Մատչելիության հղումներ

«Ռոստեխ»-ի ղեկավարը ներկայացրել է ռուս-թուրքական ռազմական խոշոր գործարքի որոշ մանրամասներ


Ռուսաստան - С-400-ները Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Ռուսաստան - С-400-ները Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է S-400 (С-400) հակաօդային պաշտպանության չորս համակարգ: Գործարքի արժեքը 2 միլիարդ 500 միլիոն դոլար է: Այս մասին «Կոմերսանտ»-ին այսօր ասել է ռուսական պետական «Ռոստեխ» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

Նա նշել է, որ երկու երկրների ֆինանսների նախարարությունները ավարտել են վճարումների հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, մնում է, որ դրանք վերջնական հաստատվեն: Անկարան վճարելու է գործարքի արժեքի 45 տոկոսը, իսկ մյուս 55 տոկոսը վճարելու համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրելու:

Չեմեզովը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգ է գնում: Հակաօդային պաշտպանության սպառազինության առաջին խմբաքանակի առաքումը նախատեսվում է կատարել 2020-ի մարտին:

Արևմուտքին անհանգստացրել է ռուս-թուրքական ռազմական խոշոր գործարքը: Անցած նոյեմբերին Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում հայտարարել էր, որ Անկարան ստիպված է կատարում այդ քայլը: Բինալի Յըլդըրըմը ասել էր, որ Թուրքիան հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ չունի, ցանկացել էին ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, բայց ԱՄՆ-ի անհրաժեշտ աջակցությունը չէին ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG