՊԾ գունդը չեն գրավել։ Խոսքը նաև «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի, ինչպես նաև Մանվել Աթոյանի ու Վարդգես Գևորգյանի մասին է։ Վերջին երկուսը, ըստ մեղադրանքի, փորձել են միանալ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, բայց իրենց կամքից անկախ պատճառներով հանցագործությունը չեն կարողացել ավարտին հասցնել։

Հայրապետյանը ընթերցեց Կարո Եղնուկյանի նամակը, ով առաջարկում էր ապացույցների հետազոտման ժամանակ սկզբում իրեն առնչվող ապացույցները հետազոտել։ Եղնուկյանի փաստաբանը նշեց, որ եթե այդ ապացույցները սկզբում ներկայացվեն, կվերանան նրան կալանքի տակ պահելու հիմքերը և Եղնուկյանը ստիպված չի լինի մեկ կամ երկու տարի սպասել իրեն վերաբերող որոշումների կայացմանը։

Դատավորը հայտարարեց՝ հաջորդ նիստին կքննարկեն այս հարցը։

Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ՊՊԾ գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը պահանջող «Սասնա ծռեր» զինված խումբը մոտ երեք տասնյակ անդամներով գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։ Նախաքննական մարմինը ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրում է Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Վերջիններս արդեն մի քանի օր է հացադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG