Մատչելիության հղումներ

Շարմազանովը հորդորում է հարգել «Ռոբսոնի» անմեղության կանխավարկածը


Սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը, արխիվ
Սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը, արխիվ

Իշխող Հանրապետականի խոսնակը հորդորում է հարգել անմեղության կանխավարկածը և չմեղադրել մարդկանց հանցագործության մեջ, քանի դեռ չկա դատարանի որոշում: Այս մասին, այսօր հրավիրած ասուլիսում շեշտեց Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք ազգությամբ հայ, սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանի կողմից Հայաստանում կատարված կամ կատարվելիք ներդրումները իշխանությունների համար ընդունելի են:

Նշենք, որ «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կազմված ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» ցանկում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Ըստ ԱՄՆ֊ի, Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում:

«Ինչ վերաբերում է օրենքով գողերին ֆինանսավորելուն և այլն, ես կարծում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը նախևառաջ ժողովրդավարական արժեքներ դավանող ռադիոկայան է, իսկ ժողովրդավարությունը պահանջում է անմեղության կանխավարկած հարգել: Եթե մարդու նկատմամբ չկա դատական ատյանի որոշում, ուրեմն այդ մարդը չի կարող հանցագործ համարվել: Ես ո՛չ պաշտպանում եմ, ո՛չ էլ չեմ պաշտպանում: Ես պարզապես ֆիքսում եմ փաստը», - հայտարարեց Շարմազանովը:

«Ազատության» դիտարկմանը՝ «այսինքն էական չէ՞, որ նա Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության սև ցուցակում է հայտնվել, ՀՀԿ խոսնակն արձագանքեց․ - «Սա իմ լիազորությունների շրջանակներում չէ»:

Մեր հարցին՝ «քաղաքական գնահատական կարո՞ղ եք տալ՝ նմանօրինակ անձանցից ֆինանսական ներդրումներ ունենալը Հայաստանի համար անընդունելի է, թե՞ ընդունելի է», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ - «Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ներդրումները և աղբյուրները պետք է լինեն օրինական, բայց որպեսզի դու ասես՝ դա օրինական է, թե չէ՝ որևէ քաղաքացու նկատմամբ վերդիկտ մի ներկայացրեք նախօրոք, քանի դեռ չկա պաշտոնական որոշում»:

Ի դեպ՝ թեև վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը օրերս պարզաբանել էր, թե Թաթուլյանը Հայաստանի ներդրողների ակումբի անդամ չէ, սակայն հենց այս տարվա մայիսին Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը հաստատել էր՝ Թաթուլյանը Ներդրողների ակումբի 30 անդամներից մեկն է և նրա հետ համագործակցությունը շարունակվելու է: - «Կառավարության տեսանկյունից մենք այդտեղ խնդիրներ չենք տեսնում», - հավելել էր փոխնախարարը:

Հիշեցնենք՝ Թաթուլյանի անունը մամուլում ակտիվորեն սկսեց շրջանառվել այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին Չեխիայի ոստիկանությունը տեղեկացրեց, որ Կարլովի Վարիում փաստաթղթերի ստուգման ընթացքում, Ռուբեն Թաթուլյանը ստուգման է ենթարկվել ոստիկանության կողմից: Սակայն նա դիվանագիտական անձնագիր է ներկայացրել: - «Քանի որ նա ոչ մի խախտում չէր կատարել, նրա նկատմամբ ոչ մի գործողություն չի իրականացվել», - այդ մասին «Ազատությանը» հայտնել էին Չեխիայի ոստիկանությունից:

Թե ինչպե՞ս և ինչի՞ համար էր Թաթուլյանը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ստացել, այն ժամանակ Հայաստանի արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել էր պարզաբանել՝ ընդամենը ասելով, թե գործարարին Հայաստանի դիվանագիտական անձնագիր տրամադրվել է օրենքով սահմանված կարգով:

Այն բանից հետո, երբ «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանը հայտնվեց արդեն ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակում իբրև օրենքով գողերին ֆինանսական աջակցություն տրմադրող անձ, «Ազատությունը» ևս մեկ անգամ դիմեց Հայաստանի արտգործնախարարի խոսնակին, խնդրելով պարզաբանել, արդյո՞ք Թաթուլյանին դիվանագիտական անձնագիր տրամադրելուց առաջ ստուգվել է, թե նա ի՞նչ կապ ունի «օրենքով գողերի» հետ և արդյո՞ք ԱՄՆ սև ցուցակում հայտնված անձը, հանդիսանալով Հայաստանի ներդրողների ակումբի անդամ, կասկածի տակ չի դնում Հայաստանի միջազգային հեղինակությունը: Արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանը մի քանի օր անց արձագանքել է մեկ նախադասությամբ՝ «Ժամանակին Ձեզ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Թաթուլյանին դիվանագիտական անձնագիրը տրվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հավելյալ մեկնաբանություն այս պահին չունենք»:

Իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր նույնպես հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչպես է ԱՄՆ սև ցուցակում հայտնված անձը դիվանագիտական անձնագիր ստացել՝ հորդորելով դիմել Արտգործնախարարությանը:

«2018 թվականը կգա՝ բարին հետը»

Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով

Քանի որ իշխող Հանրապետականի խոսնակն այսօր հանդիպել էր լրագրողներին անցնող 2017֊ը ամփոփելու նպատակով, Էդուարդ Շարմազանովին ուղղեցինք այս տարվա ընթացքում նրան ամենաշատը տրված հարցը՝ արդյո՞ք 2018֊ի ապրիլին Հանրապետականը վարչապետի պաշտոնում կընտրի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին: Եթե Հանրապետականները շեշտում են, թե շատ են ցանկանում, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ և որ նա անփոխարինելի է այդ պաշտոնում, ինչո՞ւ այդ դեպքում Սերժ Սարգսյանը չի խոսում իր մտադրությունների մասին, ինչից է խուսափում՝ մինչև վերջ պահելով ինտրիգը:

«Գայթակղությունը շատ մեծ է՝ տրվել Ձեր պրովոկացիաներին և ասել՝ խուսափում է, չի խուսափում, բայց ես կլինեմ շարմազանովական ոճի մեջ՝ 2018 թվականը կգա՝ բարին հետը: Կքննարկենք, կպատասխանենք: Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր և՛ Կարեն Կարապետյանի համար, և՛ ինձ համար, և՛ Վիգեն Սարգսյանի համար: Մեր լիդերը Սերժ Սարգսյանն է, մեր լիդերը 2018 թվականին ո՞ր պաշտոնում կլինի, կլինի, թե չի լինի՝ 2018 թվականը կգա՝ մենք իր գլխավորությամբ բոլորս կքննարկենք», - պատասխանեց Շարմազանովը:

Դե իսկ մինչ կգա 2018֊ը՝ լրագրողները խնդրեցին Էդուրարդ Շարմազանովին ասել, թե 2017֊ի ընթացքում որո՞նք են եղել Հանրապետականի հաջողություններն ու ձախողումները: Պարզվեց՝ իշխող ուժը ձախողումներ չի ունեցել:

«Ձախողում չի եղել, ի՞նչ ձախողման մասին է խոսքը», - պատասխանեց ՀՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG